Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն

«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
294
Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 22:06

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Հուլիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղադրման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախման ռիսկի և որ այդ գործընթացներն իրականացնելիս կառավարությունը գործելու է քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի և դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտած դիքորոշումը մի շարք պատճառներով, մասնավորապես.
• Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հիմնավորումներից մեկն այն էր, որ առաջացել էր վտանգ պատերազմական գործողությունների Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելու և ավելի լայնածավալ բնույթ ստանալու համար.
• Նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր, որոնց ապահովման և իրականացման համար ռուսական կողմի միջնորդությամբ և պատասխանատվությամբ պետք է արդեն իսկ կատարված լինեին (ռազմագերիների վերադարձ, տեղահանվածների վերադարձ, կրակի դադարեցում և այլն), շարունակվում է մնալ չլուծված և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության շահերի և հայ ժողովրդի անվտանգության դեմ.
• Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինված ստորաբաժանումները շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և այդ հատվածներում ուժի կիրառմամբ պարբերաբար իրականացնում են տարաբնույթ հարձակումներ հայկական դիրքերի, բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ՀԱՊԿ անդամ երկիր, որին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել էր և չէր ստացել որևէ ռազմաքաղաքական աջակցություն.
• Փաստացի չեն գործում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի կետերը, որով ռուսական կողմը, որպես ռազմավարական դաշնակից, պետք է ապահովվեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև ռազմական միջամտությամբ.
• Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետ ունեցած հարաբերությունները, կնքված պայմանագրերը, անվտանգային և տնտեսական համակարգերում սերտ համագործակցությունները ի վերջո չեն զսպել և չեն զսպելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հակահայկական հայտարարություններ անելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ուժի սպառնալիքի ներքո հայկական կողմից զիջումներ ստանալու գործում.
• Հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղակայմամբ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելն այս պահին անընդունելի է, քանի որ հայկական կողմի համար առաջ են գալու նոր մարտահրավերներ, որոնք էլ ավելի են բարդացնելու արցախյան հիմնախնդրի կարգավորումը, մասնավորապես սահմանների ճշգրտմամբ ադրբեջանական կողմը հայկական կողմից փորձելու է ստանալ տարածքային ամբողջականության ճանաչում.
• Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության հատկապես վերջին շրջանում հանդես է գալիս որպես «հաշտարար» և միջնորդ այն դեպքում, երբ ակնհայտ կերպով ոտնահարվում են իր դաշնակից Հայաստանի Հանրապետության շահերը, չեն դատապարտվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայատյաց ու ծավալապաշտական հայտարարությունները, չեն կիրառվում սանկցիաներ տարածաշրջանն ապակայունացնող ադրբեջաթուրքական ագրեսիան զսպելու համար.
• Հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը, սահմանազատումն ու սահմանագծումը, ենթակառուցվածքների անխափան աշխատանքը, տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չեն կարող դիտարկվել արցախյան հիմնախնդրի կարգավորման տիրույթից դուրս.
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, վերընշված իրողությունները հաշվի առնելով, դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սույն թվականի հուլիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, միևնույն ժամանակ հիշեցնում, որ 2021թ. Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղակայմամբ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար որևէ քաղաքական ուժի մանդատ չեն տվել»: