Շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու, ինչպես նաև՝ միջանցքի հարցը». Աշոտյան

«Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու, ինչպես նաև՝ միջանցքի հարցը». Աշոտյան
288
Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 00:48

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց՝ պետք է անել ամեն ինչ՝ գործող խորհրդարանի վախճանը մոտեցնելու համար, որովհետև այն տեսակ երկրում, որտեղ կան այս աստիճանի անվտանգային մարտահրավերներ, չի՛ կարող լինել մի Ազգային ժողով, որի քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդամենը ծանր փաստաթուղթ է։

«ԱԺ նիստը նայում ես՝ խելագարվում ես այդ լկտիությունից։ Մոռանում են, որ նոյեմբերի 9-ից հետո 66 տղա է զոհվել, մոռանում են, որ այդ օրվանից հետո 85 գերի ունենք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Դիտարկմանը, թե մի կողմից՝ ինքը խոսում է գործող ԱԺ-ի վախճանը մոտեցնելու մասին, մյուս կողմից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն ընդդիմադիրներին ձեռք են մեկում՝ հրավիրելով կառուցողական աշխատանքի, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Մեկնած այդ ձեռքն արյունոտ է։ Այդ ձեռքը թուրքին է բավարարել ու պատմության ընթացքում չի մաքրվելու։ Եթե մուսուլմանների մոտ միայն ձախ ձեռքն է համարվում կեղտոտ, ապա նրանց երկու ձեռքն է կեղտոտ»։

Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ որքան էլ իշխանությունը հայտարարի, որ ներքաղաքական ճգնաժամը լուծվել է այս արտահերթ ընտրություններով, ինքը պնդում է հակառակը՝ ճգնաժամը տեղափոխվել է Ազգային ժողով, և ասվածի ապացույցն է այն, որ առաջին անգամ ԱԺ նախագահի ընտրության հարցը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարանական գործիքակազմն օգտագործելու հնարավորություններին՝ Արմեն Աշոտյանը կարևորեց դրանցից մեկը, որով հնարավորություն կունենան Հանրապետական կուսակցության ունեցած դիվանագիտական հնարավորությունները համադրել խորհրդարանում ունեցածի հետ՝ արտաքին հարաբերությունների զարգացման համատեքստում։

«Համատեղ աշխատանքի ճակատ կա, որը մեր միջոցով ուժեղացնելու է Հայաստանի և ՀՀ ներկայացվածությունը արտերկրում՝ ՌԴ-ում, ԵՄ-ում և այլ ռազմավարական տարածքներում»,- ասաց Աշոտյանը՝ շեշտելով, որ անհույս է որևէ ակնկալիք ունենալ արտաքին քաղաքականության հարցում գործող քաղաքական մեծամասնությունից, ինչն ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որի մասին բարձրաձայնեց երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Արմեն Սարգսյանի երեկվա խոսքի մեջ ցավ չկար, եկել էր Հայաստան, որ ի՞նչ աներ, այդ ինչե՞ր էր խոսում։ Ես կգերադասեի՝ մնար Տոկիոյում, գոնե Արթուր Ալեքսանյանի մրցման ժամին Հայաստանի դրոշը կբռներ։ Ընդհանրապես միակ մարդը, որի խոսքի մեջ երեկ ցավ կար, դա Վեհափառն էր։ Միակ մարդը, որը խոսելու իրավունք ուներ, նա էր։ Կրկնում եմ՝ Սարգսյան Արմենը ավելի մեծ գործ արած կլիներ, եթե մնար Տոկիոյում։ Բացի այդ, լավ կանի սուսիկ-փուսիկ նստի իր տեղը, որովհետև Նիկոլը նրան էլ է հանելու։ Իշխանության վերարտադրության ռազմավարության մեջ դիտարկվում է Արմեն Սարգսյանին փոխարինելու հարցը։ Գիտե՛ք, Նիկոլ Փաշինյանը սրիկա է, բայց ինքն իր հոգու խորքում ավելի շատ հավանում է այն մարդկանց, որոնք իրեն դիմադրում ու պատասխան են տալիս»,- ասաց Աշոտյանը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նույնն է նաև Արցախի մնացյալ հատվածի նախագահ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ։

«Արայիկ Հարությունյանի գոյության հետ համակերպվել եմ միայն նրա համար, որովհետև վստահ չեմ, որ եթե նա գնա, չի լինի Արցախի վերջին նախագահը, ինքն էլ գիտի, որ Արցախում նրան մարդիկ յոլա են տանում, որովհետև չկա երաշխիք, որ նրան հանելով՝ հնարավոր կլինի Արցախում համապետական ընտրություն կազմակերպել»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Արցախի հետ կապված՝ ՀՀ իշխանությունը ունի նաև մեկ այլ օրակարգ։

«Կա երկու օրակարգ՝ իրական, որից տեղյակ են Ալիևը-Պուտինը-Նիկոլը, և այն, որը հրամցնում են մեզ։ Նիկոլը խոստում է տվել Ալիևին, վկա է Պուտինը, և հիմա սահմանային լարվածությունը իր խոստման ընթացքի գինն է, ու սա դեռ սկիզբն է։ Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու հարցը, ինչպես նաև միջանցքի հարցը»,- ասաց Աշոտյանը՝ շեշտելով, որ տրված խոստումներին զուգահեռ՝ վերընտրված իշխանությունը դեռ չի հասկացել, որ ռուսական դիրքորոշումներում եղել է փոփոխություն։

«Չեն հասկանում, որ Ռուսաստանը փոխել է իր արտաքին քաղաքականությունը. ռուսական կոնցեպտը լրիվ ուրիշ է դառնում»,- ասաց նա։

Հացազրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու հարցը, ինչպես նաև՝ միջանցքի հարցը». Աշոտյան