Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետք չէ «մուննաթ» գալ, թե՝ էս չէ՞ ձեր ընտրածը»․ Հ․ Բադալյան

«Պետք չէ «մուննաթ» գալ, թե՝ էս չէ՞ ձեր ընտրածը»․ Հ․ Բադալյան
275
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 02:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Շիլա և շփոթ, կամ շփոթ և շիլա
Հիմա, մի կարծիք հայտնեմ, որը դուր կգա թերևս քչերին: Բայց, Հայաստանի խորհրդարանն այն է, ինչ կա Հայաստանում՝ քաղաքական դաշտի առումով: Եվ պետք չէ վերադառնալ հանրության վրա «մուննաթ» գալու տեղապտույտին, թե՝ էս չէ՞ ձեր ընտրածը:
Հանրության ընտրությանն արժանանալու համար պետք է աշխատել, աշխատել, աշխատել: Դա էլ նշանակում է նախ առարկայորեն վերլուծել, հասկանալ, թե ինչու է օրինակ ինձ տրվում քիչ ձայն: Որովհետև մարդիկ ինձ չե՞ն հասկանում: Իսկ գուցե ե՞ս չեմ հասկանում, թե ինչպես են գնահատում ու ընտրում մարդիկ:
Դեռևս մինչ հեղափոխությունը այդ առիթով բազմաթիվ անգամներ գրել եմ, որ անցել, սպառվել է՝ քաղաքական հաջողության «նա վատն է, ես լավն եմ» բանաձևը, եթե երբևէ էլ աշխատած եղել է:
Հանրության ընտրությանը պետք է արժանանալ գործով, կարևոր չէ փոքր, թե մեծ: Գործով, հաջողության որևէ պատմությամբ՝ մեծ, թե փոքր: Մարդիկ շատ լավ գնահատում են գեղեցիկ խոսքը, տպավորիչ խոսքը, բայց նաև նույնքան լավ հասկանում, որ գեղեցիկ խոսքն այլևս համոզիչ չէ: Առավել ևս տեղեկատվական տեխնոլոգիաների, իմա՝ պլագիատի դարում, երբ գեղեցիկ խոսք առնվազն անգիր անել կարող են շատ շատերը:
Ըստ այդմ, մարդիկ չափում են իրավիճակը գործնականում, թե ինչ շոշափելի, առարկայական հաջողության օրինակներ է մատուցում այս կամ այն ուժը: Այլապես գերակշռող մեծամասնությամբ լսում են՝ մենք ինչ լավն ենք, բայց որքան չգնահատված: Էդպես չի լինում:
Հայաստանում քաղաքական հաջողության բանաձև պետք է փնտրել հանրությանն առարկայական գործնական կարողություն մատուցելու դաշտում, ու արդյունքը սպասեցնել չի տա: Սա իհարկե հեշտ ու կարճ ճանապարհ չէ: Բայց քաղաքականության մեջ չի լինում հեշտ ճանապարհ:
Մի մարդկային-կենցաղային հարթության մեջ օրինակ: Տարիներ առաջ լրագրողական առիթով ԱՄՆ-ում էի: Եղավ տարբեր սոցիալական աստիճանի և զբաղունքի տեր մարդկանց հետ շփվելու, ընդ որում տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ Մերձբալթյան երկրներից մինչև Հնդկաստան, նրանց ընտանիքներում լինելու հնարավորություն: Յուրաքանչյուրն ուներ իր խնդիրները, իր դժգոհությունները, իր անհաջողությունը, և կար ընդհանուր մի բան՝ նրանցից ոչ ոք չէր ասում, թե «սա ապրելու տեղ չէ»: Բոլորը իրենց անհաջողության մասին խոսում էին էն համատեքստում, որ իրենք ինչ-որ բան այնքան կամ այնպես չեն արել կամ չեն կարողանում անել, որ ունենան ավելի լավ արդյունք:
Ու սա թերևս մարդկային, հանրային մտածողության առանցքային հատկանիշ է՝ սեփական գործունեության արդյունքի հետ կապված հարցերի պատասխանները փնտրել ներսում, վերածել այսպես ասած ինքնաքննադատության, կյանքի հանդեպ «մուննաթի» փոխարեն: Այդպիսի մարդիկ են դառնում ուժեղ և ունենում հաջողություններ, այդպիսի մարդկանց մեծամասնությամբ հանրություններն են լինում ուժեղ և հասնում հաջողության:
Չգիտեմ՝ որքան համարժեք էր օրինակը, բայց մենք կենցաղից մինչև մասնագիտական տիրույթ, մեր «աշխարհայացքը» կառուցում ենք մեր որևէ արդյունքի համար նույիսկ ավանսով արտաքին պատճառներ փնտրելու վրա: Ցավոք սրտի, սա սերունդներով եկող մտածողություն է, որ արդեն ուժեղ է մեզանից:
Մեր արդիականացումն ու զարգացումը, բոլոր առումներով, կախված է թերևս այն հանգամանքից, թե որքան է լինելու հանրային կենսագործունեության տարբեր ոլորտներում այդ մտածողությունից ուժեղ մարդկանց տեսակարար կշռի պրոգրեսիան»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան