«Նազենին դեռ փառք է. Շուշան Պետրոսյանը կոյուղաջուր-հայրենասիրության ամենավառ օրինակն է». Նարեկ Սարգսյան
680
Կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ., 03:06
Ջութակահար Նարեկ Սարգսյանի գրառումը. «Ինձ հաճախ են հարցրել՝ Նարե՛կ, խի՞ ես Նազենիի մասին էդքան գրում: Մի քիչ առաջ մտա Նազենիի էջ, կարդում եմ. «Նորմալ հայ մարդը, անկախ ամեն ինչից, իր օրը պիտի ապրի ինչ-որ արժեք ստեղծելով, մի փչացած բան «նորոգելով» ու մի հայրենակցի գոնե օգնելով: Կյանքի տեսլականը եղա՞վ դա, գուցե մի օր ոտքի կանգնենք ամուր»: Առաջին հայացքից թվում է, թե սա օգտակար, ճիշտ, խելացի միտք է: Որովհետև ի՞նչ վատ բան կա արժեք ստեղծելու կամ հայրենակիցներին օգնելու մեջ: Իրականում, սակայն, այսպիսի միտք կարող է արտահայտել մարդը, որը բացարձակապես հեռու է պետական մտածողությունից: Կարող եք հարցնել՝ իսկ արդյոք Նազենի Հովհաննիսյանը պարտավո՞ր է պետական մտածողություն ունենալ: Իհարկե, պարտավոր չէ, քանի որ քաղաքական մտածող չէ, բայց երբ հանրային դեմքը գիշեր-ցերեկ շաղ է տալիս նման մտածողություն, դա, ուզես թե չուզես, թողնում է իր ավերիչ հետքը: Նազենի Հովհաննիսյանը շատերի համար դրական օրինակ է: Շատերը, հավանելով տիկին Հովհաննիսյանին, իրոք սկսում են մտածել, որ նորմալ երկիր կառուցելու համար պետք է օգնել ինչ-որ մեկին և «Օգտակար քաղաքացի» լինել: Դա, մեղմ ասած, հիմարություն է: Ավելի վատ բնորոշում չեմ տալիս: Կատարյալ հիմար պիտի լինել՝ այդպես մտածելու համար: Իրար օգնելով՝ կարելի է ստեղծել լավ ընտանիք, կարելի է ստեղծել լավ հոտ, կարելի է ստեղծել նույնիսկ լավ ցեղախումբ, բայց պետությունը իրար օգնելով չեն ստեղծում: Պետությունը ստեղծում են բռնությամբ և հարկադրանքով: Բայց դա ոչ թե վատ բռնի հարկադրանք է, այլ լավ բռնի հարկադանք, քանի որ բռնությունը կիրառվում է հավասարապես բոլորի վրա և այդ բռնությունը կոչվում է ՕՐԵՆՔ: Կա նաև վատ բռնություն, որը կիրառվում է անհավասար՝ ընտրովի. դա կոչվում է բռնապետություն: Պետությունը ստեղծում են ոչ թե բարեգործությամբ, այլ՝ փողի բռնագանձումով, բայց դա ոչ թե վատ բռնագանձում է, այլ լավ: Այդ բռնագանձումը կոչվում է ՀԱՐԿ և ՏՈՒՐՔ: Կա նաև վատ բռնագանձում, որը ընտրովի բռնագանձումն է, կամ դրանից ազատումը, որը կոչվում է ԳՈՂԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Պետությունը ստեղծում են ոչ թե կոչեր անելով, այլ մարդկանց իրավունքները ոտնահարելով, բայց ոչ թե վա՛տ ոտնահարում է, այլ լա՛վ, քանի որ կիրառվում է միայն լավ բռնությունը (օրենքը) արհամարողների վրա, այսինքն՝ հանցագործների և դա կոչվում է ԲԱՆՏ: Կա նաև իրավունքների վատ ոտնահարում, որը կատարվում է ընտրովի. այդպիսի բանտարկյալներին կոչում են քաղբանտարկյալներ: Ամուր պետությունը ստեղծում են ո՛չ թե կոչերով, քնարերգությամբ և Նազենի Հովհաննիսյանի կոնքերը ընդգծող նկարների ներքո գրած էժան պաթոսային բարի խրատներով, այլ զենքով, ոստիկանությամբ, բանակով, հարկայինով և մաքսայինով: Սա տարրական ճշմարտություն է, որը մարդիկ հասկացել են հազարավոր տարիներ առաջ դեռ: Աշխարհում չկա, չի եղել և չի լինի ոչ մի նորմալ պետություն, որը ստեղված լինի ոչ թե բռնությամբ, այլ սիրո կոչերով ու պաթոսով: Բոլոր այն պետությունները, ուր վազելով գաղթում են մեր հայրենակիցները, ստեղծվել են հենց այպիսի գործիքներով: Եթե մենք ուզում ենք այնպիսի պետություն ստեղծել, որ արտագաղթը վերածենք ներգաղթի, պիտի օգտագործենք նույն գործիքները: Հայաստանը նորմալ երկիր կդառնա ո՛չ թե այն ժամանակ, երբ Նազենի Հովհաննիսյանի կոչով բոլորը հանկարծ դառնան լավ բարի մարդիկ, այլ միայն ա՛յն ժամանակ, երբ Հայաստանում ապրելը մարդու համար լինի ձեռնտու, երբ փողը շատ լինի, երբ ապահով լինի, երբ պատերազմ չլինի, երբ բիզնեսը խրախուսվի, երբ սահմանները բաց լինեն, երբ էկոլոգիան և կրթությունը նորմալ լինեն ևն, ևն: Ո՛չ մի հայրենասիրություն չի օգնի, եթե երկրում ապրելը մարդու համար ձեռնտու չէ՝ ահա ճշմարտությունը: Իսկ ինչո՞վ են զբաղված Նազենի Հովհաննիսյանը, և մնացածները՝ պետության մասին գաղափար չունենալով՝ մտքեր հայտնելով, թե ինչ պիտի անի քաղաքացին որ երկիրը երկիր դառնա: Դեռ Նազենի Հովհաննիսյանը փառք ա: Էդ առումով ամենանողկալի երևույթը Շուշան Պետրոսյանն է: Ինձ համար Շուշան Պետրոսյանը հակապետական կոյուղաջուր-հայրենասիրության ամենավառ օրինակն է: Ամբողջ կյանք երգի Հայաստան-Հայաստան, բայց ամբողջ կյանքում զբաղված լինի Հայաստանը թաղողների հետ ընկերակցելով: Ու որ ամենավատն է՝ ինքը նույնիսկ չի էլ կասկածում, որ Զինվորների ու «Բանակի կողքին կանգնած լինելը» նույնիսկ մի տոկոսով չի հավասարակշռում այն վնասը, որ տվել է պետությանը ի ծնված օրվանից մինչև հիմա»: