Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրգործերի նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրգործերի նախաքննությունն ավարտվել է
280
Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 16:18

Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ. Պ-ն ու Ա. Գ-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին:

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Պ-ն 2021 թվականի հունիսի 18-ին հանդիպել է Արարատի մարզի բնակիչ Վ. Գ-ի հետ և ընտրություններին մասնակցելու ու «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նրան տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Գ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Ընտրողներին կաշառք տալու մեկ այլ դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 17-ին Ա. Գ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակչուհի Զ. Կ-ի հետ՝ նրա ու վերջինիս ընտանիքի անդամների կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Զ. Կ-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ, ապա՝ ընտրություններից հետո այդ նպատակով վերջինիս անձամբ տվել է 66.000 ՀՀ դրամ կաշառք:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Զ. Կ-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում՝ ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերից 16-ը 39 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: