«Առաջնահերթություն է ՀՀ-ից ադրբեջանական զորքերի հեռացումը». Էդմոն Մարուքյան
284
Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 13:22
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումներին: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները. 1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: 2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները: 3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ: 4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները: 5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը: 6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը: 7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը: 8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը: 9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ: 10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության: 11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները: 12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը: Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք, միանշանակ, բխում են Հայաստանի ազգային պետական շահերից: Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»: