«Երբ նշվում է՝ Երևանը չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ, ընթերցվում է մի «հռետորական» հարց՝ իսկ Իրա՞նը». Հակոբ Բադալյան
317
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 03:12
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեր հարևան և բարեկամ Իրանը թերևս ակնկալում էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ լոյալ վերաբերմունքը թույլ կտա դառնալ կամ մնալ այսպես ասած «ակումբի» անդամ Կովկասում, այստեղ էլ հիմնելով, այսպես ասած, Աստանայի ձևաչափ և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ՝ 3+3 ձևաչափով կառավարել ռեգիոնը: Նկատեք՝ այսպես կոչված 6-ի ձևաչափն ամենևին լոկ Թուրքիայի նախաձեռնությունը չէ: Այդ ձևաչափը «ձեռքին» ռեգիոնի երկրներ այցելել էր Իրանի նախագահի հատուկ բանագնացը դեռևս պատերազմի ժամանակ: Պարզապես, Թուրքիայի, այսպես ասած, 6-ի ձևաչափը երևի թե ենթադրում է այլ 3+3, այսինքն Իրանը ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի հետ է, այլ Հայաստանի ու Վրաստանի շարքում՝ ըստ թուրքական պատկերացման: Բնական է, որ Իրանի համար դա, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, որովհետև դե ֆակտո ստացվում է ոչ թե 3+3, այլ՝ 5-1+2, պայմանական իհարկե: Այսինքն, Ռուսաստան, Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, մինուս՝ Իրան, պլյուս՝ Հայաստան և Վրաստան: Խոշոր հաշվով թերևս սա է տեսնում Իրանը Թուրքիայի առաջարկած վեցի ձևաչափի ներքո: Արցախի դեմ ագրեսիայի հանդեպ լոյալ մեր հարևան և բարեկամ Իրանը, պատերազմից հետո չի ստանում իր ակնկալիքը: Մինչդեռ, Իրանն անգամ պատերազմի ընթացքում ռազմական մատակարարումների լոգիստիկ խնդիրներ է առաջացրել Հայաստանի համար: Ավելին, հիմք կա ենթադրելու, որ անգամ ռազմական գործողությունների խնդիրներ: Մասնավորապես, ադրբեջանցիները թերևս հմտորեն օգտագործել էր իրանական սահմանի գործոնը հարավում, երբ հայկական հակահարածները կարող էին հատել Իրանի սահմանը: Այդ հավանական խնդրի մասին դիտարկման հիմք է պատերազմի ժամանակ մեր ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումն Իրանի դեսպանի հետ, որում հայկական կողմը նշել էր, որ կարող է պաշտպանության համար դիմել նաև գործողությունների, որոնք ակամա կթիրախավորեն Իրանի տարածքը: Մինչդեռ, Ադրբեջանի պարագայում կարծես թե հայտնի չէ Իրանի դեսպանի հետ այդպիսի հանդիպումների մասին, և ավելին՝ հայտնի, թե ինչպես են ադրբեջանական հրթիռներ կամ անօդաչուներ հայտնվել Իրանի տարածքում, նաև կասկածներ, որ ռազմական օդանավերը մանևր են արել՝ օգտագործելով այդ տարածքը, թեև այստեղ, իհարկե, հաստատված տեղեկություն, այդուհանդերձ, չկա: Բոլոր դեպքերում, Թեհրանը իրեն բնորոշ դիվանագիտական ոճով փաստացի աջակցելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ թեև տարիներ շարունակ հայտարարում էր, թե չպետք է թույլ տալ ռեգիոնում երրորդ երկրի զինուժի ներկայություն, մինչդեռ բացառվում էր պատերազմ առանց այդպիսի ելքի, փաստորեն հետպատերազմյան փուլում չի ստանում ակնկալիքը՝ Կովկասում էլ աստանայի ձևաչափ: Ավելին, մեծ հավանականությամբ Իրանը կարող է կորցնել այդ ձևաչափը նաև Սիրիայի հարցում: Հիշենք, ե՞րբ է վերջին անգամ Սիրիայի հարցում եղել այդպիսի էական հանդիպում, Պուտին-Էրդողան բավականին ինտենսիվ շփումների ֆոնին: Ահա այս ֆոնին, երբ Հայաստանի վարչապետը նշում է, որ Երևանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ որևէ դավադրության մեջ, դրա առիթով թերևս ընթերցվում է մի «հռետորական» հարց՝ իսկ Իրա՞նը: Ընդ որում, եթե չի դավաճանում հիշողությունս, Իրանի դեմ որևէ դավադրության չներքաշվելու մասին Երևանը հայտարարում էր նաև 2020 թվականի հունվար-փետրվարին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփի հաստատումով Իրանն ստացավ բավականին ուժեղ հարված՝ սպանվեց գեներալ Սոլեյմանին: Ի դեպ, այդ սպանությունից հետո հոդվածով կարծիք եմ հայտնել, որ այդ իրադարձությունը մեծ հավանականությամբ բերելու է մերձավորարևելյան ռեգիոնում Իրանի հանդեպ ՌԴ և Թուրքիայի դիրքերի ուժգնացման և Աստանայի ձևաչափի խնդիրների»: