Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևի բրյուսելյան հայտարարությունն ուշադրության է արժանի մեկ այլ առումով»․ Հակոբ Բադալյան

«Ալիևի բրյուսելյան հայտարարությունն ուշադրության է արժանի մեկ այլ առումով»․ Հակոբ Բադալյան
322
Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 21:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ալիևը Բրյուսելում հայտարարում է, որ ինչպես Լաչինի միջանցքն է, այդպես էլ պետք է լինի «Զանգեզուրի միջանցքը»: Նա փաստորեն բավականին բացում է խաղաքարտերը:
Նոյեմբերի 9-ից հետո տարբեր առիթներով գրել եմ, որ Ալիևի համար «միջանցք» ասվածն իրականում ոչ թե ապաշրջափակման թեմայի հարց է, այլ խաղաքարտ, որ նա վերցնում է երկար օգտագործման համար՝ արցախյան հարցի հեռանկարի համատեքստում: Վերջին շրջանում, երբ խոսվում էր, թե փակ է միջանցքի թեման, մի քանի անգամ գրել եմ, որ այդ թեմայից Ալիևը չի հրաժարվելու և այդ թեման նա անընդհատ պահելու է բաց՝ արցախյան գործընթացի հաշվարկով: Հետևաբար, Երևանի համար այս խնդիրն անընդհատ սպասարկում պահանջող խնդիր է, հետևաբար, թե՛ պաշտպանական, թե՛ դիվանագիտական աճող ռեսուրս պահանջող խնդիր:
Մեծ հաշվով, ալիևյան պահվածքում թերևս անսպասելի ոչինչ չկա: Ալիևի այս բրյուսելյան հայտարարությունն ուշադրության է արժանի մեկ այլ առումով: Ոչ նրանով, որ նախորդում է Բրյուսելի հանդիպմանը: Ավելի շուտ նրանով, որ հաջորդում է հայ-թուրքական կարգավորման հատուկ ներկայացուցիչների մասին Անկարայի ու Երևանի հայտարարություններին:
Որքան էլ Չավուշօղլուն ասում է, որ գործելու են Ադրբեջանի հետ համադրված, Ալիևը չունի դրա որևէ երաշխիք և ավելին, ունի մեծ կասկած, որովհետև լավ է պատկերացնում, որ Թուրքիայի համար հարցերն ունեն այլ մասշտաբ ու հետևաբար արժեք, իր համար՝ այլ: Այդ համատեքստում հետաքրքիր է, որ Անկարայից ու Երևանից հնչում է մի սպասվող քայլի մասին, որն ունի ընդհանուր լարվածության նվազման բնույթ, ու հանկարծ Ալիևը դրանից անմիջապես հետո Բրյուսելում անում է լարվածությունը բարձրացնող հայտարարություն: Մի՞թե Ալիևի համար Չավուշօղլուի հայտարարությունը եղել է ոչ միայն անցանկալի, այլ նաև անսպասելի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան