«Հորդորում եմ փոխել քարոզչության ոճն ու շեշտադրումները». Հրանտ Խաչատրյան
543
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 01:06
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը. «ՀԻՇԵՔ. ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է Հայերին 6 կողմից սպառնում, ահաբեկում ու վախեցնում են՝ սկսած թրքահաճո ՔՊ-ով, մինչև Աստծո ահեղ դատաստանով՝ կատարած սխալների համար։ Այդպիսի քարոզչությունից «հայրենասիրական» մղումներով հետ չեն մնում նաև հայ քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու «անկախ» քարոզիչները։ Իսկ ինչպես գիտենք երկու վախը մի մահ է։ Ոչ ոք, մեզնից բացի, այս աստիճանի չի լարում ու ճնշում իր սեփական ժողովրդին։ Օրինակներ Ուկրաինական պատերազմի հետ կապված. Արևմտամետ քարոզչությունն ասում է, որ սահմանափակումներից չարիքի կայսրությունը, Ռուսաստանը, հաստատ կկործանվի, բայց Պուտինի սեղմած կոճակից միջուկային մարտագլխիկով հրթիռը չի թռնի, կամ տեղ չի հասնի։ Քանի տոկոս հավանականությամբ՝ լռում են։ Ռուսամետ քարոզչությունն ասում է, որ դժվար կլինի, բայց իրենք կկործանեն ստի կայսրությունը, կկանգնեցնեն ՆԱՏՕ-ի սողացող առաջխաղացումը։ Քանի որ իրենք ուժեղ են ու համայն մարդկության առջև առաքելություն են իրականացնում (հենվում են երկրորդ համաշխարհայինում իրականացրած փաստի վրա): Քանի տոկոս հավանականությամբ՝ լռում են։ Մերոնք, ճիշտ է ճամբարների տրոհված ու տարբեր զանգակատներից, բավ չէ ավելի գունազարդված հնչեցնում են օտարի տագնապները, մի բան էլ ավելացնում են «հայի բախտ» ընդհանուր վերնագրով ողբերն ու դաժան կանխատեսումները։ Իրականում աշխարհի ոչ մի ժողովուրդ մեզնից ավել պաշտպանված չէ հնարավոր միջուկային աղետից, իսկ բացահայտ կռվի բռնված աշխարհաքաղաքական բևեռներից, իրենց իսկ խոսքով կայսրություններից, ոչ մեկի լիակատար հաղթանակը մեզ էապես ավելի պայծառ ներկա, կամ ապագա չի երաշխավորում։ Չեմ առարկի, անվախ տեսակի մոտ մեծ տագնապը ադրենալին է ավելացնում։ Բայց ցավոք, բոլորը այդպիսին լինել չեն կարող։ Կարծում եմ հասկանալի է, կարճ կապեմ. Չեմ առաջարկում ժողովրդի հետ անկեղծ չլինել, կամ այսքան բաց աշխարհում գաղտնի ծրագրեր մշակել։ Հույսս քիչ է, որ ազգովի արագ կհամախմբվենք ու բոլորս նույն մեխին կխփենք։ Բայց տարիքով ավագի իրավունքով հորդորում եմ փոխել քարոզչության ոճն ու շեշտադրումները։ Ճշգրիտ գիտակցել մեր առաքելությունն ու դրա հետ կապված թեկուզ չնչին լավատեսությունը փոխանցել հույսի կարոտ մեր ժողովրդին։ Կյանքը շարունակվում է…»: