Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինչո՞ւ են հիշել Տեր-Պետրոսյանին». Սուրեն Սուրենյանց

«Ինչո՞ւ են հիշել Տեր-Պետրոսյանին». Սուրեն Սուրենյանց
367
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 19:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ինչո՞ւ են հիշել Տեր-Պետրոսյանին կամ՝ ի՞նչ է պետք խաղաղության օրակարգի համար
Երկու խմբեր ակնհայտ մանիպուլյատիվ հնարքներով փորձում են զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հիրավի պատմական «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու» պահը հոդվածի ու Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հուսահատ ելույթների միջև։
✓ Առաջին խումբը՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են:
Նրանց նպատակն ակնհայտ է՝ փորձում են քողարկել 2018-20թթ-ի իրենց արկածախնդրությունը, ինչի հետևանքով չեղարկվեց արժանապատիվ խաղաղությանը հասնելու վերջին հնարավորությունը՝ ճանապարհ բացելով մահաբեր պատերազմի համար, ինչի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակում ու Արցախի սուբեկտության գրեթե ամբողջական ոչնչացում։ Պատահական չէ, որ այսօր Հայաստանը խաղաղության գործընթացի գնում է՝ թուլացած դիրքերից, առանց օրակարգի, ըստ էության՝ օտար օրակարգով, մնալով բացառապես միջազգային հանրության ողորմածությանը։
✓ Երկրորդ խումբը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են։
Նրանց նպատակը նույնպես ակնհայտ է՝ արդարացնել 1998-ի պետական հեղաշրջումը ու «գաղափարական» հիմքեր ստեղծել ԼՂ խնդրի շահարկմամբ՝ նոր հեղաշրջում կազմակերպելու համար։ Պատահական չէ, որ այս խումբը քաղաքական այլընտրանք չի առաջարկում ու գնում է 1998-ի սցենարը կրկնելու պրիմիտիվ ճանապարհով՝ փորձելով Արցախի իշխանություններին դարձնել Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ։
✓ 1998-ի պետական հեղաշրջումը, Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից ու կարգավորման գործընթացի խեղաթյուրումը, 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, հայ- թուրքական դիալոգի տապալումը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, 1998-2018թթ-ին՝ ԼՂ խնդրում որդեգրված ստատուս- քվոն պահպանելու անհեռատես քաղաքականությունը, 2018-2020թթ-ի «ոչմիթիզականությունը», որը նախորդ երկու տասնամյակի քաղաքականության շարունակությունն էր, 2016-ի Քառօրյա ու հատկապես՝ 2020-ի 44-օրյա մահաբեր պատերազմները՝ էապես սահմանափակել են Հայաստանի սուվերենության ռեսուրսները, մանևրելու պոտենցիալը, հարեւանների հետ ավելի բարենպաստ պայմաններով խաղաղության հասնելու հնարավորությունները։ Դրա հիմնական պատասխանատուներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։
Ամփոփում.
✓ Երկու խմբերն էլ անկեղծ չեն իրենց մղումներում և առաջնորդվում են իշխանությունը պահելու կամ իշխանությունը վերադարձնելու մոլուցքով
✓ Խաղաղության օրակարգը, մեծ հաշվով, այլընտրանք չունի, որովհետև, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, ժամանակը մեր օգտին չի աշխատում։
Բայց խաղաղությանն գործընթացում հաջողելու համար՝ անհրաժեշտ է.
- նոր որակի իշխանություն, որն ունակ է ձևակերպել Հայաստանի զարգացման տեսլականը՝ համաշխարհային զարգացման համատեքստում։
- խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական ու հանրային կոնսոլիդացիայի ապահովում։
- ԼՂ-ի ու նրա ժողովրդի համար միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքների ապահովում, որն առնվազն կերաշխավորի Արցախի ժողովրդի քաղաքական ինքնավարությունը, Արցախի հայկականությունը։
- գիտակցում, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման, հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական հարաբերությունների բարելավման՝ Հայաստանը երբեք չի կարող լինել իրապես ինքնիշխան երկիր»: