Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախահայությունը 1918-ից ապրել է ադրբեջանական բացահայտ հայատյացության մթնոլորտում». Հրանուշ Խառատյան

«Արցախահայությունը 1918-ից ապրել է ադրբեջանական բացահայտ հայատյացության մթնոլորտում». Հրանուշ Խառատյան
262
Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 15:06

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««...միջազգային գործընկերները ենթադրում են, որ (Արցախի) կարգավիճակի նշաձողը պիտի իջեցնել, մենք նրանց հետ ոչ թե քննարկում ենք, ինչքան իջեցնելու կամ ինչպես իջեցնելու հարցը, այլ ասում ենք՝ եկեք քննարկենք անվտանգության խնդիրները, ինչից էլ կբխի անհրաժեշտ կարգավիճակի հարցը... Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Ադրբեջանի կազմից դուրս լիներ։ Կարգավիճակն անվտանգության պայմաններից կբխեր։ Մեր նպատակն այն է, որ արցախահայությունն իր հայրենի հողում ապահով և հանգիստ ապրի»,- ասում է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով վաչապետի դիրքորոշումը:

Լավ: Բայց մենք շատ վատ ենք «միջազգային հանրությանը» իրազեկել այն մասին, որ արցախահայությունն առնվազն 1918-ից ապրել է ադրբեջանական ծածուկ կամ բացահայտ ռասիզմի և հայատյացության մթնոլորտում, որ հայկական կոտորածներին պարբերաբար հաջորդել են միջանկյալ «բարեկամության» հորդորները, որի հիմնական գինը եղել է կենցաղային և քաղաքական բռնաճնշումների և ժողովրդագրական կազմի փոփոխության քաղաքականությունը, որ վերջին 35 տարիներին ադրբեջանական կոլեկտիվ գիտակցության վրա ազդող ահռելի ծավալի կեղծիքներ են հրատարակվել, այդ թվում՝ Ադրբեջանի առաջին դեմք Իլհամ Ալիևի հավակնոտ հայտարարությունները Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» լինելու մասին, և որ, վերջապես, առաջին անգամը չէ, որ քննարկվում կամ քննարկվելու են արցախահայության անվտանգության խնդիրները: 1920թ. Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու նպատակով բոլշևիկ ադրբեջանցիները երաշխավորում էին այդ անվտանգությունը, արցախահայության անվտանգության և ապահովության «ապացույցներ» էին բերում՝ անիմաստ դարձնելու «Լեռնային Ղարաբաղի հայկական մասին» մարզի կարգավիճակ տալու Կավբյուրոյի որոշումը, ադրբեջանցի գյուղացիության բազմաթիվ նամակներ էին հղվում իշխանություններին՝ ապացուցելու համար, որ խորհրդայնանալուց հետո այլևս հայերն ու մուսուլմանները եղբայրներ են և երջանիկ են առանց որևէ կարգավիճակի միասին եղբայրաբար ապրելու հեռանկարից և այլն: 1923թ. մարզի կարգավիճակը տալուց հետո նամակների բնույթը փոխվեց՝ հիմա արդեն մահմեդական գյուղացիությունը գրում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայկական մարզում իրենց գոյությունը վտանգված է, ուստի մարզի սահմանները գծելիս ջանասիրաբար զտել են ադրբեջանաբնակ բնակավայրերը և առավելագույնս նվազեցրել նորաստեղծ մարզի տարածքը:

Խորհրդային տարիներին երեք անգամ պաշտոնական դիմում է եղել Մոսկվա՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հիմնավորումներով: Ետպատերազմական տարիներին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց թշվառ էր:

Բավական է ասել, որ ԼՂԻՄ-ում գյուղական բնակչության տոկոսը ողջ ԽՍՀՄ-ի ցուցանիշներով ամենաբարձրն էր՝ 89,6% (համեմատության համար՝ Ադրբեջանի ընդհանուր բնակչության մեջ գյուղաբնակները կազմում էին 63,8%, Հայաստանում՝ 71,4%, Վրաստանում՝ 69,9%). 1945թ. գրված այդ դիմումներից մեկին պատասխանելով՝ Ադրբեջանի Կենտկոմի այն ժամանակվա քարտուղար Միրջաֆար Բաղիրովը պատասխանել է. «Մենք դեմ չենք ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելուն, բայց համաձայն չենք ՀԽՍՀ-ին հանձնել ԼՂԻՄ-ի կազմում գտնվող Շուշիի շրջանը, որը բնակեցված է գլխավորապես ադրբեջանցիներով:

...ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ մտցնելու հարցը քննարկելիս պետք է քննարկվի նաև Հայաստանի՝ գլխավորապես ադրբեջանցիներով բնակեցված Ազիզբեկոցվի, Վեդիի, Կարաբաղլարի շրջաններն Ադրբեջանի կազմ մտցնելու հարցը: ... և վերջապես մենք խնդրում ենք քննարկել Դաղստանի հարավային՝ գլխավորապես ադրբեջանցիներով բնակեցված և նախկինում Բաքվի նահանգի մեջ մտած և Ադրբեջանին պատկանած (ե՞րբ՝ նախկինո՞ւմ-Հ.Խ.) Դերբենտի և Կասումքենդի շրջաններն Ադրբեջանի հանրապետությանը կցելու հարցը» («мы не возражаем против включения в состав Армянской ССР Нагорно-Карабахской Автономной области, но не согласны с передачей Армянской ССР Шушинского района, хотя и входящего в состав Нагорно-Карабахской автономной области, но населенного и поныне в основном азербайджанцами....при рассмотрении вопроса о включении НКАО в состав Армянской ССР должен быть рассмотрен и вопрос о включении в состав Азербайджанской ССР Азизбековского, Вединского и Карабагларского районов Армянской ССР, примыкающих к Азербайджанской республике и населенных преимущественно азербайджанцами. ... И, наконец, мы просим рассмотреть вопрос о включении в состав Азербайджанской ССР примыкающей к ней территории Дербентского и Касумкендского районов Дагестанской АССР, в прошлом являвшихся частью Азербайджана и входивших в состав Бакинской губернии»). (Архив Политических Документов Управления делами Президента Азербайджанской Республики( АПД УДП АР, Финд 1, Оп.169, Д.249, часть 1, ЛЛ.1-5).

Հասկանալի է, որ այն տարիներին այսպիսի պատասխանը կարող էր գրվել միայն ԽՍՀՄ ԿԿ Քաղբյուրոյի հետ համաձայնեցումից հետո: Բոլորովին, բոլորովին պատահական չէր Գորբաչովի պատասխանը հայերին՝ «դուք մոռացե՞լ եք՝ որքան հայ է ապրում Բաքվում»: Բոլորն էին հասկանում, որ խնդիրը ԼՂԻՄ-ի տարածքը չէր, խնդիրը հայ էթնոսն էր, հայությունն էր, հայտայացությունը և ռասիզմն էր:
Առաջիկայում ես ամեն օր իմ էջում կդնեմ ադրբեջանական ռասիզմի և հայատյացության քաղաքականության նյութեր, որոնք բացահայտում են արցախահայության ոչ միայն անվտանգությանը, այլև պարզ ֆիզիկական գոյությանն սպառնացող վտանգները: Ինչ կարգի երաշխիքներով կարող են սրանք «ջրվել», եթե կյանքը բազմիցս ցուցադրել է և շարունակում է ցուցադրել ոչ միայն հայտարարված տարատեսակ «երաշխիքների» անիմաստությունը, այլև ռասիզմի և ատելության քաղաքականության անպատիժ շարունակականությունը:

Այս նյութերը պետք է թարգմանվեն տարբեր լեզուներով և լայնորեն տարածվելով՝ ներկայացվեն նաև «միջազգային հանրությանը»»:

Աղբյուրը`   Հրանուշ Խառատյան