«Փաշինյանը չէր կարող չհասկանալ, թե ինչի տակ է ստորագրել տալիս իրեն Պուտինը». Լևոն Բարսեղյան
![]() 584 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 14:06 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Կոնցլագերը հմայում է խեղճերին Կարդացի 2022թ. ապրիլի 19-ի Փաշինյանի և Պուտինի ստորագրած հայտարարության տեքստը: Մի քանի նկատառում հայտնեմ, եթե հետաքրքիր է: Հետո երևի առիթ կլինի ավելի հանգամանորեն անդրադառնալու: 1. Այդ հայտարարությունը Ռուսաստանի միջազգային մեկուսացման հանրային ընկալման մեղմացմանն ուղղված քարոզչության մաս է: Ոչ թե մեկուսացման մեղմացման, այլ հենց հանրային ընկալման մեղմացման: Որովհետև Հայաստանն այն երկիրն ու ՌԴ այն գործընկերը չէ, որ անհրաժեշտ հզորություն ունենա այդ մեկուսացումը մեղմելու: Բացառությամբ մեկ դրվագի, որի մասին ցածը գրել եմ: Այս հայտարարությամբ Կրեմլը քարոզչական հնարք է բանեցնում հատկապես ներքին սպառման համար, թե Հայաստանն իր հետ է և իր դեմ չէ: 2. Քաղաքական խոսույթում «աղոթքի» կամ երախտիքի բառաբանություն կա, որ այստեղ էլ է օգտագործված. «կառուցողական մթնոլորտում», «գոհունակությամբ նշեցին», «համագործակցության հարցեր», «փոխգործակցության հռչայկագրում նշված...», «ողջունում են...» և այլն: Այս փոխադարձ ողջույնները բնական են նման տեքստերի համար, դրանք այս տեքստում արտացուլված են մի շարք կետերում ու ամբողջանում են ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ զանազան միջոցառումներով նշելու մտքերով և դրույթներով. մշակույթի օրեր, հուշարձանի հիմնում, հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսությունների հիմնում և այլն: Սակայն այդ երկխոսությունների մասով Հայաստանը լուրջ խնդրի առաջ են կանգնեցնում հայտարարության հեղինակները: Նկատի ունեմ երկու երկրներում ժողովրդավարության մակարդակների մեծ տարբերությունը, երբ Մասկվայում «Մի՛ սպանիր» գրառումը ձեռքին կնոջը բռնում տանում են ոստիկանություն, իսկ Հայաստանում մարդիկ ազատ են խոսել ինչ կամենան, քննադատել, նունիսկ մահվան քարոզ կարդալ հրապարակային կերպով ու զառանցել մամլո սրահներում: Փաշինյանը պիտի կարողանա բացատրել հայ հասարակությանը, թե Հայաստանից ինչ «հասարակություն» է երկխոսելու Ռուսաստանի հասարակության հետ: Պատկերացնո՞ւմ է արդյոք, որ որևէ քննարկման կամ համաժողովի ժամանակ հայաստանյան հասարակական գործիչը կդատապարտի Կրեմլի ագրեսիան և պատերազմը, պատերազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ, իսկ Կրեմլից ուղարկված հասարակ գործիչը քաղաքավարությամբ ասելու է, թե համամիտ չէ և իրականությունը մի քիչ այլ է: Պատկերացնո՞ւմ է Փաշինյանը, որ Ռուսաստանում նման քննարկումների համար ՌԴ-ն մուտքի թույլտվություն կտա իր գաղտնի և սև ցուցակներում տարիներով հանգրվանած Հայաստանյան հասարակական և քաղաքական գործիչների: Թե՞ հավանաբար այդ երկխոսութունը լինելու է կեղծ երկխոսություն, դրանք մասնակցելու են միայն հայաստանյան կրեմլանպաստ գործիչներ՝ վանեցյաններ, քոչարյանականներ, մամիջանյաններ և այլք, ում Կրեմլը կամենա, նրանք էլ կգնան երկխոսելու, անունը դնելու են «երկխոսություն», մանավանդ, դրանց չեն մասնակցելու Ռուսաստանից վտարանդի դառած հարյուրավոր հասարակական և քաղաքական գործիչներ: Այսինքն՝ այս կետով Հայաստանը ներքաշվում է պրոկրեմլական քարոզչության մեջ արդեն պետական մակարդակով: Փաշինյանը նման բանի տակ ստորագրելիս չէր կարող սա չհասկանալ: 3. Մի շարք դրույթներում կողմերը վերահաստատում են նախկինում հաստատածները և վերահաստատածները, տպավորություն կա, որ Կրեմլն այս թուղթը պարտադրելիս կարիք է ունեցել հոգեբանական իմաստով ուշադրության և համաշխարհային քննադատությունից պաշտպանվելու և իր գահավիժած վարկը մի քիչ փրկելու: Ենթադրվում է, որ Կրեմլը նման թղթեր կջանա ստորագրել տալ նաև Կենտրոնական Ասիայի մի քանի առաջնորդների ևս, մի կողմից հանրային քարոզ անելով ներսում, մյուս կողմից՝ սովետի վերականգնման համարյա անհույս ջանքեր ներդնելով: 4. «Վերահաստատումների» շարքից են նաև տնտեսական համագործակցության խորացման ուղղված մի քանի դրույթները, դրանցում նոր բան համարյա չկա. ատոմակայանի նոր բլոկն այստեղ էլ է հերթական անգամ հառնում իր սնանկությամբ, գործարար կապերի ամրապնդում, խորհուրդներ, ներդրումներ, ԵԱՏՄ, զարգացում, էներգառեսուրսներ և այլն: 5. Կրեմլն այնքան է ուզել այս տեքստով հավատ հաստատել, թե Հայաստան իր գրպանում է, որ գնացել հասել է քովիդ19-ին և համաճարակների դեմ համատեղ պայքարին: 6. Փաստաթղթում, ըստ իս, ամենավտանգավոր կետերից մեկը 9-րդն է, ահա այն. « 9. Ն. Վ. Փաշինյանը և Վ. Վ. Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում»: Մինչ այս դրվագը և մինչև ապրիլի 19-ը, աշխարհը Կրեմլին Հայաստանի կիսահպատակությանը որոշակի հանդուրժողականությամբ է վերաբերվել, և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ զարգացած ժողովրդավարությունով երկրներում համարել են, որ Հայաստանը երկու կողմից շրջափակման մեջ է, հազիվ է գոյատևում, օգնել են շարունակ, որպեսզի չկորցնի իր ինքնիշխանությունը և չդառնա Թաթարստանի պես մի բան, Իրանի հետ ունեցած գործնական և գործընկերային հարաբերությունների համար ոչ մի անգամ պատժամիջոցների չեն ենթարկել Հայաստանը, բայց այս հայտարարության 9-րդ կետը կարող է դառնալ շրջադարձային Հայաստանի նկատմամբ Արևմուտքի հանդուրժողականության ավարտի առումով: Այն միջոցին, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է Կրեմլի ագրեսիան ու սանձազերծած պատերազմն ու պատերազմական հանցագործությունները, պատժամիջոցների աննախադեպ ծավալ է գործադրում ՌԴ նկատմամբ, որ սանձեն վերջապես այդ կատաղությունը, իսկ Ռուսաստանն ստիպված է տնտեսական հետաքրքրությունների բավարարման համար սողանցնքներ գտնել կամ զարտուղի ճանապարհներ բացել, հենց այդ միջոցին Հայաստանն ասում է՝ «դե մենք կօգնենք քեզ, սիրելի՛ Կրեմլ» և դա ամրագրում է այդ հայտարարությամբ: Կարո՞ղ էր ասել՝ չենք կարող այս մի կետը սպասարկել, և հիմնավորել, որ Հայաստանն այս կետի պատճառով պատժամիջոցների տակ ընկնելու դեպքում ընդհանրապես կվերածվի ցախ պահելու խորդանոցի, կճորտանա բառացիորեն, ու Ռուսաստանի սահմաններով հիմա իջնող վարագույրը կիջնի նաև Հայաստանի սահմաններով, Հայաստան-աշխարհ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կոչնչացվեն կամ կսառեցվեն: Թուրքիան շեշտեցի, որովհետև նույն հայտարարության 29-րդ կետում պարոն Պուտինը ողջունում է ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, իսկ Թուրքիան թարսի պես վերաբացում է ԵՄ ինտեգրման մասին խոսակցությունը: Այս «կողմերը մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները...» դրույթի իրականացման դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը ոչ միայն կզրկվի ԵՄ և ԱՄՆ ֆինանսական, նյութատեխնիկական և քաղաքական աջակցությունից, այլև կենթարկվի համապատասխան պատժամիջոցների՝ ագրեսորին օգնելու համար: Միաժամանակ, ուշադրություն դարձրեք, չի շահի ոչ մի բան արցախյան հարցում և ճակատում, Ռուսաստանը ճորտի պես բանեցնելու է Հայսատանը՝ չհատուցելով ոչինչ, ոչ մի անվտագնություն, կամենար հատուցել, գոնե Փարուխ-Քարագլխի դեպքերը չէին լինի: Փաշինյանը մեղավոր և պատասխանատու է այդ դրույթի տակ ստորագրելու համար: Դա թանկ գին է ունենալու Հայաստանի համար, եթե, իհարկե, Պուտինին Կրեմլում չփոխարինեն մարդիկ, որոնք հասկացել են, թե ինչ փոսն է գցել այդ մարդը սեփական երկիրը: Բայց Փաշինյանն այն քաղաքական գործիչը չէ, որ նման այդ սցենարի իրականացման իրատեսական հիմքեր ունենա: 7. 10-րդ կետը մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից զավեշտալի՝ ըստ իս: «...Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը»: Սա վտանգավոր է այն իմաստով, որ ՀՀ պետական և ոչ պետական լրատվությունը Կրեմլի պահանջով կարող է դառնալ ամբողջությամբ պրոկրեմլական: Գիտեմ, որ շատերը քմծիծաղեցին սա ընթերցելիս, որովհետև գիտեն, որ հիմա էլ ՀՀ պետական լրատվամիջոցները, իշխանությունում եղած մարդկանց և ռևանշիստներին պատկանող ԶԼՄ-ները, որոնց ազդեցությունը հանրային կարծիք ձևավորելու պոտենցիալի տեսանկյունից ես 75-80 տոկոս եմ գնահատում՝ հենց պրոկրեմլական են որ կան, օրնիբուն լսում ու դիտում ենք կա՛մ Կրեմլի քարոզի վերարտադրությունն ու թարգմանությունը, կա՛մ քողարկված պուտինապաշտական քարոզ և «վերլուծություն»: Սակայն այս դրույթի իրագործման դեպքում, կարող է բանը հասնել փոքրաթիվ ազատ և բազմակարծություն ապահովող հարթակների և ԶԼՄ-ների ազատությունների և ազդեցության սահմանափակմանը, որովհետև 10-րդ կետում ասված է՝ կողմերը. «...ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը»: Սրա տակ, օրինակ, կարող են օրենքով իմ այս հոդվածը կամ կարծիքը սահմանափակել, մեղմ ասած: Փաշինյանը, մեդիայի մարդ լինելով, չէր կարող չհասկանալ, թե ինչի տակ է ստորագրել տալիս իրեն Պուտինը: Չի բացառվում, որ հույս ունի, թե այդ կետը մոռանալու են Մոսկվայում: Այնինչ Մոսկվան ոչինչ չի մոռանում: Այս դրույթը նաև հուշում է, որ Մոսկվան կարող է հաղորդումներ ու սալավյովաբարո հաղորդաշարեր պարտադրել ՀՀ պետական և պրոիշխանական ԶԼՄ-ներին: Զավեշտալին այս դրույթում դրա երկիմաստությունն է այս հատվածում. «Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ»: Կարող է գալ ժամանակ, երբ Փաշինյանը կասի, թե ես, ստորագրելիս նկատի ունեի հենց ռուսատանյան լրատվամիջոցներով տարածվող սև պրապագանդայի զարհուրելի ծավալն այլ պետությունների դեմ: Բայց հարց է, թե ով է ավելի պաշտոնավարելու՝ Փաշինյանը, թե Պուտինը: Նման երկիմաստություններ, որ կարելի կլինի մեկնաբանել նաև հենց Կրեմլի քաղաքականության դեմ, մի քանի դրվագներում ևս կա խնդրո առարկա հայտարարության մեջ: Օրինակ՝ 12-րդ կետում ասում են. «Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը»: Պարզ է, թե ինչ նկատի ունի Պուտինը սա գրելիս, իսկ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը սրա տակ ստորագրելիս, նկատի ունե՞ր, որ ռուսաստանյան քաղաքական և հասարական գործիչներն օրինիբուն արդեն մի քանի տասնամյակ է այլատյացություն, կրոնական, լեզվական և այլ խտրականություն են քարոզում: Հայաստանում նույնիսկ պետական ԶԼՄ-ները հակաթուրքականություն չեն քարոզել ո՛չ առաջներում, ո՛չ հիմա, և ում է սա վարաբերվում, եթե ոչ Կրեմլին: Այսինքն՝ այս դրույթին հետևելիս, Փաշինյանը պարտավոր է ոչ միայն մեր ԶԼՄ-ներում նման բան թույլ չտալ, այլև օրական 20-30 անգամ ռուսաստանյան ԶԼՄ-ներում նման բան նկատելիս դիմել Պուտինին և ասել՝ Դուք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ոնց որ խախտում եք մեր ապրիլի 19-ի հայտարարության 12-րդ կետը: Պատկերացրի՞ք: Չխնդաք: Սրա նման մի զավեշտալի դրվագ էլ 21-րդ կետում կա. «Առաջնորդները նշեցին հավատարմությունը ՄԱԿ Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար և ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության և բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը: Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով»: Նախ՝ այդ դիրքորոշումները կարող են մի շարք հարցերում տարբեր լինել, թե ինչպես են երկու երկրները համատեղ պաշտպանելու այդ տարբեր դիրքորոշումները, անհասկանալի է: Բացի այդ, օրինակ, Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի փաստով Հայաստանն ինչպես է հավատարիմ մնալու 21-րդ կետին, երբ երկրների մոտ ¾-ը վճռականորեն դատապարտում է Կրեմլի սկսած հարձակողական պատերազմը և այլն: Զավեշտալի դրվագ է նաև 22-րդ կետն ամբողջությամբ. «...Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման»: Հայաստանը, այս դրույթի տակ ստորագրելով, տգեղ կեպրով ինտեգրվում է կեղծիքի, ցինիզմի և պրոպագանդայի Կրեմլի արշավին: Այն ամենը, ինչ արել է Կրեմլը, այս հայտարարությամբ քննադատում է, ենթատեքստում վերագրելով դա ուրիշներին ու դրա տակ ստորագրել է տալիս նրան, ում կարողացել է: 8. Հայտարարության 11-րդ կետով կողմերն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը ... , և որ՝ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար: Իսկ կարելի՞ է իմանալ ՌԴ տարածքում կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման վերահսկողության ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը: Երկրների չափսերը չգրեմ. հասկանում եք՝ ինչ եմ ասում: Ի տարբերություն Ռոսաստանի, որ Հայաստանում ընդարձակ հրապարակային և գաղտնի գործակալական ցանց ու ռազմական բազա ունի, Հայաստանը Ռուսաստանում մի քանի օլիգարխ ու մի քանի միլիոնանոց սփյուռք ունի, որը մեծամասամբ ՌԴ քաղաքացիություն ունի, ասացեք խնդրեմ՝ ինչպես է Հայաստանը վերահսկելու այս դրույթի իրացումը Ռուսաստանում: Այսպիսի միակողմանիություն այս հայտարւթյան մի շարք այլ դրույթներում էլ կան: Օրինակ՝ ինչո՞ւ է Հայստանում հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմք դրվելու, իսկ Ռուսաստանում չի դրվելու, ինչո՞ւ, շատ հետաքրքիր է: 9. Հատկանշական է, որ Կրեմլն այս հայտարության մեջ բարեհաճել է վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը: Այսով Կրեմլը փորձում է միջազգային հարաբերություններ վերագործարկել, գոնե Մինսկի խմբի ձևաչափով, էլի Արցախի հաշվին, բնականաբար: Սա ՀՀ իշխանությունը հավանաբար առաջիկա օրերին ներկայացնելու է որպես մեծ դիվանագիտական նվաճում Լավրովյան բարբաջանքի ֆոնին: 10. Ամփոփելով վերը բերվածը՝ ակնհայտ է դառնում, որ Կրեմլն իր ոչնչացվող վարկի և կայսերապետական վարքի բերումով հայտնվել է մի այնպիսի փոսում, որ ձեռները գցել է փրփուրներին և ստիպված է իր հանրության աչքում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու խթանման ինչ-ինչ պատրանքներ ստեղծել՝ կենդանության նշաններ ցույց տալով, թե ինքը կենսունակ և գործունեակ է: Ցավոք, այս թղթի հետևողական կենսագործման դեպքում Հայաստանը վերադարձվելու է սովետի գետտո կամ համակենտրոնացման ճամբար: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Սերժիկ Սարգսյանի 2013 թվականին մի գիշերում սկսած գործը Փաշինանը մտցնում է ավելի խորքային և կատարելագործման փուլ: Փաշինյանն ուղիղ կամ իր թիմի բերանով հավանաբար կասի, որ՝ դե երկիրը պարտված է, թուլացած է, դիմադրության ռեսուրս չունենք, ստիպված էր, եթե նախկիններն էս բորշը չեփեին, էս օրը չէինք ընկնի, և այլն, սակայն այս թուղթն ակնհայտորեն ՀՀ ինքնիշխանության մասնակի և հերթական զիջման հայտարարություն է, և ռիսկերը գնալով թանձրանում են: ՀՀ իշխանությունները, հանրությունից օժտված լինելով իրավազորության մանդատով, պարտավոր էին ոչ թե պարտվողական լինել, ու թույլ տվեք ասել՝ վախեցած, այլ գիշեր-ցերեկ պաշտպանել այն երկիրը, որ ժամանակվոր կառավարման է հանձնվել իրենց: Կասեն, որ սա պաշտպանության հնարավոր ձևն էր և պաշտպանել են այսով, սակայն, իրականում, այսպես չեն պաշտպանում, այսպես կորցնում են»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
