Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի նաև հայ-ադրբեջանական համապարփակ, փաթեթային դիալոգի»․ Սուրենյանց

«Պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի նաև հայ-ադրբեջանական համապարփակ, փաթեթային դիալոգի»․ Սուրենյանց
209
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 23:10

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ռուսական մոտեցումն ավելի բարենպաստ է Հայաստանի համար
Պուտին- Փաշինյան հայտարարությունը տարբեր որակումների, գնահատականների արժանացավ, բայց դրա ղարաբաղյան հատվածը սկզբունքորեն նպաստավոր է հայկական դիվանագիտության համար, եթե պաշտոնական Երևանը կարողանա օգտվել բարենպաստ պատեհությունից։
Մի քանի արձանագրում անեմ.
✓ ԵՄ-ն, արևմտյան կողմն, ըստ էության, առաջարկում են հայ- ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագիր կամ փաթեթային լուծում, որում վերջնականապես լուծվելու է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Պատահական չէ, որ մի փաթեթի մեջ են դիտարկվում դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցը ու խաղաղության պայմանագրի գործընթացը։
✓ Պատահական չէ, որ հենց Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին։ Սա, այսպես կոչված, բրյուսելյան արձանագրում է։
✓ Եթե արևմտյան մոտեցումը որդեգրվի ու կարգավիճակի հարցը քննարկվի հիմա, լավագույն դեպքում՝ Արցախը բարձր ինքնավարություն է ունենալու Ադրբեջանի կազմում, այն էլ՝ հայկական դիվանագիտության մեծագույն ջանքերի ու միջազգային խաղացողների ուժեղ միջամտության պարագայում։
✓ Պուտին- Փաշինյան ծավալուն հայտարարությունը հուշում է, որ ռուսների պատկերացրած հայ- ադրբեջանական դիալոգը բազմափուլ է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը Արցախի կարգավիճակի հարցից, ինչն այս փուլում առկախվում է։
✓ Իհարկե, ռուսական այս մոտեցումը չի ենթադրում, թե Մոսկվան Արցախի ինքնիշխանության կողմնակիցն է կամ ձգտելու է նրա սուբեկտության մեծացմանը։ Ռուսաստանը շահագրգռված է Արցախում սեփական խաղաղապահ առաքելության երկարաձգման հիմքերի ստեղծմամբ։ Մյուս կողմից, հայկական կողմը Արցախի կարգավիճակի հստակեցման առկախումը կարող է օգտագործել՝ իր դիվանագիտական կարողությունները մեծացնելու համար։
✓ Մոսկվայի համատեղ հայտարարությունը դեղատոմս չէ, ընդամենը՝ հնարավորությունների փոքր պատուհան է, եթե Հայաստանը կարողանա ուժեղացնել իր ներքին պոտենցիալը, վարել արդյունավետ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։
✓ Միով բանիվ, պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի նաև հայ-ադրբեջանական համապարփակ, փաթեթային դիալոգի, որը ենթադրում է ԼՂ կարգավիճակի քննարկում՝ այլ հարցերի շարքում (նման իրավիճակ կստեղծվի, եթե փաթեթային լուծման հարցում լինի միջազգային կոնսենսուս)։ Այս պարագայում՝ շեշտը պետք է դրվի Արցախի սուբեկտության վերականգնման, անվտանգության միջազգային երաշխիքների ձևավորման վրա՝ ենթադրյալ ոչ բարենպաստ կարգավիճակի համատեքստում»։