Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխան տա անգործության համար». Լևոն Բարսեղյան

«Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխան տա անգործության համար». Լևոն Բարսեղյան
214
Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 13:24

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ապօրինի գույքի վերադարձի և ազատազրկման հեռանկարի դեմ պայքարողներին մի ասեք հանուն հայրենիքի պայքարող ընդդիմություն. մեղք է։

Թե ինչու անցումային արդարադատությունը խրտվիլակի վերածեցին, «շանս տվեցին» հանցագործներին պահպանել իրենց աշխատատեղերը, արտուշգաբրիելյան-մացո-տաթոներին թողեցին իրենց պաշտոններին, մենթերին ու լուբյանկայի գեբիստներին թողեցին իրենց տեղերում, Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխան տա անգործության ու ծուլության համար, թուլամորթության և անհարկի ներողամտության համար։ Հեղափոխության ու ժողովրդական հույսի մսխման համար պիտի պատասխան տան ինքն ու իր քաղաքական թիմը։ Այս դեպքում չի կարողանա ասել՝ նախկիններն են մեղավոր։ Այս դեպքում ժողովուրդն անձամբ իրեն ու իր թիմին երկու անգամ տվել է գործելու իշխանություն, բազմաթիվ առերես, գրավոր, բանավոր, հեռակա, մոտակա ու հրապարակային կերպով ասվել, հուշվել ու պնդվել է, թե հեղափոխություններից հետո ինչ և ինչպես պիտի անել, իսկ ինքն ականջ է կախել հանցագործներին հանդուրժելու ապուշությանը, թե բա դատարանների վեթինգի դեպքում ցնցումներ կլինեն, երկրի միջազգային վարկը կտուժի, ֆլան-ֆստան-բեֆան, ու այդպես համարյա ֆաքմեջ արեցին երկիր սարքելու շանսը։ Արմեն Մարտիրոսյանին և մյուսներին ծեծողներից առաջ ինքը պիտի պատասխան տա էս խայտառակ ձախողումների ու ապաշնորհ կառավարման համար։ Ինչպես կարելի էր հավատալ, կամ ինչպես համոզեցին իրեն, թե 10-25 տարվա հանցագործները կարող են ուղղվել և բարեխիղճ աշխատել։ Ոստիկանները, փոխանակ մարդու վրա հարձակվողներին հավաքեին, ձերբակալեին ու տասնյակներով տանեին ոստիկանատուն քննության ու քրեական գործով մեղադրանքի առարկա սարքեին, գոչում էին՝ «չի կարելի», իբր իրենց մեջ Մայր Թերեզայի հոգին էր մտել հենց այդ միջոցին ու համոզում էր, որ իրենք խաղաղության աղավնի են ընդամենը․․․։

Ու այսով, եթե իրավապահ համակարգը չմաքրվեց իրավապահի համազգեստով, պաշտոնով և աշխատավարձով հանցագործներից, որոնք «պռոստը տուն են պահում», իսկական հանցագործները բազմանալու են ճագարի պես, իսկ քաղաքացիներին այլ բան չի մնալու անել, քան ինքնապաշտպանության անցնել և շատ արագ անվտանգություն հաստատել երկրի ներսում։

Իսկ ընդհանրապես, հարգելի՛ քաղաքացիներ, տերերի գույքը փրկել փորձող էս խաժամուժից չվախենաք, սրանց ամեն քայլափոխի պիտի հիշեցնել իրենց կանսերվի բանկեքը սահմանին ու դրա փոխարեն իրենց տերերի սարքած պալատները, ապարանքները, բիզնեսները, բանկերն ու բանկային հաշվեհամարները, և ասել, որ գազանանոցում դատարկ վանդակներ կան, գնացե՛ք այնտեղ, հետույքներդ քսեք ճաղերին ու նստեք սառը ջուրը, իշխանության վերազավթում միայն ձեր պապաների ու լուբյանկի երազներում եք տեսնելու։

Եթե Փաշինյանի կառավարությունը խելքը գլուխը չի հավաքում և չի սկսում կարգի բերել երկիրը, ոչ մի քաղաքացու իրավունք չի ունենալու մեղադրել, երբ քաղաքացին իր վրա հարձակվողին կսատկացնի որտեղ պատահի ու վերջը նորից հեղափոխություն կանի ու տուն կուղարկի ապաշնորհներին։ Կարող է նորից ապաշնորհ ընտրվի և այդպես շարունակ, մինչև խելքի գա էս կոնցլագերը։ Ուրիշ ձև էլ կա՝ երկիրը հանձնել Կրեմլին, բայց դա ձև է միայն Վալոդի գործակատարների համար։

Փաշինյանը պետք է աներկբա հայտարարի, թե որ ձևն է իր քաղաքական թիմի նախընտրածը, և գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի գոմը մաքրելու մասին․ բայց մարդիկ հաստատ իրեն մանդատ չեն տվել ո՛չ երկիրը Կրեմլին հանձնելու, ո՛չ էլ էս խաժամուժի առաջ երկիրը չորեքթաթ անելու համար»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան