Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուզում եմ անդրադառնալ մարդու անվտանգության հարցերին»․ Կարինե Փանոսյան

«Ուզում եմ անդրադառնալ մարդու անվտանգության հարցերին»․ Կարինե Փանոսյան
314
Շաբաթ, 09 հուլիսի, 2022 թ., 19:06

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը Խոսրովի անտառ-արգելոցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Խոսրովի անտառ-արգելոց մտնելիս մտքովդ անգամ չի անցնի, թե բուսականության ու կենդանական աշխարհի ինչ ռեսուրսներ կան առաջին հայացքից սովորական թվացող անտառի կենսահամակարգում։ Մեծ հաշվով, աչքդ չի էլ տեսնում կենդանիների ու բույսերի այն տեսակները, որոնց պահպանման համար 1700 տարի առաջ Խոսրով Կոտակ արքայի կողմից կազմակերպվեց աշխարհի հնագույն տնկովի անտառներից մեկը։
Անտառի մոտ 24.000 հա-ի մեջ ապրում են էնդեմիկ ու կարմիր գրքային բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ՝ Հայաստանի բուսականության մոտ 50% և գրեթե 290 կենդանատեսակ։
Պատահական չէ, որ դեռ 1958-ից տարածքը վերածվեց հատուկ պահպանվող գոտու և հսկվում է պետության կողմից։
Սակայն, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ազգային պարկը զերծ չի մնում զբոսաշրջության թիրախավորումից, ու թեև հակասական կարծիքների՝ արդյո՞ք ճիշտ է այն շահագործել զբոսաշրջության նպատակներով, թե ոչ, առաջ է բերում բազմաթիվ հարցեր։
Ուզենք, թե չուզենք, մոլորակը վաղուց հարմարեցրել ենք մարդու պահանջներին, ու բնությունը ծառայում է մարդու հաճույքներին նաև։ Ուստի ողջ աշխարհում, ազգային պարկերի կազմակերպման նոր ու նոր մեթոդներ են մշակվում ու կիրառվում, որպեսզի մարդ-վայրի բնությունը շփումը նվազագույն վնաս հասցնի միջավայրին և գոհացնի սպառողին։
Այս առումով, թեև բազմաթիվ ներքին խնդիրներին, Խոսրովի անտառ-արգելոցը, թերևս, զերծ է մնում ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունից որպես վայրի գոտի, հաշվի առնելով, որ ներանտառային ճանապարհներն ասֆալտապատ չեն, տարածքով չեն անցնում էլեկտրահաղորդալարեր, չկան ալեհավաքներ․․․ սակայն մեր անտառում էլ այլ խնդիրներ, որոնցից այսօր ուզում եմ անդրադառնալ մարդու անվտանգության հարցերին։
Որքան էլ մարդակենտրոն հնչի, այնուամենայնիվ մարդն ամեն ինչ կառուցում է իր շուրջ՝ իր անվտանգության ու հարմարության առաջնային պահանջով։ Ուստի, երբ վայրի բնության մեջ հայտնված մարդն ունենում է կյանքին ու առողջությանը սպառնացող խնդիր, նաև բնության վնասի հաշվին առաջնությունը տրվում է մարդուն։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար լավագույն միջոցը, թերևս, մարդու անվտանգության համար երաշխավորված պայմաններ ստեղծելն է, որպեսզի չառաջանան վերոնշյալ խնդիրները։
Այսպիսով, տեսանյութերում Խոսրովի արգելոց կատարած մեր հերթական ուղևորության վտանգներից մեկն եք տեսնում՝ Վահագնի ջրվեժի վտանգավոր երթուղին, որին հասնելու համար անցնում ես կյանքի ու մահվան երկու փուլով։ Առաջինը՝ մեծ թեքությամբ սահող ճանապարհն է, երկրորդը՝ ուղղահայաց ապառաժի եզրով անցումը։ Երկուսի դեպքում էլ անհրաժեշտ է դրսևորել գերզգուշություն և համարձակություն։ Լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկը չի հաղթահարում վախը և մնում է մենակ՝ այդպես էլ ջրվեժը չտեսնելով։
Հաջորդ վտանգավոր գոտին Աստղիկի ջրվեժ գնացող ճանապարհահատվածն է։ Կածանը երկու տեղ անցնում է ձորի պռունկով և նորից մեծ թեքության պայմաններում։ Սայթաքելու դեպքում զբոսաշրջիկը կհայտնվի ձորում։
Այսպիսով, առնվազն չորս հատված այս քայլարշավային երթուղու ընթացքում մահացու վտանգավոր են։ Վնասվածք ստանալու դեպքում էլ առաջին օգնությունն անպայման կուշանա, քանի որ անտառի տարածքում հեռախոսի կապ առհասարակ չկա, ինչը լավ է, բայց օգնություն կանչելու հնարավորություն նույնպես չկա։ Նման դեպքում օգնություն ստանալ հնարավոր կլինի, եթե որևէ մեկը ոտքով՝ հաղթահարելով 5-8 կմ տարածություն, կհասնի անտառի պահակակետ, կամ պահակակետին մոտ գոտի՝ ուր կա կապի միջոց, և օգնություն կանչի։ Արդյո՞ք օգնությունը չի ուշանա։
Մյուս կողմից, պահպանվող գոտում չի կարելի կառուցապատում անել, կամ կիրառել շինարարական այնպիսի նյութեր, որոնք կարող են հակազդել բնամիջավայրին։
Սակայն հնարավոր է ու, երևի պարտադիր, հոգալ այդ երթուղու վտանգավոր գոտիների որոշակի «բարեկարգում»՝ կիրառելով բնական հումք՝ փայտ, պարաններ։ Վստահ եմ, որ ցանկության դեպքում հնարավոր կլինի դա կազմակերպել պատշաճ ու նվազագույն վնաս հասցնելով միջավայրին։ Իսկ սուղ միջոցների պայմաններում՝ օգտագործել կամավորների ֆիզիկական ու աշխատանքային ուժը։
Ի վերջո, խելամիտ օգտագործելու դեպքում անտառ-արգելոցը նույնպես կարող է դառնալ երկրի պետբյուջեն լցնելու միջոց։ Այլ հարց է, որ ՊԵՏՔ է խստագույնս վերահսկել անտառ մուտք գործող մարդկանց, մեքենաների ու մոտոցիկլների վարքը, անգամ երաժշտությունը, որը տաշի-տուշի մակարդակով խախտում է կենդանական աշխարհի անդորրը։
Խոսրովի անտառ-արգելոցի տարածքում մեր ուղեկիցն էր պրոֆեսիոնալ լեռնագնաց Նորայր Ղուբասարյանը, որը հավատարմագրված է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից»։