«Գուցե հնարավոր լիներ մեղադրյալին փրկել, եթե դահլիճում գեթ մեկ գրագետ մարդ լիներ»․ Հայկ Մարտիրոսյան
529
Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 22:36
ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Արմեն Գրիգորյանին ծանոթ էի շատ հպանցիկ: Երբ հայկական քաղաքական դաշտում, չլինելով նախկինների մաս, առաջինը սկսեցի խիստ սուր քննադատել փաշինյանական ռեժիմը, Գրիգորյանը մի քանի անգամ ինձ պատահաբար հանդիպելիս գովասանքի և գնահատանքի խոսքեր ասաց: Այդքանը: Հետո, իհարկե, հայտնվեցինք թշնամական ճամբարներում: Իր հետապնդած օրակարգը մեղմ ասած՝ մեծապես անընդունելի է համարում Բևեռը: Ինքն էլ մեզ էր ատում: Վստահաբար: Արմեն Գրիգորյանի մասով հայտարարություն Բևեռն այսօր արել է: Եվ դա անաչառ՝ հանգուցյալի հանդեպ՝ արդեն հանգուցյալ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հարգալից, բայցև ողջ իրականությունն արտահայտող հայտարարություն է: Եվ այստեղ ես դրան չեմ անդրադառնա: Կուզենամ մեկ այլ կարևորագույն հանգամանք շոշափել: Արմեն Գրիգորյանի՝ թեքվելու պահին արդեն ակնհայտ է, որ նա ոչ թե ուշագնաց է լինում, այլ՝ հավանաբար սրտի կանգ է ունենում՝ cardiac arrest. Իհարկե, առողջապահական գիտելիքներից դարերով հեռու հայ հասարակությունում դա չէին կարող հասկանալ կամ կասկածել: Գուցե ոչ միայն հայ հասարակությունում: Բայց այն, որ նման ճգնաժամ ապրող մարդուն փորձում են «հով անելով», երեսին ջուր շփելով, ականջին բարձր գոռալով՝ իբր արթնացնել և այն էլ՝ նստած վիճակում՝ զարհուրելի, աններելի տգիտություն է և քարեդարյան մակարդակի մասին է վկայում: Եվ դահլիճում հազիվ գտնվեց մեկը, որ մտածեց պառկեցնելու մասին: Միաժամանակ՝ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չմտածեց և վստահ եմ՝ չգիտեր, որ նման իրավիճակում առաջին հերթին վերակենդանացման պարզ միջոցառում են կիրառում՝ CPR, այսինքն՝ երկու ձեռքով ճնշումային սեղմումներ են կատարում կրծքավանդակին և միաժամանակ՝ բերանից բերան փորձում օդ մղել թոքեր: Հաճախ՝ վայրկյաննների ընթացքում արվող այդ գործողությունն է, որ կյանքեր է փրկում և վերաաշխատեցնում կանգ առած կյանքը: Ոչ միշտ, բայց հաճախ: Ու դժվար է ասել, թե կհաջողվե՞ր արդյոք փրկել Գրիգորյանին, թե ոչ: Բայց չփորձելն ինքնին սոսկալի տգիտության մասին է վկայում: Սրտի կանգի պայմաններում ուղեղի բջիջները սկսում են անդառնալիորեն մեռնել տասնյակ վայրկյանների ընթացքում և արագ արձագանքումն է միայն, որ հիվանդին ապրելու շանս է տալիս: Բացի դա՝ նորմալ երկրների դատարաններում կամ դրանց հարևանությամբ նման դատաքննությունների ժամանակ փրկարարական-շտապօգնության խմբեր են հերթապահում: Հենց այսպիսի դեպքերի համար: Արմեն Գրիգորյանի կողքին մի քանի տասնյակ մարդ կար, բայց ոչ մի գրագետ, CPR-ի մասին իմացող ոչ մի մարդ չկար: Նորմալ երկրներում ընդհանրապես ոստիկաններն ու դատական կարգադրիչները, քրեակատարողական հիմնարկների աշխատողներն ու բոլոր ուժայիններն ընդհանրապես նախքան աշխատանքի անցնելը՝ վերակենդանացման հատուկ կուրսեր են անցնում և քննություններ հանձնում: Եվ ոչ Հայաստանի պես՝ միայն հանուն ռեժիմին որպես ջարդարար ծառայելով մի քանի դրամ աշխատելու՝ գյուղական բանվորից սահուն վերափոխվում ոստիկանի, կարգադրիչի կամ այլ հրոսակի: Գրիգորյանի մահվանը նպաստող հանգամանք կարող էր լինել նաև սաստիկ շոգի պայմաններում անմարդկայնորեն շոգ խորհրդային ՈւԱԶ-ով տեղափոխումը (եթե, իհարկե, դրանով են տեղափոխել, որ շատ հավանական է), որի խցիկում ջերմաստիճանն անտանելի բարձր է լինում, իսկ ջերմային տատանումը կարող է մեծ ծանրաբեռնվածություն ստեղծել սրտի վրա: Բայց դա կարող էր անառողջ մարդու սրտի կանգի պատճառ հանդիսանալ և ոչ անպայմանորեն՝ դրան անմիջապես հետևած մահվան: Տեսականորեն, սպեկուլյատիվ դաշտում՝ գուցեև հնարավոր կլիներ մեղադրյալին փրկել, եթե դահլիճում գեթ մեկ գրագետ մարդ լիներ: Բացառված չէ նաև, որ ոչինչ էլ չօգներ: Բայց փորձել և փորձել անմիջապես՝ ներկաները, հատկապես՝ իբրև թե իրավապահները, պարտավոր էին: Պետությունը մեռած է Հայաստանում: Այն չի էլ վերածնվել: Լավ աշխատում են միայն դավաճանության և պետականակործանման, ինչպես նաև բռնարարքների և քաղաքական հալածանքների ու խեղդման, նաև ֆինանսական ու հարկային կեղեքման պետական մեխանիզմները: Հասարակությունը տգետ է, նախնադարյան, ամոթալիորեն հետամնաց ու մեծամիտ: Եվ այդպես էլ այս հասարակությունը հանձնում է սեփական երկիրը թշնամուն ու անգամ չի էլ գիտակցում, որ երկրի կանգ առնող սիրտը ինքը հաստատ կարող է վերագործարկել, որ երկրի մահվանը հով անելով կամ ջուր շփելով և հետո տներով գնալով չեն արձագանքում: Տգիտությունն ու հիմարությունը կերել են մեզ: Ինչպես անհատները դրա արդյունքում փրկվելու շանս չունեն, այնպես էլ՝ երկրները»: