Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

««Նեխած ձկան» մեթոդի նպատակը ոչ թե մեղադրանքն ապացուցելն է, այլ լայն քննարկում ապահովելը»․ Վ․ Հովհաննիսյան

««Նեխած ձկան» մեթոդի նպատակը ոչ թե մեղադրանքն ապացուցելն է, այլ լայն քննարկում ապահովելը»․ Վ․ Հովհաննիսյան
170
Կիրակի, 17 հուլիսի, 2022 թ., 20:00

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս մի օտարալեզու հոդված կարդացի՝ ԽՍՀՄ տարիներին, որոշ բուհերի զինվորական կաֆեդրաներում դասավանդվող ռազմական հատուկ պրոպագանդայի մասին, որի նպատակն է տարաձայնությունների առաջացումը թշնամի պետության հասարակության մեջ։ Նույն այդ մեթոդները ներկայումս կիրառվում են սեփական երկրների հասարակությունների դեմ։
Որոշակի հատվածներ թարգմանել եմ, եթե հետաքրքիր է կարդացեք։ Միևնույն է շոգ է, կիրակի և շատ անելու բան չկա։ Եվ այսպես․
Ռազմական, կամ որ նույնն է՝ «սև» պրոպագանդան, իր առջև դրված խնդիրների՝ լուծման նպատակով ենթադրում է իրական փաստերի ցանկացած աղճատում։ Որպես այդպիսին օգտագործվում են հետևյալ մեթոդները․
«Նեխած ձկան մեթոդը» աշխատում է հետևյալ կերպ․ որպես թիրախ ընտրված անձի դեմ ներկայացվում է կեղծ մեղադրանք։ Շատ կարևոր է, որ մեղադրանքը լինի հնարավորինս կեղտոտ և սկանդալային։ «Նեխած ձկան» մեթոդի նպատակը ոչ թե մեղադրանքը ապացուցելն է, այլ դրա վերաբերյալ լայն քննարկում ապահովելը։ Հասարակական գիտակցությունը կառուցված է այնպես, որ հենց ի հայտ է գալիս մեղադրանքը, նույն ժամանակ հայտնվում են նաև այդ մեղադրանքի պաշտպաններն ու դատախազները, կողմ ու դեմ անձինք, տարատեսակ փորձագետներ և այլք։ Անկախ իրենից իրարամերժ հայացքներից ու դիրքորոշումներից, լայն քննարկումների ընթացքում տարատեսակ փորձագետները, կամա թե ակամա, թիրախ ընտրված անձի անունը կապում են ներկայացված մեղադրանքի հետ, դրանով իսկ ավելի ուժգին «քսելով հոտած ձուկը նրա հագուստներին» որի հետևանքով ձկան հոտը այդ անձին ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Հետագայում և մշտապես անձի անունը կապված է լինելու մեղադրանքի հետ և որևէ մեկին այլևս չի հետաքրքրելու մեղադրանքն, ի վերջո, կեղծ էր թե իրական։ Անձի կերպարն ու անունը անդառանալիորեն արատավորվել է։
«40/60 հարաբերակցության մեթոդը» աշխատում է հետևյալ կերպ․ Ստեղծվում է կեղծ ԶԼՄ, որը սկզբնապես 60 տոկոսի չափով տարածում է այնպիսի տեղեկատվություն, որը բխում է թիրախ ընտրված պետության, կամ հասարակության որևէ շերտի շահերից։ Այն պահից սկսած, երբ ԶԼՄ-ն իր այդ տեղեկատվության շնորհիվ գրավում է տվյալ պետության, կամ հասարակության շերտի վստահությունը, հետզհետե, 40 տոկոսի չափով, սկսում է տարածել սեփական շահերից բխող ապատեղեկատվություն։ Արդյունքում՝ 40 տոկոս ապատեղեկատվությունը, 60 տոկոս ճշմարտացի տեղեկատվության հետ ընկալվում է թիրախ պետության կամ հասարակության կողմից։ Ընդ որում՝ թիրախները չեն ընդունում ապատեղեկատվության վերաբերյալ որևէ փաստարկ՝ վկայակոչելով 60 տոկոս ճշմարտացի տեղեկատվությունը։
Այս մեթոդը կիրառվել է Գեբելսի կողմից՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատրեազմի ողջ ընթացքում գործում էր հակաֆաշիստական պետություններում հեռարձակվող ռադիոկայան, որը ներկայացվում էր, որպես բրիտանական և տարածում 60/40 տեղեկատվությունը։ Միայն պատերազմի ավարտին բացահայտվեց, որ այն հիմնվել է Գեբելսի կողմից։
Կիրառվում են նաև «Մեծ ստի», «Բացարձակ ակնհայտության» և այլ մեթոդներ, սակայն այսքանը բավական է, շոգ է և կիրակի։

Լավ մնացեք ու կուտ մի՛ կերեք»։