Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սրանով փորձ է արվում չեզոքացնել Հայաստանի վրա ճնշման ևս մի ռուսական լծակ»․ Աշոտ Տերտերյան

«Սրանով փորձ է արվում չեզոքացնել Հայաստանի վրա ճնշման ևս մի ռուսական լծակ»․ Աշոտ Տերտերյան
221
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 17:12

Իրավաբան Աշոտ Տերտերյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Հայաստանը առաջին անգամ չի ենթարկվում Ռուսաստանի պահանջին ու դրա դիմաց ստանում է ադրբեջանական հարձակումներ, մարդկային և տարածքային կորուստներ։
Մինչ այս, Հայաստանը մշտապես զիջել է Ռուսաստանին՝ մտել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ռուսական զորքեր է տեղակայել Հայաստանում, համաձայնել է էներգետիկ կախվածությանը, մտել է ԵԱՏՄ։
Միշտ բացատրությունը եղել է այն, որ Ռուսաստանը հզոր է՝ մեզ կվնասի։
Ես հիշում եմ, երբ 2013-ին արագ մտանք Մաքսային Միություն, մեզ ասում էին, որ մենք չենք կարող կորցնել Ղարաբաղը։
Բայց արդյունքում՝ միևնույնն է կորցրինք Ղարաբաղը։
Ռուսաստանի հանդեպ այս զիջողական քաղաքականությունը կոչվում է՝ Հայաստանի անկախության զիջում՝ անվտանգության դիմաց։
Հիմա Հայաստանը չի ենթարկվում Ռուսաստանի պահանջին, չի զիջում իր ինքնիշխանությունը կարծեցյալ անվտանգության դիմաց ու դա ծանր է նստում մեզ վրա։
Բայց միևույնն է, ռազմավարական հեռանկարում Հայաստանի այս քաղաքականությունը ճիշտ է։
Տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը ևս այս քաղաքականության մաս է։
Սրանով փորձ է արվում չեզոքացնել Հայաստանի վրա ճնշման ևս մի ռուսական լծակ՝ ի դեմս ադրբեջանական հարձակումների։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Արդեն ճանաչում է։
Սա չի նշանակում, որ զորքերը դուրս կբերի Հայաստանից, կամ հետագայում չի հարձակվի։ Բայց զսպող ազդեցություն ունի միանշանակ։
Հայաստանը քաղաքականություն է վարում ռուսական լծակները հերթով վերացնելու ուղղությամբ։
Նույնն է նաև Արցախի հանդեպ ՀՀ քաղաքականության բնույթը։
Արցախի հարցը Հայաստանի հարցից տարանջատելը՝ Ռուսաստանին թողնում է կղզու վրա։
Որովհետև հիմա մեզ ստիպում են զիջել Ռուսաստանին՝ «Արցախը պահելու համար»: Այսինքն հին սխեմային ենթարկվել։
Արցախից կտորներ պոկելը ռուսական ճնշումն էր Հայաստանի վրա։
Ինչին Հայաստանը արդեն չի գնում։
Ինչպես արդեն երևակայվում է, Հայաստանը փորձում է դուրս գալ «ինքնիշխանություն անվտանգության դիմաց» սխեմայից։
Իսկ Արցախի գոյության գրավականը ինքնիշխանության բարձր մակարդակ ունեցող Հայաստանն է, ի հեճուկս բոլոր նրանց ովքեր Արցախը պահելու դիմաց Հայաստանի ինքնիշխանությունը զիջում էին և այսօր էլ խորհուրդ են տալիս անպայման զիջել»:

Աղբյուրը`   Աշոտ Տերտերյան