«Այս մարդն այդպես էլ չհասկացավ պարզ բաներ»․ Ստեփան Դանիելյան
191
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 19:25
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս մարդը՝ գործող վարչապետն, այնպես էլ մեր հասարակությաան անդամներից շատերն, այդպես էլ չհասկացավ պարզ բաներ: Նախ այն, որ Անկախությունը չի նշանակում ինչ ուզես անես: Այս աշխարհում բոլորը բոլորից կախված են ու այդ կախվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքով, տնտեսական պոտենցիալով, պարենային անվտանգությամբ, դեմոգրաֆիայի վիճակից, պետական ինստիտուտների որակից, ռազմական պոտենցիալից, այդ թվում նաև Ռազմական արդյունաբերության հնարավորություններից, հարևանների հետ մշակութային ընդհանրության աստիճանից և այլն, ցուցակը կարելի է շարունակել: Այս ամենից ելնելով բնորոշվում է երկրի անվտանգության աստիճանը, որով էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Անվտանգության աստիճանը պայմանավորված է նաև ուժերի բալանսից, և դրան հասնելու համար անվտանգության համակարգերի ճամբարներում ես անդամագրվում: Ըստ այդմ, անվտանգության ճամբարում յուրաքանչյուր անդամի ներդրումից էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Շատ ես ներդնում, ունեն մեծ ռեսուրսներ, քո ձայնն ավելի լսելի է՝ ավելի բարձր սուվերենության աստիճան ունես, քիչ ես ներդնում ու հիմնականում ուրիշների հաշվին անվտանգության սպառող ես, քո սուվերենության աստիճանը ցածր է ու արդյունքում միջազգային հանդիպումներում քեզ մեջքով են շրջվում, կամ մի կերպ բարևում: Իսկ եթե դա մոտենում է 0-ի, մտնում ես այս, կամ այն երկրի կազմի մեջ, կամ էլ բնակչությունդ արտագաղթում է ապահով վայրեր: Կրկնեմ, բոլորը բոլորից կախված են ու կախվածության աստիճը պայմանավորված է վերը թվարկված հանգամանքներով: Այսքանը չհասկանալով, Հայաստանի ու Ադրբեջանի վեճը տանելով ՀԱՊԿ, ինչը ստրատեգիական սխալ էր, դառնում ես հերթական անգամ պարտված, անիմաստ տեղը: Բելառուսի նախագահը շատ անկեղծ ելույթ ունեցավ, անգրագիտության վերացման շրջանակում, ու ցույց տվեց իրերի իրական դրությունը: Դա դուր է գալիս քաղաքականությունից հեռու ու տրամաբանության հետ Դուք-ով շփվող Հայաստանի սպառողին, թե ոչ, բացարձակապես կարևոր չէ, մարդն ուղղակի պարզ իրականությունը ներկայացրեց: Պետք է վերջնական լոխ լինես, որ թույլ տաս քեզ այդ ակնհայտ բաները ստիպված լինեն բացատրել: Հաջորդ քայլերում գործող վարչապետն անգրագիտության վերացման շրջանակում դասախոսություն կլսի ԵՄ-ում ու Իրանում»: