Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ահա թե ինչու էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը». Խոսրով Հարությունյան

«Ահա թե ինչու էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը». Խոսրով Հարությունյան
209
Կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ., 14:36

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է. «Ո՞րն է հանրահավաքի դերը
Վերջին օրերին ոմանք բարձրացնում են հարցը, առ այն, որ եթե որևէ գործողություն չի իրականացվելու, ապա ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անցկացնելը։ Ընդ որում «գործողություն» ասելով շատերը ի նկատի ունեն այնպիսի վճռական քայլերի իրականացման նախաձեռնություն հանրակավաքի կազմակերպիչների կողմից, որոնք կբերեն իշխանափոխության։
Թողնենք մի կողմ այն, որ այդ մտքերի հեղինակները, մեծի մասամբ, իրենց չեն տեսնում այդ «վճռական» քայլերը կատարողների մեջ։ Տվյալ դեպքում, ըստ իս, խիստ ապակառուցողական է, եթե ոչ վտանգավոր, այն մտայնությունը, որ հանրահավաքները դիտվում են իշխանությանը «ԲՌՆԻ» հեռացնելու միջոց կամ գործիք։ Ի դեպ այս մտայնության ձևավորմանը նպաստել են նաև ընդդիմության լիդերները, հաճախ պնդելով՝ «եթե փողոց ելնի հարյուր հազար մարդ, ապա իշխանափոխությունը կդառնա անխուսափելի» կամ «փողոցով եկածները՝ փողոցով էլ կգնան»։ Նման պնդումները շատերի մոտ ձևավորեցին սխալ սպասումներ հանրահավաքներից։ Ընդ որում շատերը մարդաշատ հանրահավաքների միջոցով իշխանափոխությանը հասնելու իրենց համոզվածությունը հիմնավորում էին 2018թ. հանրության զանգվային ընդվզմամբ, չգիտակցելով այն պարզ իրողությունը, որ 2018-ի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, որովհետև կար իշխանություն, որը հաշվի նստեց հանրության դիրքորոշման հետ և գիտակցելով սեփական պատասխանատվությունը Երկրի ապագայի հանդեպ՝ հրաժարական տվեց։
Ուստի հանրահավաքները ուղղակիորեն իշխանափոխություն իրականացնելու միջոց չեն։ Նրանք հանրային կարծիք ձևավորելու և իշխանության վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոց են։
Այլ հարց է, որ քաղաքական ճնշման այդ գործիքը կարող է արդյունավետ լինել և հանգեցնել իշխանափոխության միայն իրական ժողովրդավարության պարագայում և ոչ թե ժողովրդավարության շղարշով քողարկված ավտորիտար կառավարման համակարգում։
Ոստի ժամանակն է հստակեցնել քաղաքական պայքարի այդ գործիքի վերաբերյալ հանրության իրական սպասելիքները՝ հանրահավաքը նախ և առաջ իշխանությունների հանդեպ հանրային կարծիք ձևավորելու և նրանց վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու քաղաքական գործիքներից մեկն է, որի արդյունավետությունը, անշուշտ, պայմանավորված է հանրահավաքի մասնակիցների քանակով։
Իսկ նոյեմբերի 5- ի հանրահավաքի գլխավոր նպատակը Արցախի մեր հայրենակիցներին սատարելու մեր հավաքական անկոտրում կամքի դրսևորելն ու թե՛ իշխանություններին և թե՛ արտաքին խաղացողներին մեր քաղաքական կարմիր գծերը ցուցադրելն էր։ Ահա թե ինչո՞ւ էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը։
Համոզված եմ՝ թե՛ միտինգը և թե՛ երթը՝ մասնակիցների տպավորիչ քանակով և թե՛ Հայտարարությունն՝ իր բովանդակությամբ միանգամայն բավարարեցին մեր բոլորիս սպասելիքները»։