Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Մի դրվագ հայոց անցյալից». Խաժակ Սիրեկանյան

«Մի դրվագ հայոց անցյալից». Խաժակ Սիրեկանյան
540
Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 02:12

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի դրվագ հայոց անցյալից
Հայոց շատ եկեղեցիների տակ կարելի է տեսնել հեթանոսական տաճարների հիմքեր, իսկ խորաններում՝ սրբազան կրակի մոխիր:
Ագաթանգեղոսն, անդրադառնալով քրիստոնեության տարածման ժամանակ Դիցապաշտ Հայոց մեհյանների կործանմանը, բազմիցս նշում է նրանց ընդարձակ տիրույթների ու գանձերի մասին:
Օրինակներից մեկն է Արտաշատում Անահիտ Դիցամոր ու նրա մոտ գտնվող Տիր Դիցի մեհյանների ավերման նկարագրությունը՝ նրանց մթերյալ գանձերը գրավեցին, բաժանեցին աղքատներին, իսկ դաստակերտները՝ տաճարներին պատկանող քաղաքատիպ ավանները, նրանց սպասավոր քրմերով, հողերով և սահմաններով՝ նվիրվեցին եկեղեցուն։
Համանման վկայություններ պատմիչը հաղորդում է նաև Արամազդի, Անահիտի, Նանեի, Միհրի մեհյանների, ինչպես և Վահագնի, Աստղիկի և Անահիտի՝ Աշտիշատում գտնվող մեհյանների կործանման առիթով:
Տարոնի երկրում՝ Աշտիշատում, Քարքե լեռան լանջին բազմած՝ Վահագնի գլխավոր՝ Վահեվանեան մեհյանը հիշատակելիս նա բնութագրում է՝ «մեծագույն մեհյանը լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով»։
«Քրիստոնության հաստատման մեջ դեր խաղաց հելլենիզմը, բայց հելլենիզմը Հայաստանում ոչ թե ծնեց քրիստոնեություն, այլ ճանապարհ բացեց նրան:
Այդ հանգամանքը կարևոր է:
Ինչ էլ որ լինի, քրիստոնեությունը եկամուտ էր և դեռ՝ խորթ:
Փոքր Ասիայից և Միջագետքից քարոզիչներ էին շրջում Հայաստանում:
Նրանցից մեկն էլ Գրիգորն էր, որ կարողացավ մոտենալ գահին: Նա կեսարացի էր և եկավ Հայաստան ու նստեց Թադևոս առաքյալի աթոռին:
Գրիգորը ձեռնադրվելով՝ Կեսարիայից մենակ չվերադարձավ: Նա իր հետ կրոնավորներ բերեց՝ եղբայրներ
Նա բերում է նաև Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի նշխարները և թաղում Իննակնյան կոչվող վայրում, որ հեթանոսական պաշտամունքի կենտրոն էր, և նրանց վրա կառուցում առաջին եկեղեցին՝ «նախ անտի սկիզբն արար շինելոյ զեկեղեցիս»:
Նույն՝ Իննակնյան վայրում Գրիգորը թողնում է կրոնավորելու Անտոնին և Կրոնիդեսին…
…Այդպես, Հայ եկեղեցին բարձրացավ ազգային սյուների վրա (դրանք Տրդատը իր ուսերով բերեց Մասիսից), որոնց տակ օտա՛ր աճյուններ կային, և օտա՛ր ձեռքով նրա դուռը բացվեց վաղորդյան աղոթքի համար:
Նորաստեղծ եկեղեցու կազմը միատարր չէր. «Ուստեք-ուստեք եկեալ են ժողովեալ»,- գրում է պատմիչը
Հնագույն տաճարների կործանումը վկայված է բազմաթիվ տեքստերում, ինչը և փաստում է հաճախ հնագիտությունը. խաթարված ծեսեր, քանդված տաճարներ, հատված (կտրված) սրբազան ծառեր, սրբազան աղբյուրների աղտոտում:
Քրիստոնեական առաքելության պատմությունը լեցուն է ավերման – կործանման արշավները խանդավառությամբ որպես հերոսական քաջության գործողություններ ներկայացնելու դրվագներով»:

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան