Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԱԺ նախագահը ֆուտբոլ նայելու կարող էր գնալ միայն պաշտոնից հրաժարվելու դեպքում»․ Լ․ Բարսեղյան

«ԱԺ նախագահը ֆուտբոլ նայելու կարող էր գնալ միայն պաշտոնից հրաժարվելու դեպքում»․ Լ․ Բարսեղյան
311
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 14:42

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Կոնդակ խորանարհության
Նրանց համար, ով չի հասկանում իշխանությունների անգործության իմ քննադատությունը, տեղեկացնեմ: Ես 2018 թվի մայիսի 8-ից համարել եմ, որ ով իշխանություն է դառնում, պաշտոն է ստանում, պիտի աշխատի օրական 14-16 ժամ, պիտի քնի աշխատասենյակում կամ ավտոյի մեջ՝ գործով ճամփեքին, տնեցիներ հետ կարճատև տեսակցություններ պիտի ունենա, երեխաները պիտի կարոտեն ու օրերով չտեսնեն իրենց, տեսնեն թեկուզ աշխատավայրում, չնչին բացառություններով՝ երեխա ամուսնացնել, հիվանդանոց ծնողին այցելել և այլն: Այս մասին շատ եմ գրել և խոսել:
Ոմանց թվացել է, թե ես չափազանցնում եմ: Ոչ, ես համարել եմ և համարում եմ, որ միայն այդպես կարելի է լցնել էն փոսը, որը փորվել է տասնամյակներ ու երկիրը նետվել է այնտեղ, միայն այդպես է հնարավոր լցնել փոսն ու երկիրը քաշել հանել այնտեղից: Ոչ մի շռայլություն, ժամանց, կայֆ ու վայելք չպիտի իրեն թույլ տար ու թույլ տա հեղափոխությամբ իշխանության եկածը, իսկ հներից իշխանության մեջ աշխատողներին պիտի բացատրվեր, որ բացառիկ ու հսկայածավալ ջանքի ժամանակն է եկել, տարիների չարածն անելու ժամանակն է եկել, մնում եք մնացեք, չէ՝ բարչի ճամփա: Բազային վայելքը պիտի լիներ ԱՇԽԱՏԱՆՔԸ և վերջ: Ես այլ ճանապարհ չգիտեմ երկիրը ոտքի հանելու, այդպես էլ ասել եմ:
ԱԺ դահլիճում հատուկ նկարվող/ինքնանկարվող, ֆեյսբուք դնող տակը «աշխատանքային» գրող, ֆուտբոլներում և քեֆերում տժժացող հեղափոխական իշխանություն, այն էլ այսպիսի մեգախնդիրների մեջ թաղված երկրում, չպիտի լինի, եթե աշխատանքից զատ այլ վայելք եք նախընտրում, գնացեք զբաղվեք, ինչ է պատահել, բայց երկուսը մեկտեղ չի լինելու, երկուսը մեկտեղ ստացվում է նոր սերժապետություն նոր Հայաստանի փոխարեն, նոր խնդիրներն էլ վրադիր: Մեզ մոլեռանդ ճգնավոր ու ուումնատենչ իշխանություն է/էր պետք: Բացառություններ կան, իհարկե, և կառավարությունում, և գործադիրի ճյուղերում և խորհրդարանում, հիմա անունները չտամ, հանկարծ հետները չտանեն ֆուտբոլ նայելու: Կարելի էր կարծել, թե մինչև 20-ի պատերազմը չէին հասկանում շատերը, լավ չէին հասկանում, ջահել էին, խակ էին, իսկ հիմա՞, հիմա էլ չեն հասկանո՞ւմ, որ ԱԺ նախագահը ֆուտբոլ նայելու կարող էր գնալ միայն այդ պաշտոնից հրաժարվելու դեպքում:
Վստահեցնում եմ, որ մեկի դեմ անձնական բան չունեմ, շահ չունեմ, թշնամանք չունեմ, քննադատություններս ուղղված են հանցագործության մակարդակի հասնող անգործությանը, թափթփվածությանը, ցինիզմին և լկտիությանը, տարբեր դեպքերում՝ տարբեր ծավալներով, հակառակություն ու կատաղի զայրույթ ունեմ: Դրա ապացույցները (նկարները, տեսագրություններ և այլն) տեսնելիս հիշում եմ Ավարայրի ճակատամարտի այն անեկդոտը, որում պարսիկները մարզվում են, իսկ հայերը խորոված են անում, նարդի են խաղում, ու Աստված ասում է՝ էս ախմախները էլի հույսը վրես են դրել ... ՈՒզում եմ ասել.-Ալեն ջան, ախպեր ջան, հաջորդ հարձակման ժամանակ, էդ ֆրանսիական մայկով ել սարեր, տես ինչ են անում թաթարները, շարֆդ չմոռանաս, ցուրտ կլինի ...»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան