«Եթե չենք ուզում հարևանների հետ կարգավորման գնալ, դրանում Ռուսաստանը կամ Արևմուտքը մեղք չունեն». Ս. Սուրենյանց
218
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 01:06
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Չեմ ուզում, որ ամիսներ հետո ձեր «կտերի» պատճառով՝ հիմա էլ ազգը Արևմուտք քրֆի... Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից ու միջնորդ չէ: Սա ակնհայտ փաստ է: Բայց ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է խոստանում Արևմուտքը, արդյո՞ք իրականություն է դարձնելու մեր այն հավակնությունները, որոնց չբավարարման հետևանքով՝ հիասթափվել ենք Ռուսաստանից: Եթե հիմք ընդունենք Պրահայի հայտարարությունը ու մի քանի այլ փաստաթղթեր, արևմտյան լուծման պարագայում՝ Հայաստանը վերադարձնելու է անկլավները (տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Ալմա-Աթայի հռչակագրով, դա է ենթադրում), ԼՂ-ը թողում է Ադրբեջանի կազմում՝ Բաքու- Ստեփանակերտ դիալոգի հույսով, որն առաց խաղաղապահների՝ խոսակցություն է դառնալու Արցախի ժողովրդի անվտանգ էվակուացիայի մասին: Հիմա կասեն՝ Արևմուտքը երաշխավորում է Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Գուցե չվիճեմ, բայց դա Արևմուտքի «ծառայությունը» չէ, որովհետև Սյունիքը հայ- ադրբեջանական հակամարտության բադադրիչ կամ ԼՂ խնդրին փոխկապակցված հարց է դարձել 44-օրյա պատերազմից հետո: Այլ խոսքով, եթե ԼՂ «զոհաբերում» ես, Ադրբեջանի օրակարգից ինքնաբերաբար, հայելային սկզբունքով, դուրս է գալիս «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Սա է իրականությունը: Հենց դրա համար եմ ասում, որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարելի է գնալ՝ առանց արտաքին ռևերսների, մանավանդ, որ Արևմուտքը մեզ անվտանգային այլընտրանք կամ պաշտպանություն ռուսական հակազդեցությունից չի առաջարկում (ասվածը չի նշանակում, որ չպետք է ապահովենք Արևմուտքի որոշակի մասնակցություն կարգավորման գործընթացին) Հիմա իջեք ամպերից ու ընդունեք, որ այս պահին մենք պետք է կենտրոնանք հարաբերությունների կարգավորման այնպիսի լուծման վրա, որը, մի կողմից, երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի ու միջազգային երաշխավորների համար ստեղծում է պարտավորություն՝ Արցախի վարչատարածքային, քաղաքակրթական սուբեկտությունը(ինքնավարությունը), անվտանգությունը (այդ թվում՝ ռուսական խաղաղապահ առաքելության տևական պահպանման միջոցով) ապահովելու համար: Սա է իրականությունը, եթե նույնիսկ ընդունում ենք, որ ռուսները բարեխիղճ միջնորդ/ դաշնակից չեն: Իսկ արևմտամետներին խորհուրդ չեմ տա հեքիաթներ հորինել Արևմուտքի կողմից իրականում չխոստացված «վարդագույն» երազների մասին: Մենք իրավունք չունենք ռուսամետ կամ արևմտամետ կամ, որ ավելի սարսափելի է՝ հակառուս կամ հակարևմտյան լինել: Ես չեմ ուզում, որ ամիսներ հետո ձեր «կտերի» պատճառով՝ հիմա էլ ազգը Արևմուտք քրֆի... Եթե մենք չենք ուզում հարևանների հետ կարգավորման գնալ, դրանում Ռուսաստանը կամ Արևմուտքը մեղք չունեն»: