Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նախաքրիստոնեական դամբարի բյուջեի փողերով «ռեմոնտ» են արել»․ Ո․ Սարգսյան

«Նախաքրիստոնեական դամբարի բյուջեի փողերով «ռեմոնտ» են արել»․ Ո․ Սարգսյան
247
Երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ., 21:00

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նախաքրիստոնեական դամբարի բյուջեի փողերով «ռեմոնտ» են արել
Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձև դամբարան է: Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, և դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը: Դրա վկայությունն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հեթանոսական հավատքի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում: 2004թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Այն իրականացրել է Ալավերդուց շինարարական մի կազմակերպություն: 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում: Եվ չնայած դրան՝ 2005թ. ՀՀ վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները, նորոգման գումարը նպատակային են ծախսել: Նշենք, որ կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, բայց դրանց փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել: Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի և գույնի են: Մինչդեռ կառույցի մաս կազմած և նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանցից մեծ կույտ, պատնեշ է գոյացել: Շինարարները կարծես ոչ թե նշանավոր հուշարձանի, այլ՝ գոմի ծուռումուռ պատեր են շարել: Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում՝ մեծ չափով ներս ընկել: Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է: Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են՝ նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը:
Ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, քանդում կամ ձևափոխում հայկական հին հուշարձանները, Հայաստանի տարածքում հազարամյակների հնություն ունեցող այս կոթողը բյուջեի փողերով աղավաղվել է»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան