Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Սասնա Ծռեր»-ի ամանորյա ուղերձը 3 հունվարի Նուբարաշեն ՔԿՀ Իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանում և հայության անելիքը Թուլացող և Հարավային Կովկասից հեռացող Ռուսաստանի համար կենսականորեն կարևոր է, որ իր ռազմավարական թշնամի Արևմուտքն իր փոխարեն չհաստատվի Հարավային Կովկասում։ Այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանի (այսուհետև՝ Արցախը ներառյալ) ինքնիշխանության, տարածքի ու շահերի հաշվին տարածաշրջանը կիսում է Թուրքիայի հետ, սիրաշահում է Ադրբեջանին, ինչպես նաև սրանց հակակշռելու համար ներքաշում է Իրանին՝ հույս ունենալով, որ այդպիսով գոնե մասամբ կմնա տարածաշրջանում, իսկ հետագայում ուժ կհավաքի և կվերականգնի իր դիրքերը։ Տարածաշրջանում գոնե մասամբ կառչած մնալու համար Ռուսաստանն առաջին հերթին ձգտում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի վրա և հնարավորության դեպքում այն դարձնել ռուսական գուբերնիա։ Արևմուտքը, զրկված լինելով Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հենարանի վերածված Հայաստանի որոշիչ աջակցությունից, տարածաշրջանում հաստատվելու համար օգտագործում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են հնարավորինս մեծ շահաբաժիններ ստանալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասություններից ու մրցակցությունից։ Նրանց առավելագույն նպատակն է՝ անցումային անվերահսկելի ժամանակահատված ստեղծել և այդ խառնակ ընթացքում ոչնչացնել Հայաստանը, որպեսզի Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնեն ու այնպես անեն, որ Արևմուտքը ստիպված լինի բավարարվել անուղղակի ազդեցությամբ, իսկ իրենք անդառնալի տիրապետություն հաստատեն տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը, որի գերնպատակն է ամեն գնով պահել աթոռը, այս բարդ խաղում դեռևս ծառայում է Ռուսաստանին, բայց զուգահեռաբար ձևականորեն անցնում է Արևմուտքի տիրույթ, իսկ իրականում սպասարկում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Նա օրերն է հաշվում, թե երբ է Հայաստանը հայտնվելու Թուրքիայի ազդեցության տակ, որպեսզի դառնա Թուրքիայի արտատարածքային վիլայեթ - Հայաստանի վալի։ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքականապես մահացու է տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության հաստատումը, քանի որ այդ դեպքում Հայաստանն իրապես կդառնա ժողովրդավարական, ինչի պարագայում նա կկորցնի աթոռը։ Նիկոլ Փաշինյանի կեղծ արևմտամետ արտախորհրդարանական արբանյակները սպասարկում են նրան և հույս ունեն, թե վիլայեթ - Հայաստանում փայ կստանան իշխանական կերակրատաշտից։ Այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը և նրա արբանյակները սպասարկում են Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնելու ծրագիրը։ Փաստորեն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտը կիսվել ու գզվրտվում է հանուն վիլայեթ - Հայաստանի կամ գուբերնիա - Հայաստանի։ Երկու դեպքում էլ կորցնելու ենք Արցախը և, ամենայն հավանականությամբ, նաև Սյունիքը ու մի բան էլ ավելին։ Հաջորդիվ՝ կկորցնենք պետականությունը և Հայրենիքի վերջին կտորի վրա հայության հավաքական գոյությունը։ Լավագույն մաղթանքներ հղելով մեր ժողովրդին՝ տագնապով, բայց նաև անսասան հավատով փաստում ենք, որ հայությունը, եթե ուզում է Հայրենիք ու ապագա ունենալ, պետք է համախմբվի, տեր կանգնի իր ճակատագրին, ստեղծի ազգային կառավարություն, դաշնակցի Արևմուտքի հետ և հիմնական դեր ստանձնի Ռուսաստանին տարածաշրջանից վռնդելու գործընթացում։ Դա հնարավորություն կտա չեզոքացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները, հաղթահարելու ավելի քան 200-ամյա ռուս-թուրքական մահացու երկընտրանքը և վերջապես կերտելու բոլոր հայերի Հայրենիք ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը՝ վերածնյալ Հայքը։
Մխիթար Ավետիսյան Վարուժան Ավետիսյան Գագիկ Եղիազարյան Արեգ Կյուրեղյան Սեդրակ Նազարյան Էդվարդ Գրիգորյան Սմբատ Բարսեղյան»: