Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ըստ ադրբեջանական պետական հեռուստաընկերության՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն անդառնալի գործընթաց է». Տաթև Հայրապետյան

«Ըստ ադրբեջանական պետական հեռուստաընկերության՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն անդառնալի գործընթաց է». Տաթև Հայրապետյան
315
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 00:12

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ես ավելի վաղ իմ գրառումներում նշել էի, որ դեկտեմբերի 24-ին Ալիևը ելույթ էր ունեցել, որտեղ կոչ էր արել «հայեցակարգ մշակել Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» մասին: Ամբողջ քարոզչադաշտը դրանից հետո ողողվել է այդ թեզով:
Երկու օր առաջ ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որտեղ նշվում է՝ «Արմտյան Ադրբեջան» վերադառնալը դարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր գիծ: Նյութի մեջ մեջբերվում է Ալիևի՝ դեկտեմբերի 24-ի ելույթը: Հաղորդավարը նշում է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն անդառնալի գործընթաց է, որը կիրականացնեն խաղաղ ճանապարհով: Այժմ Ադրբեջանում աշխատում են դրա իրավական, քաղաքական, քարոզչական հիմքերի ստեղծման ուղղությամբ: Ցուցադրվող քարտեզում ՀՀ ներկայիս տարածքն է, որոնց նկատմամբ կիրառվել են ադրբեջանական շինծու անվանումներ: Նշվում է, որ հիմա կայք է ձևավորվում, որտեղ ցույց են տալու, թե ինչպես են հայերը քշել «բնիկ ադրբեջանական բնակչությանը» և հայերով բնակեցրել այդ տարածքը:
Նշեմ, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը, առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հետևյալ թեզը. «ՀՀ ԱԳՆ-ն, մեղադրելով Ադրբեջանին էթնիկ զտումների քաղաքականության մեջ, փորձ է անում կոծկել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի և Հայաստանի տարածքում ադրբեջանցիների դեմ իրագործված էթնիկ զտումների քաղաքականությունը»:
Երկու օր առաջ ռեպորտաժում արդեն խոսվում է, որ դա դառնալու է արտաքին քաղաքական գիծ, երկու օր անց ԱԳՆ տեքստում արդեն նման ձևակերպումներ են տեղ գտնում:
Թեզը նոր չէ, բայց այն նոր թափով է դրվում շրջանառության մեջ՝ Ալիևի հանձնարարականի հիման վրա, հսկայական գումարներ են ծախսվելու դրա քարոզչական շղարշի ապահովման ուղղությամբ: Այս կեղծիքն ու աբսուրդը խնդիրներ կարող են ստեղծել մեզ համար, եթե մենք դրան անլուրջ վերաբերվենք և մեր օրակարգերը չստեղծենք: Արդեն նշել եմ, որ առաջիկայում լրանալու է Բաքվի ջարդերի տարելիցը (1990 թ. հունվարի 13-19), որին պետք է պատրաստվենք և փաստական հենքի վրա ներկայացնենք: Մենք որևէ բան հորինելու կարիք չունենք, ցավոք, մեր պատմության մեջ ողբերգական դեպքերի և մեր ժողովրդի դեմ տեղ գտած վայրագությունների մասին փաստերը շատ են և անժխտելի: Բաքվի և Սումգայիթի ջարդերի հիշատակումը կարևոր է նաև Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը ներկայացնելու համար:
Իսկ ավելի երկարաժամկետ առումով պետությունը պետք է պատվերներ ուղարկի պատմաբաններին, կովկասագետներին, հավելյալ միջոցներ հատկացնի և սկսի օժանդակել նրանց՝ տարածաշրջանի պատմությունը փաստական հենքի վրա ներկայացնելու համար: Մենք այդ գիտական ռեսուրսն ունենք: Այս հարցը հայեցակարգային մոտեցում է պահանջում: Սա նաև առիթ է ցույց տալու, թե ինչպես է Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով տարածքային հավակնություններ ներկայացնում մեր պետության նկատմամբ:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ողջ տարածքը»:

Աղբյուրը`   Տաթև Հայրապետյան