«Նախկինները ևս կոռումպացված քայլեր էին անում և արդարանում էին լրիվ նույն կերպ». Մհեր Հակոբյան
249
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 21:36
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի դիտարկումներ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի վերաբերյալ. 1. Թերևս ամենակարևոր լուրը՝ 2023 թ-ին ՀՀ տարածքում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները ՉԵՆ ԿԱՅԱՆԱ: Նույնիսկ տպավորություն ստեղծվեց, թե ասուլիսը հենց սրա համար էր, 2. Վարչապետը կրկնեց տարածված այն թեզը, թե. «Կան ՄԱԿ-ի բանաձևեր», որոնք, իբր ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և, իբր, Արցախի հարցով դրանք մեր դեմ են: Սա բազմիցս ասել է հենց Ալիևը: ԻՐԱԿԱՆՈՒՄ հիշատակված բանաձևերը ընդունվել են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ Արցախյան I պատերազմի ընթացքում, սակայն դրանց գործողությունն, ըստ էության, կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումով: Ավելին, այդ բանաձևերն իրենք, եթե խորանում ես դրանց ձևակերպումների մեջ, ավելի շատ և ավեի շուտ վերաբերում են «Պատերազմը վատ բան է, դադարեցրեք», թեզին, քան՝ ադրբեջանական տարածքային ամբողջականությանը: Սա բազմիցս և բազում փորձագետներ են նշել, 3. Ասվեց, թե մեր պետություններն, իբր, ԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ, ուզում են ոչնչացնել մեկ մեկու: Իրականում այդ հենց Ադրբեջանն է ատում մեզ և կասկածի տակ դնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի գոյության իրավունքը տարածաշրջանում: Դրա ամենաթարմ ապացույցը հենց թեկուզ այն է, որ 2022 թ-ի դեկտեմբերի վերջին Ալիևը հատուկ հրահանգով շրջանառության մեջ դրեց թեզը «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ինչը հիմնականում ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իսկ այժմ հարց՝ ԿԱ՞ ՀՀ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, ԹԵԶ ԿԱՄ ՏԵՍԱԿԵՏ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանական Հանրապետության գոյությունը: ՉԿԱ: Այսինքն՝ վարչապետը ճիշտ չէ և դիտավորությամբ կամ առանց դրա ուղղակի պարզունականացնում է իրավիճակը՝ «իրենք մեզ, ուրեմն մենք իրենց» տարբերակով, 4. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1999 թ-ի հոտկեմբերի 27-ից հետո ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ: Սա ուղղակի չի համապատասխանում իրականությանը՝ ոչ տեխնիկական, ոչ կազմակերպչական և ոչ էլ կառուցվածքային առումով: Իսկ թե ինչո՞ւ հենց հիշատակված ամսաթվից, թերևս պարզ է՝ ակնարկ է արվում Վազգեն Սարգսյանի գործունեության ողբերգական ավարտին և դրանով փորձ է կատարվում տպավորություն ստեղծել, թե ասածը ճիշտ է, 5. Հնչեց միտք, թե. «ԱՇԽԱՐՀԸ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՐԴԲԵՋԱՆԻ ՄԱՍ»: Սա կրկին թուրք-ադրբեջանական հինավուրց թեզն է, որը չի համապատասխանում իրականությանը: Պարզ մի օրինակ՝ եթե դա այդպես է, ապա ընդհանրապես ինչո՞ւ է գործում ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ, չէ՞ որ խմբի գործունեության արդյունքում ընդունված տարբերակների հիմնական մասում Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունն այս կամ այն կերպ դրվելու է կասկածի տակ: Այս պայմաններում «Աշխարհը»՝ ի դեմս վերջինիս առաջատար ուժերի, ինչպե՞ս է ընդունել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, վճռականորեն պարզ չէ, 6. Արվեց պնդում, որ. «Անվտանգության ոլորտում ունենք ձախողումներ, ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ունենք հաջողություններ»: Իրականում, որպես Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող և գործող անձնավորություն ու իրավաբան, որը շփվում է պետական մարմինների հետ, կարող եմ պատասխանատու հայտարարել՝ ՈՉ ՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ, իսկ ինչ էլ կա՝ կոսմետիկ, ոչ էական, հետևանքներ չունեցող բաներ են: Ընդդիմության Քոչարյանա-Սերժական թևը այս մասին բազմիցս է նշել, լավ, իրենք սուբյեկտիվ են, բայց ի՞նչ ասել, եթե նույն բանի մասին են խոսում նաև այսպես կոչված «արևմտամետները»՝ Դանիել Իոաննիսյան, Լևոն Բարսեղյան, Սաքունց, Բևեռ և այլն, 7. Հարցեր հնչեց կոռուպցիոն ոլորտում, թե «իշխողները տենդերներ են շահում, առավելություններ են ստանում»: Տրվեց պատասխան, որը կարող է ամփոփվել հայտնի բանաձևով, թե. «ԹՂԹԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ Է», «Մարդիկ պետք է, չէ՞, աշխատեն մի որևէ տեղ, ի վերջո կրակը չընկա՞ն, որ հայտնի պաշտոնյայի մոտիկն են, մարդիկ կարող են, չէ՞, գնալ հանգստանալու մի որևէ տեղ»: Կարող են, պարոն վարչապետ, ուղղակի հիշեցնենք, որ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԵՎՍ կոռումպացված քայլեր էին անում և արդարանում էին լրիվ նույն կերպ, 8. Ողջ ասուլիսի ընթացքում առկա է մի հետքրքիր տենդենց, որ վարչապետը իրապես սուր հարցերի պատասխանից ըստ էության ՎԱՐՊԵՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԷՐ՝ պատասխանելով հարցի մի մասնավոր, իրեն ձեռնտու և փոքրիկ մասին: Հայտնի հռետորական հնարք է, բայց… դրանից չի փոխվում էությունը, որ հարցին չհնչեց պատասխան: Եվ այլն, և այդպես շարունակ… ինչպես կասեր դասականը»: