Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վերաբանակցել ու վերախմբագրել նոյեմբերի 9-ը. սա են պահանջում Մոսկվան և Բաքուն». Ս. Սաֆարյան

«Վերաբանակցել ու վերախմբագրել նոյեմբերի 9-ը. սա են պահանջում Մոսկվան և Բաքուն». Ս. Սաֆարյան
255
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 03:12

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Վերաբանակցել ու վերախմբագրել նոյեմբերի 9-ը. Մեզանից սա են պահանջում Մոսկվան և Բաքուն
Լաչինի միջանցքով Արցախ տեղափոխված երեխաների հանդեպ ռուսական կողմի թողտվությամբ կատարված, ըստ էության, ահաբեկչական ակտը մատնում է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև նոյեմբերի 9-ից դուրս գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել միջանցքում ու Արցախում՝ ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանին աստիճանաբար ներգրավելու շուրջ։ Վոլկովը հենց այնպես չէր թույլտվել, որ Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության տեսուչներ հասնեն Կաշենի հանքավայր։ Լավրովն ու ՄԱԿ-ում իր դեսպանն իզուր չէին ճանաչում Ադրբեջանի «էկոբողոքի» հիմնավորվածությունը։ Վոլկովը պատահական չէր խոսում մինիմաքսակետ դնելու մասին, իսկ ադրբեջանցիներն էլ հենց այնպես չէին խոսում «համատեղության» ու իրենց մասնակցության մասին։ Լավրով ու Զախարովան իզուր չէ, որ սրտնեղել էին, որ Միրզոյանը չի գնացել բանակցության, թեպետ հորդորել էին «ներկայանալ ու բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել»։ Իսկ առաջարկը լինելու էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբանակցելն ու Լաչինի միջանցքի և Արցախի համար նոր ռեժիմ սահմանելը, որը կնախատեսեր այս փուլում Ալիևի համաներկայություն ու ինսպեկցիայի իրավունք ռուսական պատասխանատվության գոտիներում... Բաքուն ու Մոսկվան առանց Երևանի դա անել չէին կարող ու չեն կարող, քանի որ նոյեմբերի 9-ի տեքստում դրա մասին տառ չկա... Լուծումը միայն այն է, որ Երևանի նոր համաձայնությամբ դա ավելացվի... Երևանը հրաժարվեց վերաբանակցել ու վերախմբագրել նոյեմբերի 9-ը, դրա համար արժանացավ սեպտեմբերի 13-ի ագրեսիային։ Բայց կրկին չհանձնվեց։ Անցան պլան Բ-ին. փակեցին Լաչինի միջանցքը։ Ստեփանակերտը, եթե անգամ համաձայնությունների էլ գար Ռուսաստանի միջնորդած բանակցություններում, միևնույնն է, չի կարող փոխել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որովհետև դրա կողմ չէ, այլ առարկան... Մի քանի փորձ կատարեցին ու հասկացան, որ անիմաստ է, մանավանդ որ Ստեփանակերտում էլ լուռ ու լուրջ դիմադրություն կար այդ պլանին... Գումարած, որ Բաքուն չի թողնում... Դրա համար պետք էր Երևանի վրա ճնշում՝ Ստեփանակերտի «էլիտան» Երևանի հետ հակադրելով, ու շրջափակված արցախցիների ճնշումը պաշտոնական Երևանի վրա... Արցախի ժողովրդին ուղիղ Հայաստանի իշխանությունների դեմ տրամադրել չստացվեց, որքան էլ հարակից հիստերիկ նոպաներ եղան հայտնի մեծ հսնրահավաքում... Իսկ այ, «էլիտայի» դեպքում խաղը ժայթքեց... Ռուբեն Վարդանյանը նախ հիասթափվեց, որ «Երևանից այլ վարքագիծ է սպասում», ապա Արցախի հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը նույն հարթության վրա դրեց (դա նրա ամենախայտառակ ու ամոթալի գրառում էր) , որից բոլորս գրեթե ուշաթափության մեջ ընկանք, բայց կարևորը Վարդանյանը Բաքվի ու Երևանի «հավասարեցված վերաբերմունքից» ավելի լավ հասկացավ, որ «պետք է պայքարի», կրկին կոչ արեց երկրներին (հավանաբար նկատի ունենալով նաև Հայաստանին...) բացել միջանցքը, ասել է թե՝ գնալ ու նոր ռեժիմը վերաբանակցել Բաքվի ու Մոսկվայի հետ... Կրկին չստացվեց, որովհետև Երևանը մերժեց, Արցախը չկոտրվեց, իսկ Ռուբեն Վարդանյանը լռեցվեց... Ու սա ճիշտ էր, քանի որ այլընտրանքը եռակողմ հայտարարության վերաձևումն էր / է ի վնաս հայկական կողմի...
Իսկ հիմա էլ Լավրովմ ի գիտություն է ընդունել Ադրբեջանի «տվյալները» Արցախ ականներ տանելու ու տեղադրելու մասին... Իսկ նրա խաղաղապահն էլ ադրբեջանցի էկոհրոսակին թույլատրում է ստուգել անցնող ավտոբուսը... Ասել է թե՝ «ստուգման հիմք կա», ինչպես հանքի դեպքում...
Ասել է թե՝ ռուս ադրբեջանական բանավոր պայմանավորվածություն կա... Հիմա հասկացանք, թե այդ երկուսն էլ ինչո՞ւ էին Հայաստանում, Ռուսաստանում ու Ադրբեջանում իրենց խոսափողներով ասում, խոսում, գրում, տպում, թե իբր մենք ենք բանավոր պայմանավորվածության տակ մտել... Որպեսզի կոծկվեր ռուս- ադրբեջանական բանավոր պայմանավորվածություն ու մեղքը թողնվեր մեր վրա....
Իսկ մենք և արցախցիները դիմադրում ենք։ Ու պետք է դիմանանք ու դիմադրենք, եթե չենք ցանկանում այն, ինչ վերը գրվել է»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան