Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Միջնադարյան Հայաստանի հայտնի մեծահարուստները. Ավետենց Սահմադին և Տիգրան Հոնենց

Միջնադարյան Հայաստանի հայտնի մեծահարուստները. Ավետենց Սահմադին և Տիգրան Հոնենց
326
Հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ., 00:18

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջնադարյան Հայաստանի հայտնի մեծահարուստները /օլիգարխները/
Ավետենց Սահմադին և Տիգրան Հոնենց
1. Ավետենց Սահմադին 13-րդ դարի հայ մեծահարուստ էր։ Հիշատակվում է նաև որպես «Սէնոպ Սահմադին»։ Չունենալով ազնվատոհմիկ ծագում, բայց հարստանալով հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ, առևտրով և հողային տիրույթների գնմամբ, դարձել է «պարոն»։
Ծավալել է շինարարական գործունեություն, նորոգել և կառուցել է եկեղեցիներ, հյուրատներ, պալատներ։ Նշանավոր էր իր Մրենի Արքայություն կոչված ապարանքը՝ «դրախտ» կոչվող պարտեզով, որը նա կառուցել է 1276-1286 թվականներին՝ ծախսելով 40 հազար դահեկան գումար։ Արճեշի, Երևանի, Օշականի և այլ եկեղեցիների արձանագրություններում Սահմադինը հիշատակվում է որպես բարեգործ։
Անիում թողած 1261 թվականի արձանագրության համաձայն՝ նա Սահիբ-Դիվանիի ու Քարիմանդինի հետ միասին Շահնշահ Զաքարյանի որդի Արդաշիրից գնել է Անի քաղաքը ու դարձել նրա «պատրոններից»/«պարոններից» մեկը
Ըստ Մրենի վանքում թողած արձանագրության՝ ՉԼԳ (1284) թվականին գնել է Մրեն գյուղաքաղաքը։ Հետագայում՝ Արղուն խանի օրոք՝ նաև Օշականն ու Արջոառիճը։
Ընդարձակ կալվածներ է ունեցել նաև Քաջբերունիքում։
Ըստ Երևանի Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության՝ 1264 թ.-ին գնել է Երևանն իր «հողով և ջրով:
Արձանագրության մեջ Սահմադինը նշում է, որ քաղաքը գնել է Աստծո ողորմությամբ ու ելղանի՝ մոնժոլական տիրակալի թույլատվությամբ։ Արձանագրության մեջ նշվում է նաև դահիակ կոչված հարկը վճարելու կարգը՝ թույլ տալով հողատերերին վաճառել իրենց հողակտորները ազատ կարգով՝ վճարելով համապատասխան հարկ Սահմադինին։ Ըստ էության, Երևանի բնակչության կազմում բազմաթիվ էին ազատ գյուղացիները ու դրանց թիվը պետք է որ զգալի լիներ, այլապես կարիք չէր լինի առանձին հրաման հրապարակելու՝ վաճառքները կարգավորելու համար:
2. Տիգրան Հոնենց
13-րդ դարի հայ խոշոր մեծատուն։ Չունենալով ազնվատոհմ ծագում՝ հարստացել է հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ և առևտրով։
Զաքարիա և Շահնշահ Զաքարյանների օրոք Անիում վարել է տնտական բնույթի բարձր պաշտոն (հավանաբար, հարկային վերակացու)։ Ձեռք է բերել խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ և այլն։
Ենթադրվում է, որ Տիգրան Հոնենցին են պատկանել Անիի որոշ թաղամասեր։ 1213 թվականին իր միջոցներով վերանորոգել է Անիի Մայր տաճարի աստիճանները, 1215 թվականին կառուցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (հայտնի է նաև Տիգրան Հոնենցի եկեղեցի անունով)։ Ըստ եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության, նա այդ եկեղեցուն նվիրաբերել է գյուղեր, այգիներ, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ, ջրմուղ, բաղնիք (պեղվել է 1893 թվականին)։
Տիգրան Հոնենցի միջոցներով է կառուցվել նաև Կուսանաց վանքի Ս․ Հռիփսիմե եկեղեցին, վերանորոգվել Բեխենց վանքը, կերտվել են խաչքարեր, պաշտպանական մի շարք շինություններ։
Ըստ Հ․ Օրբելու, թաղվել է Ծաղկոցաձորի քարայրային (ժայռափոր) դամբարանում (պեղվել է 1907 թվականին)՝ Հոնենցների տոհմական գերեզմանատանը:

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան