Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նախարարի՝ Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարևոր և ճիշտ քայլ էր». Գայանե Աբրահամյան

«Նախարարի՝ Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարևոր և ճիշտ քայլ էր». Գայանե Աբրահամյան
310
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 19:30

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Այս օրերին շատ են զանգում լրագրողները՝ հարցով՝ արդյո՞ք ճիշտ է Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, ընդ որում, ոմանց հարցերը հաճախ համեմված են դավադրապաշտական կամ դավաճան-թրքամոլ «բնորոշումներով», քանի որ ժամանակ չունեմ բոլորին արձագանքելու, կարճ այսպես գրեմ:
Նախարարի՝ Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարևոր և ճիշտ քայլ էր, որին նախորդել էր մարդասիրական օգնությունն ու փրկարարներ ուղարկելը, որը ևս մի քանի ասպեկտներով ճիշտ էր։
Օրեր առաջ Թուրքիա էր մեկնել նաև Հունաստանի արտգործնախարարը, այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Թուրքիան ուղիղ սպառնում էր Հունաստանին, թե՝ զգույշ եղեք. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ (Էրդողանի այս սպառնալիքը թուրք-հունական հակամարտությունը խորհրդանշող երգից է, որը տարածված էր եղել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի ու պատերազմի օրերին)։
Այս այցը բոլորովին բացառիկ կամ աննախադեպ չէ ու սա դիվանագիտական նոր մոտեցում չէ, աղետների ժամանակ բազմաթիվ հակամարտող երկրներ են միմյանց ձեռք մեկնում, որին կարող է հաջորդել հարաբերությունների որոշակի բարելավում կամ առնվազն լարվածության նվազեցում (ոչ բարեկամություն, ոչ կարգավորում, այլ գոնե երկխոսության հնարավորություն), որն արդեն իսկ դիվանագիտության մեջ անվանել են disaster diplomacy- աղետների դիվանագիտություն, առանձնացված ուղղություններ են նաեւ «earthquake diplomacy», «health diplomacy», «tsunami diplomacy», «vaccine diplomacy», and «volcano diplomacy» և այլն։
Նման աղետների դիվանագիտության օրինակներից է Հնդկաստան-Պակիստան 2001 թ. գործակցությունը։
2001-ի հունվարի 26-ի Հնդկաստանի ավերիչ երկրաշարժը խլեց 25000 մարդու կյանք, երկրաշարժից 4 օր անց Պակիստանը, որի հետ ակտիվ հակամարտության մեջ էր Հնդկաստանը, առաջարկեց աջակցություն, փետրվարի 2-ին կայացավ 2 ղեկավարների առաջին հեռախոսազրույցը, նույն տարվա ամռանը երկու երկրների ղեկավարները կազմակերպեցին հարաբերությունների կարգավորմանը նվիրված համաժողով։
Հաջորդ տարիներին, իհարկե, լարվածության աճ, ահաբեկչական գործողություններ եղել են, սակայն աղետի դիվանագիտության շնորհիվ հնարավոր եղավ կանխելու լայնածավալ պատերազմը։
Հայաստանը նախորդ տարիներին ևս կիրառել է աղետի դիվանագիտության մեթոդը ու սա բոլորովին առաջին դեպքը չէ, որ Հայաստանը ձեռք է մեկնում կամ երկրի պաշտոնյաներն այցելում են Թուրքիա։
Մեր փրկարարները մեկնել են աջակցելու Իզմիթի երկրաշարժից տուժածներին 1999թ օգոստոսին, նույն տարվա նոյեմբերին մեր փրկարարները ԱԻ վարչության ղեկավարության գլխավորությամբ կրկին մեկնեցին Թուրքիա։
Այդ օրերին Թուրքիա մեկնեց նաև Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ԵԱՀԿ գագաթնաժողովին (կից պատվիրակության մեկնելու կարգադրությունը)։
1999-ի հոկտեմբերին, խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից հետո Երևան ժամանեց Թուրքիայի պետնախարարը՝ մասնակցելու սպանված պաշտոնյաների սգո արարողությանը:
Հայ փրկարարները Թուրքիա մեկնեցին կրկին 2011թ. հոկտեմբերին՝ Վանի ավերիչ երկրաշարժի օրերին։
Իսկ ընդհանուր առմամբ Ստամբուլ և Անկարա են այցելել Հայաստանի բոլոր արտգործնախարարները՝ բացառությամբ Զոհրաբ Մնացականյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդուրադ Նալբանդյանը:
Թուրքիա են այցելել նաև Հայաստանի նախկին բոլոր երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Դիվանագիտությունը միագիծ ու միաշերտ գործընթաց չէ եւ դավադրապաշտական քարոզչությունը այս չափազանց լարված շրջանում խիստ վտանգավոր է»։

«Նախարարի՝ Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարևոր և ճիշտ քայլ էր». Գայանե Աբրահամյան
«Նախարարի՝ Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարևոր և ճիշտ քայլ էր». Գայանե Աբրահամյան