Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Երևանն ու Բաքուն, Թբիլիսին էլ՝ ներառյալ, չեն որոշում, թե ով գա ռեգիոն, ով գնա ռեգիոնից». Հակոբ Բադալյան

«Երևանն ու Բաքուն, Թբիլիսին էլ՝ ներառյալ, չեն որոշում, թե ով գա ռեգիոն, ով գնա ռեգիոնից». Հակոբ Բադալյան
279
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 02:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգտվելով համաշխարհային «իրարանցումից» և ուժերի բալանսի հայտնի հարաբերակցությունից՝ Բաքուն փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում դուրս գալ առավելագույն դիրքերի: Երևանն էլ այս պայմաններում փորձում է հասնել առավելագույն պաշտպանության, եղածը առավելագույն չափով պահելուն:
Մեծ հաշվով Երևանն ու Բաքուն (Թբիլիսին էլ ներառյալ) չեն որոշում, թե ով գա ռեգիոն, ով գնա ռեգիոնից: Տեսականում իհարկե կարող էին, բայց գործնականում չունեն դրա հնարավորությունը թե միասին, թե առավել ևս՝ առանձին-առանձին: Լավ է դա, թե վատ, ըստ էության, էական էլ չէ: Դա է իրողությունը, որի հետ պետք է նստել հաշվի և սեփական անելիքը մշակել ըստ այդմ:
Հետևաբար, այս «իրարանցման» պայմաններում բոլորը փորձում են լուծել մի կարևոր խնդիր էլ՝ պատրաստ լինել ստատուս-քվոյի որևէ փոփոխության (կամ անփոփոխության):
Սա է պատճառը նաև, որ գերխնդիրը ներքին ռեսուրսների առավելագույն գեներացիան է, որովհետև միայն դրա վրա է հնարավոր կառուցել արտաքին այնպիսի դիվերսիֆիկացված աշխատանք, որը թույլ կտա ձևավորել որևէ ստատուս-քվոյի (կամ եղածի) առավել ադապտունակ բազա: Ներքին ռեսուրսի կորիզը, բնականաբար, Հայաստանն է, սակայն մենք պետք է մեզ թույլ չտանք դրա արտաքին շրջանակը անտեսելու շռայլություն:
Խոսքս սփյուռքում եղած ներուժի մասին է: Կարիք կա թերևս հատուկ ըննդգծելու, որ դա չպետք է հասկանալ, թե սփյուռքը կփրկի մեզ կամ սփյուռքի հետ միասին մեր դեմ խաղ չկա: Սփյուռքում կա ներուժ, որի հետ պետք է թիրախային աշխատանք, որովհետև սփյուռքը խիստ բազմազան, մեծ ներքին խնդիրներով, ներհայաստանյան պատկերից ոչ պակաս իրարամերժությամբ տառապող միավոր է, որը չի կարող դիտվել, այսպես ասած, հավաքական-միատար հայացքով ու աշխատանքային մեթոդաբանությամբ:
Բայց, կան տարբեր բնույթի, տարբեր ոլորտների ներուժի բավականին շոշափելի թիրախային ուղղություններ և դրանց ուղղությամբ Հայաստանի նպատակային աշխատանքի դաշտ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան