Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել». Տիգրան Աբրահամյան
293
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 16:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին:
Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների՝ «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով:
Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի:
Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ:
Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում՝ պետնախարսրի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է:
Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարսրին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց՝ Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»:
Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ:
Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար՝ անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է»: