Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեկ օրինակ «ցեղասպանության» ճարտարապետությունից». Հրանուշ Խառատյան

«Մեկ օրինակ «ցեղասպանության» ճարտարապետությունից». Հրանուշ Խառատյան
381
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 16:24

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ օրինակ «ցեղասպանության» արարման ճարտարապետությունից («Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ կոնֆլիկտ»-ի պատմությունից)
Հ. Խառատյան, պ.գ.թ.
31 տարի է անցել 1992թ. փետրվարի 26-ից, երբ չորս տարի տևող հասարակական, քաղաքական, վարչական, ոստիկանական, ահաբեկչական, հանրային «Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ կոֆլիկտ» բառերը մտան բացահայտ ռազմական բախման և պատերազմական փուլ: Լեռնային Ղարաբաղի հայերը ռազմական ճանապարհով գրավեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Խոջալու ադրբեջանաբնակ բնակավայրը: Հայերն այն գրավեցին 1992թ. փետրվարի 26-ին, իսկ մարտի 2-ին Ադրբեջանում ռազմական գործողությունը հայտարարվեց «ցեղասպանություն»:
«Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ կոնֆլիկտ» բառերը, եթե վրայից հանենք երևույթը քողարկող բառային հագուստը, ընդամենը նշանակում էր, որ 1923թ.-ից Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հայ բնակչությունը 1988թ.-ին պատգամավորների միջոցով ներկայացուցչական որոշում է ընդունել և դիմել ԽՍՀՄ և Ադրբեջանի պաշտոնական մարմիններին՝ օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և դուրս գալ Ադրբեջանի կազմից: Հարցը քննարկելու փոխարեն Ադրբեջանի և ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների կողմից զանազան գործողություններով՝ սպառնալիքներով, ահաբեկչությամբ, դեպորտացիաներով, շրջափակումներով ջանացել են հայերին ստիպել հրաժարվել արտահայտման իրենց իրավունքից: 1988թ. այս ամենը կնքվեց «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ կոնֆլիկտ» անունով:
1923թ. ԼՂԻՄ-ն ստեղծվել էր հենց այդ տարածքում ապրող էթնիկական հայերի համար, ներառել է գլխավորապես Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերը, և չնայած 65 տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից ամեն ինչ արվել էր մարզի էթնիկական կազմը փոխելու համար, այնուամենայնիվ 1988թ. բնակչության շուրջ 90 տոկոսը հայեր էին: ԽՍՀՄ շրջանում նրանք մի քանի փորձեր արել էին իրենց սահմանադրական իրավունքի մասին բարձրաձայնելու, բայց ամբողջատիրական ԽՍՀՄ-ում հարցը լռեցվել էր սպառնալիքների և տարատեսական պատիժների մակարդակում: 1988թ. հունվարին խնդիրը հաջողվեց բարձրաձայնել և հնազանդության ու լռության սովոր ԽՍՀՄ բնակչության համար անկանխատեսելի պայթեց մեծ աղմուկով: Հազիվ մեկ ամիս անց, փետրվարի 27-29-ին տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայերի ջարդերը: ԽՍՀՄ-ին չհաջողվեց լռեցնել այդ ջարդերի շուրջ բարձրացած աղմուկը: Դրան արձագանքեց ոչ միայն Հայաստանի բնակչությունը, ոչ միայն աշխարհի հայերը... «Պերեստրոյկա» հայտարարած Գորբաչովին չհաջողվեց, կամ՝ նրան թույլ չտվեցին խնդրից օտարել միջազգային լրատվամիջոցներին: «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ կոնֆիկտը» դարձավ միջազգային քննարկումների թեմա:
Սումգայիթի հայերի ջարդերին երկու տարի անց, 1990թ. հունվարին հաջորդեց Բաքվի հայերի ջարդը: Սումգայիթից հետո տեղծված իրավիճակը վաղուց էր տանում էթնիկական՝ ադրբեջանցիների և հայերի ռազմական բախման, արդեն նույնիսկ լոկալ ռազմական գործողություններ կային, բայց թե պաշտոնական, քաղաքական, քաղաքագիտական, թե լրագրողական տեղական ու միջազգային հանրությունը խուսափում էին օդում կախված «պատերազմ» բառից:
1990թ. Բաքվի հայկական ջարդերի ընթացքում և դրան հաջորդած օրերին ԽՍՀՄ և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների մարմինների որոշումները, գործողությունները քաղաքական փակուղի էին տանում բոլոր հնարավոր բանակցային-դիվանագիտական հնարավորությունները և դուռ բացում հարցի ռազմական լուծումների առաջ: 1990թ. հունվարի 15-ին, ճիշտ այն ժամանակ, երբ Բաքվում թափ էին հավաքել հայկական կոտորածները, ԽՍՀՄ Քաղբյուրոյի կողմից «ԼՂԻՄ-ում և մի քանի այլ շրջաններում» մտցվեց արտակարգ դրություն՝ բնակչության տեղաշարժման սահմանափակումներով, զինաթափումով և անձնագրային ռեժիմի ստուգումներով: Կոտորածները Բաքվում էին, բայց արտակարգ իրավիճակը մտցվեց Լեռնային Ղարաբաղում: ԽՍՀՄ-ի Մինիստրների Խորհրդի այն ժամանակվա նախագահ Նիկոլայ Ռիժկովը հետագայում գրում է. «Մարդիկ զոհվում էին: Բաքուն համակվել էր արտասովոր դաժանությամբ... Սկսեցին լուրեր գալ մարդկանց նկատմաբ անհավատալի բռնությունների մասին: Իր իրերը գնացքով ուղարկելու նպատակով պահասենյակում տեղավորող մի հայի փակել էին պահասենյակում և կենդանի այրել: Հինգերորդ հարկի պատուհանից նախ կնոջ աչքի առաջ դուրս էին նետել ամուսնուն, ապա՝ կնոջը... Նիստը վարում էր Գորբաչովը: Նախագահության անդամներին տեղեկացրին, թե վերջին 2-3 շաբաթներին ինչ է տեղի ունենում հանրապետությունում (Ադրբեջանում – Հ.Խ.), հատկապես վերջին երկու օրերին: Կարծիք հայտնվեց, որ եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակն ամբողջությամբ դուրս կգա իշխանությունների վերահսկողությունից, և այդ դեպքում Սումգայիթը սրա համեմատ փոքր միջադեպ կթվա: Ծրագրավորվում էր արտակարգ դրություն մտցնել Բաքվում և մի շարք շրջաններում: Դրա դեմ կտրուկ առարկում էր Ադրբեջանի Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ Գաֆուրովան…¦[Ա-22, 13.01.2007]: Արդյունքում ԽՍՀՄ ԿԿ Քաղբյուրոն որոշում է §արտակարգ իրավիճակ հայտարարել ոչ թե Բաքվում, որտեղ առատորեն հոսում էր մարդկային արյունը, այլ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի ու Հայաստանի որոշ շրջաններում» [Ա-22, 16.01. 2007]:
Մինչև այսօր ոչ մեկի՝ ոչ քաղաքական գործչի, ոչ պետական պաշտոնյայի, ոչ հետազոտողների, ոչ փորձագետների տարօրինակ չի թվում այն փաստը, որ Բաքվի հայկական ջարդերի շուրջ որևէ իրավական քննություն չի էլ սկսվել, նույնիսկ կեղծ դատական գործ չկա: Բաքվում կենդանի մնացած հայերը ցրվեցին աշխարհով մեկ, և նույնիսկ զոհերի թվի մասին որևէ ստուգված գնահատական չկա:
«Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» ողջ բնակչությունը հստակ գիտեր, որ արտակարգ ռեժիմը ոչ թե բռնությունների ենթարկվող մարդկանց պաշտպանության համար է, այլ կոնկրետ հայերի դեմ՝ թույլ չտալ ինքնապաշտպանվել, սահմանափակել տեղաշարժերի և միմյանց օգնելու հնարավորությունները, վախեցնել, կոտրել կամքը, զինաթափել և բռնի ուժով՝ զինված ոստիկանական խմբերով հայերին տեղահանել իրենց բնակավայրերից: ԼՂԻՄ-ի ազգությամբ հայ միլիցիոներների ավտոմատները նրանցից վերցվել էին դեռևս 1989թ. աշնանը: ԽՍՀՄ-ի ՆԳՄ Քննչական-օպերատիվ խմբի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի տվյալներով 1990թ. ընթացքում անձնագրային ռեժիմի ստուգում և բնակչության զինաթափման ծրագիր է իրականացվել 160 բնակավայրերում, որից 156-ը՝ միայն հայկական բնակավայրերում: Դրանք ուղեկցվել են բնակարանների գույքի ջարդոտումով, կողոպուտներով, անասնագողությամբ[Ա-15,21,124]: Նույն տարվա ընթացքում ազգամիջյան հանցագործությունների խնդիրներով ԼՂԻՄ-ում հարուցվել է 27 քրեական գործ, որից ադրբեջանցիների դեմ՝ միայն 2-ը: «Ադրբեջանիցիների կողմից կատարված հանցագործությունները մնում էին անանուն, երբեք չէին բացահայտվում, իսկ շատ-շատերը նույնիսկ չէին գրանցվում»[Ա-15, 20]: Հայկական բնակավայրերի վրա բազմաթիվ հարձակումներ պարզապես չեն ձևակերպվել-գրանցվել, այդ թվում նաև այն պատճառով, որ հայերն արդեն անիմաստ էին համարում Ադրբեջանի կողմից նշանակված պաշտոնական մարմիններին դիմել: Որոշ գյուղերի բնակիչներ պատմում են երեք, չորս հարձակումների մասին, որոնք իրենց հերթին գյուղերի բնակչությանը դրդեցին ինքնապաշտպանական խմբեր ձևավորել: Նրանք պետք է ինքնապաշտպանվեին ադրբեջանական իշխանության մարմիններից: Արտակարգ իրավիճակը հսկող գեներալ Վ. Սաֆոնովի հովանավորությամբ ահաբեկչական զինված խմբերը ոստիականական հագուստով գիշերները հարձակվում էին հայկական գյուղերի, անասնաֆերմաների վրա, հայերին կողոպտում, սպանում էին ճանապարհներին [Ա-15, 117-118]: Ինքնապաշտպանվելու համար զենք էր պետք, իսկ զենք բերելու հնարավորություն չկար՝ ճանապարհները հայերի առաջ փակ էին: Հայերի համար փակ էր նաև ԼՂԻՄ-ի միակ օդանավակայանը, որը գտնվում էր ադրբեջանական Խոջալու բնակավայրում:
Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանին մոտիկ Աղդամում ծառայող ռուս սպաներից մեկը գրում է. «1991թ. հունվար: Ադրբեջանական ՕՄՕՆ (ոստիկանական հատուկ նշանակության ջոկատ) շարունակել է զբաղվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի հայ բնակչության դեպորտացիայով: Դա տեղի էր ունենում մոտավորապես այսպես. ՕՄՕՆ-ի ենթակառույցները մտնում են հայկական գյուղեր, տեղի բնակչությանը լցնում են մեքենաների մեջ և տանում էին Հայաստանի տարածք, ավելի ճիշտ՝ Հայաստանի սահման» [Բ-85, գլուխ 5]: «Ապրիլի 30-ի հայկական Չայքենդ գյուղ է մտել ադրբեջանական ՕՄՕՆ-ը ...Ծեծել են խաղաղ բնակչությանը... Կողոպտել են տները... Կրակել են... Հեռանալով, օմօնականները, իրենց հետ տարել են բնակիչներից հիսուն մարդու: Վերջում էլ ավտոմատներից և մի գնդացիրից կրակի տակ են առել գյուղը... Լիակատար մարազմ...» [Բ-85, գլուխ 7]:
1991թ. օր չի եղել, որ այս իրավիճակները չկրկնվեն: Ապրիլի 16-ին Բաքվում Այազ Մութալիբովը Ադրբեջանի ԿԳԲ, ՆԳՄ և Դատախազության ղեկավարների ներկայությամբ քննարկմանն առաջարկել է Շահումյանի շրջանի, Գետաշենի և Մարտունաշենի հայկական գյուղերի բնակչությունը դեպորտացիայի ենթարկել: Գործողություներն արագ են ծավալվել: Սկսվել է տխրահռչակ հայ բնակչության դեպորտացիայի «Կոլցո» օպերացիան: Ապրիլի 19-ին Գետաշենից և Մարտունաշենից հանվել են ԽՍՀՄ Ներքին զորքերը: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսել է կրակ տեղալ Գետաշենի և Մարտունաշենի բնակչության վրա: Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի բնակչության կողմից ԽՍՀՄ իշխանության մարմիններին օգնության կանչող հեռագրերը որևէ արձագանք չեն ստացել: ԽՍՀՄ իշխանությունները «թաքնվում են» Ադրբեջանական ՕՄՕՆ-ի տարածած փաստաթղթի ետևում, իբրև թե Մարտունաշենի և Գետաշենի բնակիչներն իրենց խնդրել են ժամանակ տալ գյուղերից անխոչընդոտ դուրս գալու համար: Հենց այդպես է ասել ԽՍՀՄ ԿԳԲ-ի պետ Վ. Կրյուչկովը Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Մայիսի 3-ին Մարտունաշենն ամբողջովին այրվում էր: Զոհվել է 12 մարդ, 20 մարդ անհետ կորել է, 7-ը պատանդ են վերցվել... Գետաշենից ռադիոհաղորդագրություն է տարածվում. «SOS! SOS! SOS! Մենք, ադրբեջանի Գետաշեն և Մարտունաշեն հայկական գյուղերի բնակիչներս աղաչում ենք՝ փրկեք մեր կյանքը: Խորհրդային բանակը մեզ՝ խորհրդային քաղաքացիներիս ոչնչացնում է: Մեզ վրա գետնից և երկնքից կրակում են թնդանոթներից, գնդացիրներից և ավտոմատներից: Տանկերով ճզմում են մեր տներում ու բակերում, կանանց, երեխաներին, ծերերին ադրբեջանական օմօնականները պատանդ են զավթում, ջարդում են ոտքերը, ձեռքերը, ողերը, գանգամաշկը հանում են, մերկ պտտեցնում են փողոցներում, խոցոտում են դանակներով: Երեք տարի մենք դիմացել ենք, բայց բանակի դեմ անզոր ենք, տղամարդիկ չեն կարող որսորդական հրացաններով մեզ պաշտպանել. Մեզ ստիպում են Ադրբեջանի իշխանությունն ընդունել կամ լքել հարազատ գյուղերը, բայց նույնիսկ չեն թողնում փախչել, կրակում են: Մեր տները կողոպտված են և այրվում են, ծածկի տեղ չունենք: Աշխարհի մարդիկ, փրկեք: Գոնե երեխաներին փրկեք: Մենք կկործանվենք արտաքին աշխարհից տանկերով շրջափակված: SOS! SOS!» [Ա-12, 12]: Մայիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը ԿԳԲ-ի նախագահ Վ. Կրյուչկովի միջոցով Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին տեղեկացնում է, որ «Գետաշենի և Մարտունաշենի բնակչության դեպորտացիայի հարցը հանված է: Ոչ ոք իրավունք չունի այդ գյուղերի բնակիչներին հարկադրել լքել իրենց բնակավայրերը»: Դրանից անմիջապես հետո գյուղերի բնակիչներին արագորեն և անհավատալի բռնություններով դուրս են քշում, Գետաշենում մինչև վերջին րոպեն վիրավորներին բուժող բժիշկներին գյուղի բնակիչների մի խմբի հետ ձերբակալում և տանում են Կիրովաբադի բանտ, մյուսներին՝ Ստեփանակերտ[Բ-65]: Ադրբեջանում մինչև 1991թ. նոյեմբերի 20-ը հայերի դեպորտացիան համակարգում էր Ադրբեջանի հանրապետության գերագույն դատախազը, միաժամանակ խորհրդարանի պատգամավոր, Իսմեթ Գաիբովը՝ 1988թ. սումգայիթյան հայկական ջարդերի ժամանակ Սումգայիթ քաղաքի դատախազը: ԼՂԻՄ-ում դատախազ էր նշանակվել Սումգայիթում նրան հաջորդած Ի. Պլավսկին: Իսմեթ Գաիբովը Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հայտը ընդունել էր, ինչպես նրա կինն է ասում, որպես «Ադրբեջանին և իր սեփական արժանապատվությանը նետված ձեռնոց... անձամբ էր զբաղվում ռազմական գործողություններով, ղեկավարում էր դրանք... Կարճ ժամանակամիջոցում հայ զինյալներից ազատեցին («ազատեցին»՝ տվյալ դեպքում նշանակում է հայերից մաքրեցին-Հ.Խ.) 24 գյուղեր, այդ թվում այնպիսի հենակետեր, ինչպիսիք Չայքենդն ու Մարտունաշենն էին... ոչ մի սպառնալիք չէր կարող նրան ետ կանգնեցնել Ղարաբաղը անջատողական կեղտից մաքրելու ձգտումից»[Բ-110]: Այնպես որ 1991թ. ընթացքում աշխարհագրական «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» իրականում ոչ թե կոնֆլիկտ էր, այլ միակողմանի ռազմական գործողություններ:
Հայ բնակչության վրա ազդելու հզոր հնարավորություններից մեկը Խոջալու բնակավայրում գտնվող ԼՂԻՄ-ի միակ օդնավակայանը հայերի համար «պատժիչ մարմին» դարձնելն էր: Ցամաքային բոլոր ճանապարհներով շրջափակված ԼՂԻՄ-ի հայերի առաջ փակվեց Օդանանավակայանը: Խոջալույով էր անցնում ԼՂԻՄ-ի հյուսիսային մասի բնակավայրերի բնակիչների կապը ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ: 1991թ. հուլիսի կեսերին Խոջալու բնակավայրի զինյալները փակեցին Ստեփանակերտ տանող ճանապարհը: Այդ ժամանակ Խոջալու բնակավայրում կար 200, օդանավակայանում՝ 150, Խոջալուին մոտ գտնվող Մալիբեյլի ադրբեջանական գյուղում՝ 200, Լեսնոյե բնակավայրում՝ 70, Շուշի քաղաքում՝ 350 զինված մարդ՝ ոստիականական ռազմական ջոկատներ, ադրբեջանական ազգային ճակատի զինյալներ ևլն: Նրանց տրամադրության տակ հարուստ զինամթերք կար՝ 5500 ավտոմատ, 210 թնդանոթ, 4350 ատրճանակ, զրահատեխնիկա՝ տարբեր տեսակի БТР-ներ՝ 26 հատ, БРДМ-1, БРДМ-2 – 6 միավոր, 18 միավոր Т-54 տանկ և նույնիսկ առանց տարբերանշանների ուղղաթիռներ [Ա-19, գլուխ 13; Բ-44]:
Շրջափակված էր ոչ միայն ԼՂԻՄ-ը, փաստացի շրջափակված էր ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը: 1991թ. աշնանից Ստեփանակերտը գրադով ինտենսիվ հրետակոծվում էր քաղաքը շրջապատող Խոջալու, Կրկժան, բայց հատկապես Շուշի բնակավայրերից: Հունվարի 13-ից սկսած Ստեփանակերտի հրետակոծությունը Խոջալուից դարձել էր մշտական: Զենք շատ ունեին և անընդհատ համալրվում էին: Խոջալուի օդանավակայանը շարունակում էր զենքի նոր պաշարներ ընդունել: Դա անզեն աչքով տեսանելի էր կողքի հայկական Նորագյուղից:
Ստեփանակերտի բնակչությունը, այնտեղ կուտակված Սումգայիթի, Բաքվի, տեղահանված հայկական գյուղերի փախստականները հայտնվել էին թակարդում՝ ճանապարհ չկար, մթերք չկար, էլկտրաէներգիա չկար, բոլոր կողմերից հրետակոծվում էր, բնակիչներն ապրում էին նկուղներում: 1992թ. հունվարի 21-25-ին Ստեփանակերտում գտնված ռուս իրավապաշտպան Անժելիկա Չեչինայի նկարագրածով «նախկինի նման չկա ոչ էլեկտրականություն, ոչ ջուր: Ջուրն այնքան դժվար է ձեռք բերվում, որ ամոթ է թեյ խմել: Մթերային կտրոններով ոչինչ ձեռք չես բերի: Քաղաքում արդեն կան սովից ուռելու դեպքեր: Ստեփանակերտը հիշեցնում է շրջափակված Լենինգրադի կինո-ժամանակագրությունը» [Բ-57]:
Այդ ժամանակ Խոջալու բնակավայրը դուրս էր մնացել Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ուշադրությունից: 1991թ. վերջից Ադրբեջանը հռչակվել էր անկախ հանրապետություն: Իշխանության համար պայքարով զբաղված ուժերը վեր էին ածվել հակամարտող կողմերի և ժամանակ չունեին Խոջալույով զբաղվելու: Բնակավայրը թողնվել էր ինքն իրեն: Ստեփանակաերտի և շրջակա հայկական գյուղերի շարունակվող հրետակոծությունը, շրջակա հայկական գյուղերի վրա հարձակումները նվազեցնում էին զենքի պաշարները:
1992թ. հունվարին Խոջալույում հայտնված ամերիկացի լրագրող Թոմաս Հոլցը ավելի ուշ գրում է. «Խոջալուն ադրբեջանական անկլավ էր ավելի մեծ հայկական անկլավում: Քաղաք հիշեցնող ոչինչ չկար: Աղբանոց էր... Ինձ մի թնդանոթ ցույց տվեց «օդանավակայանի պաշտպանության պետ Ալիֆ Հաջիևը»: Ասաց, որ այդպիսիներից 20 հատ էլ ունի և որ հայերից է զավթել... Ալիֆն ասաց, որ վերջին շաբաթվա ընթացքում «հայերը Խոջալուի վրա» Ալազանից 40 հրթիռ են արձակել, չնայած կարծեք թե վնասվել էին միայն մի քանի տների տանիքներ, ջրի խողովակներ և հողի վրա փոսեր էին առաջացել» [Ա-36, 84-84]: Խոջալուում սոված չէին, բայց սկսում էին հուսալքվել, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները իրենցով հետաքրքրվելու ոչ ժամանակ, ոչ հետքրքրություն չունեն: Վիճակը մի փոքր փոխվեց, երբ 1992թ. հունվարին Խոջալուից 10 կմ հյուսիս գտնվող Աղդամի Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի զինյալները գրավեցին Աղդամից յոթ կմ հեռավորությամբ Ոզունդարա կոչվող վայրի խորհրդային բանակի զինապահեստները: Նրանք զավթեցին 200.000 տոննա ռազմամթերք, այդ թվում 200 վագոն ռեակտիվ հրթիռներ և սկսեցին օգտագործել Ստեփանակերտի դեմ [Բ-84, 5]: Սրանից անմիջապես հետո, 1992թ. հունվարի 28-ին Ադրբեջանի մինիստրների խորհրդի որոշմամբ Խոջալու բնակավայրը մեծ գումար ստացավ զենք-զինամթերք ձեռք բերելու համար՝ 5 միլիոն ռուբլի: Հայտնի չէ, թե իրականում ինչ զենք և որտեղի՞ց ձեռք բերեցին խոջալուցիները: Մեծ հավանականությամբ՝ Աղդամի զինապահեստը թալանածներից:
Հայերը հասկանում էին, որ հարկավոր է շտապել, բայց զենք չունեին: Հունվարի 21-լույս 22-ի գիշերը նրանք կարողացան Ստեփանակերտում վերացնել ՕՄՕՆ-ի բազան, և քաղաքի օմօնականները կռիվներով փախան Աղդամ: Փախած օմօնականների զենքը մնաց հայերին: 1992թ. հունվարի 31-ին Աղդամի Ադրբեջանական Ժողովրդական Ճակատի ռազմական կազմավորումները 6 տանկով և 4 БТР-ով գրավեցին այն տարիներին զենք չունեցող հայկական Ֆարուխ և Խրամորթ գյուղերը: Խրամորթն ամբողջովին թալանվել էր, բնակիչներից 6-ը՝ զոհվել: Փետրվարի 4-ին, սակայն, ստիպված էին նահանջել՝ հայերին առաջին անգամ որպես ռազմավար թողնելով տանկեր և զրահատեխնիկա: Միաժամանակ հայերին հաջողվեց գրավել Կրկժանում և Ստեփանակերտից Ասկերան տանող ճանապարհի ադրբեջանական Մալիբեյլու, Ջամիլլու գյուղերում գտնվող ՕՄՕՆ-ականների ռազմական պահեստները և մասամբ համալրել իրենց զենքի աղքատիկ պաշարը: Դա հնարավորություն տվեց ծրագրավորել Խոջալուի գրավումը: Այդ մասին խոսվում էր բարձրաձայն, և ադրբեջանական կողմը ոչ միայն հասկանում էր, որ Խոջալուն գրավելը հայերի համար կյանքի, այլև՝ օրերի հարց է:
Խոջալուի բնակչությունը նույնպես գիտեր, որ հայերը պատրաստվում են գրավել իրենց բնակավայրը: Հունվարից անջատված էր Խոջալուի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մինչև փետրվարի 13-ը ինքնաթիռները Խոջալուից դեռ թռչում էին, և ով կարող էր, այսինքն ով փող ուներ՝ ընտանիքներով լքում էին Խոջալուն: Ով կարող էր՝ տանում էին նաև իրենց անասունները: Ոմանք քաղաքը լքում էին նաև ավտոմեքենաներով, նույնիսկ հետիոտն: Դա հայերին հույս էր ներշնչում, որ Խոջալուի գրավումը կարող է հաջողվել: Փետրվարի կեսերին Խոջալու բնակավայրում մնացել էին, տարբեր գնահատականներով, մոտ 2500-3500 մարդ, այդ թվում օմօնականները, արդեն ձևավորված Ադրբեջանի ազգային բանակի զինվորները, միլիցիան, քաղաքի տղամարդկանց ինքնապաշտպանական խմբերը: Զենք շատ կար: Տարօրինակ է, որ Խոջալուն հայերի կողմից գրավելուց հետո ադրբեջանական մամուլում և նույնիսկ ակադեմիական գրիֆով գրքերում պիտի գրվի «Հայերը հարձակվել են անզեն և անպաշտպան Խոջալուի բնակչության վրա»:
Փետրվարից սկզբից հայերն արդեն բարձրաձայն խոսում էին Խոջալուն գրավելու մտադրության մասին: Ադրբեջանի իշխանությունները հիանալի տեղյակ էին դրան: 1992թ. փետրվարի 20-ին և 21-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահի՝ Այազ Մութալիբովի մասնակցությամբ քննարկվել է Խոջալուն պաշտպանելու անհետաձգելի միջոցների հարցը: 3-րդ կետով որոշվել է ապահովել ուղղաթիռներով վիրավորներին տեղափոխելու խնդիրը [Ա-31, 163, 166]: Խաղաղ բնակչության էվակուացիայի հարցը չի քննարկվել: Խոջալուի անկումից հետո «Խոջալուի դեպքերը» քննող Հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիևը շատ ուշ պիտի ասի. «Մինչև Խոջալու մնացել էր 4 օր: Փետրվարի 22-ին նախագահի, վարչապետի, ԿաԳեԲե-ի և այլոց ներկայությամբ տեղի է ունեցել Ազգային Անվտանգության Խորհրդի նիստ... Խորհրդակցության ժամանակ որոշվել է մարդկանց Խոջալուից չհանել: Համարվում էր, որ եթե մենք մեր բնակչությունն էվակուացնում ենք, հենց դրանով ինքնին հայերին հրավիրում ենք գրավել բնակավայրը: Այսինքն մենք ինքներս հայերին հարձակման մղեցինք: Նույնիսկ անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեն կարող ցեղասպանության նման գործողություններ կատարել (ընդգծումը իմն է-Հ.Խ)» [Բ-104] :
Ադրբեջանական կողմը գիտեր նաև Խոջալուն գրավելու համար հայերի նշանակած օրը՝ փետրվարի 25-ը: 1992թ. փետրվարի 23-ին Խոջալուին օգնության հասնելու համար Աղդամի շտաբում կազմվել է ադրբեջանական ծրագիրը[Բ-70, 47,50], բայց ծրագրով նախատեսված գործողությունները չեն արվել: Ինչպես հետո պարզվել է, Աղդամի ազգային ճակատի զինյալները Խոջալուին օգնելու փոխարեն Խոջալուի գրավման օրը իրենց զինյալներով գնացել են հայկական գյուղեր թալանելու: Ըստ ադրբեջանական աղբյուրների Գաթիր Մամեդովի խումբն ուզեցել է գրավել Խանաբադն ու այն կողոպտել, Ալլահվերդի Բաղիրովն ուզեցել է գնալ Նախիջևանիկ գյուղի դեմ [Բ-70, 53] և այլն: Ինչպես ադրբեջանցի նեյրոֆիզիոլոգ Քյամիլ Ալին է պատմել Թոմաս դե Վաալին. «1992թ. Աղդամում զորք որպես այդպիսին չկար: Կային հայերի դեմ կռվող վեց կամ յոթ առանձին խմբավորումներ: Այդ խմբերը ձևավորվել էին տեղական հանցագործների, բանդիտների կողմից, ովքեր սպանությունների կամ այլ հանցագործությունների համար տարիներ շարունակ եղել էին խորհրդային բանտերում... Այդ խմբերը միմյանց միջև կոնֆլիկտներ ունեին այնպես, ինչպես ունեին հայերի հետ: Օրինակ, պայմանավորվում էին ռուսական զենքի պահեստներ զավթել: Զավթելուց հետո մեկին հասնում էր հինգ տանկ, մյուսին՝ ոչ մեկը: Վերջ, այնուհետև նրանք թշնամիներ են: Այդ վեց խմբավորումներն ի վիճակի չէին միասին որևէ ռազմական գործողություն իրականացնել: Մեկը գրոհի էր գնում, մյուսն ասում էր՝ ես չեմ գնա, այսօր կռվելու ցանկություն չկա... Այն ժամանակ մեր բանակը ղեկավարում էին հանցագործները» [Ա-37, 165]: Հենց այդ հանցագործներն էլ տապալել էին Խոջալուի պաշտպանությունը: Բայց Աղդամի շտաբում գիտեին, որ հայերը Խոջալուն գրավելուց հետո բնակիչներին Ասկերանի մոտով ճանապարհելու են Աղդամ:
Այդպես էլ փետրվարի 25-ին չկարողանալով կազմակերպել Խոջալուի պաշտպանությունը, երեկոյան ժամը 8-ին տեղեկանալով, որ Խոջալուի մոտ հայկական կողմից տեխնիկայի կուտակում կա, Աղդամի շտաբում փետրվարի 25-ի գիշերը ժամը 11.30-ին որոշել են սպասել Խոջալուի գրավումից հետո բնակավայրից դուրս եկող բնակչությանը. «... было известно, что население Ходжалы должно было выйти из окружения и идти в сторону Агдама. Обговорили возможные варианты встречи населения Ходжалы») [Բ-70, 49]: Հասկանալի է՝ տեղյակ էին հայերի կողմից Խոջալուի բնակչությանը այդ ճանապարհով մարդասիրական միջանցք տրամադրելուն և բնակչությանն այդ մասին տեղեկացնելուն:
Հայերը Խոջալուն գրավել են փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը: Երկու ժամ տևած հրետակոծության դադարից հետո բնակչությունը լքել է բնակավայրը: Փողոցային կռիվներ չեն եղել: Լևոն Մելիք-Շահնազարյանը գրում է. «փետրվարի 26-ի մոտավորապես ժամը 01.15-ին ես վերադարձա շտաբ, դրեցի մեր տեխնիկական հետախուզության ականջակալները, որպեսզի լսեմ ադրբեջանցի ռադիստների բանակցությունները: 10-15 րոպեից հաջողվեց որսալ Խոջալուի պաշտպանության ղեկավար Ալիֆ Հաջիևի ռադիոհաղորդագրությունը: Նա հայհոյում էր Մութալիբովին, բաքվեցիներին, աղդամցիներին և շուշեցիներին: Ասաց, որ խաղաղ բնակիչների հետևից «իրենք էլ» Խոջալուն լքում են հայերի թողած միջանքով» [Բ-89]:
Բնակչությունը դուրս է եկել անկարգ և անկազմակերպ, ընտանիքներով, ով ինչպես և որտեղով կարողացել է: Արտահոսքը տևել է, հավանաբար, երկու-երեք ժամ, ժամը 2-ից մինչև ժամը 4-5-ը: Խոջալուի պաշտպանները չեն կարողացել/չեն ուզեցել կազմակերպել բնակչության ելքը և անցումը դեպի Աղդամ, չնայած բոլոր առաջնորդները գիտեին հայերի տրամադրած միջանցքի, ինչպես նաև այն մասին, որ այդ միջանցքը պաշտպանված է բոլոր տեսակի հարձակումներից: Այդ ժամանակ Աղդամում ծառայած ռուս սպան գրում է, որ «Մինչև գնդակոծումն սկսելը հայերը բարձրախոսերով հայտարարել են, որ Խոջալուի բնակչության համար Աղդամ գնալու միջանցք է հատկացվել և զգուշացրել են, որ «այդ միջանցքով» թույլ կտան գնալ միայն անզեն մարդկաց» (ընդգծումը իմն է-Հ.Խ.) [Բ-84, 8]: Բայց հայերն իրենք չեն կարողացել կազմակերպել և վերահսկել զինաթափելու գործը: Արդյունքում Խոջալուից դուրս եկած բնակչության մեջ զինվածները շատ էին: Բնակավայրից առաջին դուրս եկողները հիմնականում եղել են քաղաքի զինված պաշտպանները՝ օմօնականները, միլիցիոներները, Ազգային Ժողովրդական Ճակատի մարտիկները՝ իրենց ընտանիքներով, հարազատներով և նրանց միացած խաղաղ բնակչության այլ խմբերով: Բնակավայրի խաղաղ բնակչության մի մասը թողնվել է իր հայեցողությանը: Բնակավայրից դուրս եկած բնակչությունն անմիջապես ցրվել է բնակավայրից դուրս տանող բոլոր ճանապարհներով, բացի հարավային՝ Ստեփանակերտ տանող ճանապարհը: Հիմնական հոսքն, անշուշտ, եղել է հյուսիսային՝ Ասկերան-Աղդամի ուղղությամբ:
Մի մասը հետևել է ինքնապաշտպանությունը ղեկավարող Ալիֆ Հաջիևին և քաղաքագլուխ Էլմար Մամեդովին: Այս խումբը, հակառակ Լևոն Մելիք Շահնազարյանի լսած Ալիֆ Հաջիևի ռադիոհաղորդագրությանը, թե իրենք գնալու են հայերի թողած միջանքով, Ասկերանի ուղղությամբ չի շարժվել: Հենց Խոջալուի մոտից արևելյան ուղղությամբ անմիջապես անցել են Կար-Կար գետը և մտել անտառ:
Արևմտյան ուղղությամբ դուրս եկածները ցրվել են և խումբ-խումբ հասնել հայկական Նորագյուղ, Մեհտիշեն, Լուսաձոր, Դահրավ, Սարդարաշեն, Հովսեփավան, Ներքին Կըլչբաղ, Խանաբադ գյուղերը: Գյուղերի բնակիչները նրանց տարել են Ասկերան և հանձնել ոստիկանատուն, որն զբաղվում էր չծրագրավորված գործով՝ ինչ անել այս մարդկանց հետ: Բոլորի համար դեպքերի այդ ընթացքն անակնկալ էր, քանի որ վստահ էին, որ քաղաքի բնակչությունը միանգամից շարժվելու է Ասկերանով Աղդամի ուղղությամբ: Բայց փետրվարի 26-ի առավոտյան Ասկերանի հայ զինյալները լուր են ստացել նաև, որ Աղդամից զինված խմբեր են գալիս դեպի Ասկերան, և Խոջալուի բնակչությանն ուղղակի Աղդամ ուղարկելը դարձել է վտանգավոր: Հայերը նրանց միայն օրեր անց են հանձնել Աղդամից եկած ադրբեջանական կողմին:
Փետրվարի 25-լույս 26-ի գիշերը Խոջալուն լքած բնակչության ցրման ուղղությունները
Դեղին ներկած ուղղությունները Ալիֆ Հաջիևին հետևած խմբի ճանապարհներն են
Խոջալուից անմիջապես գետն անցնելով անտառ մտնելը Ալիֆ Հաջիևի նախաձեռնությունն էր: Ինքը՝ Ալիֆ Հաջիևը կանացի հագուստով էր: Նույն խմբի կազմում է եղել նաև Խոջալուի քաղաքագլուխը՝ Էլման Մամեդովը, օմօնականները, բոլորը՝ ավտոմատներով զինված: Գիշերն անտառում դեգերելով՝ հասել են հայկական Նախիջևանիկ գյուղը ադրբեջանական Շելլի գյուղին միացնող մի ճանապարհ, որտեղ գիշերը հերթապահելիս են եղել հայկական գյուղի ինքնապաշտպանները՝ նույնպես զինված: Ալիֆ Հաջիևը և նրա հետ գնացող օմօնականները հենց փախստականների խմբի միջից անմիջապես կրակ են բացել ինքնապաշտպանների վրա: Հայերը պատասխանել են: Կրակը դադարել է միայն Ալիֆի զոհվելուց հետո: Հայերն իրենց հերթին դադարեցրել են կրակը: Զոհերին ճանապարհին թողնելով՝ փախստականները շարունակել են իրենց դժվար ճանապարհը ադրբեջանական Շելլի գյուղի ուղղությամբ: Շելլի մատույցներում նրանց դեմ կրկին կրակ են բացել: Ինչպես հետո պարզվել է, կրակողները եղել են հայկական Նախիջևանիկ գյուղը գրավելու ցանկություն ունեցած Ալլահվերդի Բաղիրովի ժողովրդական ճակատի զինյալները, որոնք պետք է գնային Խոջալուն պաշտպանելու, բայց դրա փոխարեն գիշերը եկել և դիրքավորվել էին Նախիջևանիկի ճանապարհին: Նրանք ընդամենը 1,5-2 կմ էին հեռու հայերի և փախստական խոջալուցիների ընդհարման վայրից: Այստեղ էլ զոհեր թողնելով՝ խոջալուցիների մնացած մասը շարունակել է ճանապարհը դեպի Աղդամ:
Նախիջևանիկի ճանապարհով փետրվարի 26-ին և 27-ին անցել և առանց միջադեպերի Աղդամ են հասել խուջալուցիների շատ տարբեր խմբեր, և միշտ հայկական դիրքում գյուղի ինքնապաշտպանները կանգնած են եղել: Խմբերը հիմնականում անցել են առանց բախումների: Բախումների առիթը եղել է միայն խոջալուցիների նախահարձակ լինելու դեպքում: Խոջալուի միլիցիայի կապիտան Սեդիկ Մամեդովը «AZERBAYCAN» թերթի 1997թ. փետրվարի 26-ի համարում հենց այդպես էլ նկարագրել է իրավիճակը. «...Բնակչությանը տարանք Նախչավանիկի ուղղությամբ, այսպես կոչված «միջանցքով» (իրականում դա հատկացված միջանքի ճանապարհը չէր- Հ.Խ.): Ճանապարհ ընկավ 40-50 մարդ։ Խոջալույում բոլոր նրանք, ովքեր զենք ունեին՝ միլիցիոներները, զինծառայողները, գնում էին առջևից, բոլորը թշնամու դեմ կռվում էին հարձակումը խափանելու համար» (ընդգծումը իմն է՝ Հ.Խ.): Ու՞մ դեմ էին «կռվում հարձակունը խափանելու համար»՝ պարզ է, ճանապահին իրենց հանդիպած հայերի: Նախապես «կռվում էին», որ հանկարծ չհարձակվեն: Արդյունքում հենց «կռվում էին», այսինքն՝ դիմահար կրակ էին բացում, պատասխան էին ստանում, որից զոհվում էր նաև իրենց հետ գնացող խաղաղ բնակչությունից: Սա, կարծեք թե, խաղաղ բնակչությանը պաշտպանելու լավագույն միջոցը չէր:
Փետրվարի 27-ի առավոտյան այդ նույն ճանապարհն անցել է, օրինակ, Խոջալուի միլիցիայի լեյտենանտ Շահիդ Մուրադովի գլխավորած փախստականների խումբը: Հայ ինքնապաշտպանները նրանց խնդրել են զենքերը վայր դնել և շարունակել իրենց ճանապարհը, բայց մերժվել են: «Դրանից հետո նրանք հեռացան մեր ճանապարհից։ Մենք խաղաղ բնակիչների հետ գնացինք դեպի Աղդամ»,-պատմել է Շահին Մուրադովը[Բ-68] ։ Ինչու՞ Նախիջևանիկի ճանապարհին այն խումբն է հայերի հետ բախման «միջադեպի մեջ ընկել», որը Խոջալուի պարտությունից հետո փետրվարի 25-ի գիշերը բնակավայրից դուրս գալով մարդկանց համոզեց գնալ հենց ա՛յդ ճանապարհով: Հնարավոր է՝ նրանց առաջնորդողները պայմանավորվածություն ունեին Աղդամից դուրս եկած Ալլահվերդի Բաղիրովի հետ՝ հանդիպել Նախիջևանիկ հայկական գյուղի մոտ: Խոջալուի բնակիչներից Սուլեյման Աբբասովի պատմածով «Մենք մի խումբ բնակիչների հետ հասանք Նախիջևանիկ գյուղ, հուսալով այստեղ հանգրվան գտնել: Մինչ այդ ռացիայով մեզ հայտնել էին, որ գյուղը գրավել են հայ զինյալներից (ընդգծումը իմն է – Հ.Խ.)[Բ-29, 28; Բ-33; Բ-46]: Ո՞վ էր ռացիայով հայտնել այս խմբին, որ Նախիջևանիկը «հայ զինյալներից», իրականում գյուղի բնակիչներից գրավված է, ո՞վ պիտի գրավեր այն, ում հետ ռացիայով կապվել էր խմբից ինչ որ մեկը: Այդ «ինչ որ մեկը» պետք է Ալիֆ Հաջիևը լիներ, իսկ Նախիջևանիկ հայկական գյուղի գրավման մասին տեղեկություն տվողը պիտի Ալլահվերդի Բաղիրովը լիներ: Եվ համարյա անկասկած՝ ծրագրին տեղյակ էր քաղաքագլուխ Էլմար Մամեդովը: Այս եռյակից կենդանի է մնացել միայն քաղաքագլուխը: Բազմաթիվ հարցազրույցներ տված, ելույթներ ունեցած այս քաղաքագլուխը ոչ մի անգամ «չի հիշել», որ ինքն ու Հաջիևը միասին էին, նույն խմբում էին, ոչ մի անգամ չի ասել, թե ինչու՞ իրենք զինված օմօնականների հետ միասին ընտրեցին Նախիջևանիկի ճանապարհով գնալու տարբերակը՝ իրենց հետ տանելով անզեն քաղաքացիներին: Չի խոսել այդ մասին՝ միշտ գիտակցելով Խոջալուի խաղաղ բնակչության նկատմամբ իրենց արած սխալը, եթե ոչ հանցանքը: Նախիջևանիկը գրավված չէր, և ուրեմն կամ ռացիայով խոջալուցիներին սուտ տեղեկություն էին հաղորդել, թե գրավել են, կամ նահանջող խմբի մեջ ռացիայով կապվողն էր սուտ ասել իր հետ գնացողներին:
Փետրվարի 28-ին և 29-ին «Նախիջևանիկի մոտի»-ի կռվի վայրում հայտնվել են Ադրբեջանի պաշտպանության բանակի 1992թ. նորանշանակ հեռուստալրագրող Սեիդաղա Մովսումովը և Աղդամի ժողովրդական ճակատի դասակի հրամանատար, մեզ արդեն ծանոթ Ալլահվերդի Բաղիրովը: Այս զույգը Ասկերանի հայկական գումարտակի հրամանատար Վիտալի Բալասանյանի թույլտվությամբ մի խումբ ադրբեջանցի զինվորների հետ գնացել էին զոհերի դիակները հավաքելու: Սեիդաղա Մովսումովը դիակների մեջ տեսել է նաև Ալիֆ Հաջիևի դին. «... տեսանք մեր շատ մարտիկների մարմիններ: Նրանք կռվել էին (ընդգծումը իմն է - Հ.Խ.): Զգացվում էր, որ այդ հերոսները մինչև վերջ կռվել են խաղաղ բնակչությանը փրկելու համար: Այնտեղ էր նաև Ադրբեջանի հերոսական որդի Ալիֆ Հաջիևի մարմինը (ընդգծումը իմն է - Հ.Խ.): Ալիֆը ...նահանջելիս անգամ հարձակվել է հայերի վրա: Նա է սարքել և ոչնչացրել Խոջալուի օդանավակայանը (Ալիֆ Հաջիևը օդնավակայանի ՕՄՕՆ-ի ղեկավարն էր-Հ.Խ.): Այն ժամանակ շատ հայերի, ովքեր օդանավակայան էին գնում, դժոխք էր ուղարկել... (ընդգծումը իմն է - Հ.Խ.): Բարեբախտաբար Ալիֆի փեշն ընկած էր նրա դեմքին, հայերը նրան չճանաչեցին, այլապես մեզ չէին տա նրա մարմինը» [Բ-107], - ասում է Մովսումովը: Մինչև փետրվարի 29-ը հիմնականում տարվել են «մարտիկների դիակները»: Նրանց ուղեկցող հայերը զարմանում էին, թե ինչու՞ են միայն տղամարդկանց դիակները հավաքում: Ինչպես հետո պարզվեց՝ տարածքը զինվածների մարմիններից մաքրվում և խաղաղ բնակչության զոհերին թողնվում էր՝ ցույց տալու համար, որ «հայերը անզեն, անզոր խաղաղ բնակչության կոտորած են արել»:
1992թ. մարտի 2-ին ադրբեջանիցներն Աղդամից լրագորղների մի խումբ տարան «խոջալուցիների կոտորածի վայրը», հայտնելով, որ դա «հայկական Նախիջևանիկ գյուղի մոտ է», և մարդիկ տեսան երեխաների, աղջիկների, կանանց, տարեցների պղծված դիակներ՝ պոկված եղունգներ, գանգամաշկված և ջարդված գլուխներ, մարմնի կտրտված անդամներ, աչքերի խոռոչներ... Դիակների մեջ զինվածների մարմիններ արդեն չկային: Լրագրողների հետ էր նաև Չինգիզ Մուստաֆաևը, և նա տեսավ, որ դա հենց նույն վայրն է, որտեղ ինքը փետրվարի 29-ին տեսել էր դիակները և նրանց մեջ շրջող ադրբեջանական զինվորներին: Փետրվարի 29-ին այնտեղ պղծված դիակներ չկային:
Մարտի 2-ից սկսվեց «Խոջալուի ողբերգության» ադրբեջանա-թրքական հանրայնացումը՝ «հայերի կազմակերպած ցեղասպանության» փաթեթավորմամբ: Մարտի 3-ին հայտարարվեց, որ «Թուրքիան վճռականորեն դատապարտում է ցեղասպանությունը»: Նույն օրը «Бакинский рабочий» թերթը գրեց՝ «Խոջալու. Ո՞վ է պատասխանելու ցեղասպանության համար» հոդված: Ներքին լսարանի համար հիմնական տեղեկատվությունը «հազարավոր անզեն խոջալուցիների՝ կանանց ու երեխաների կոտորածը» և «Խոջալուի հերոսական պաշտպանների» կերպարների սրբագործված խմբագրումն էր: Ինչպես արդեն քանիցս հիշատակված Ալիֆ Հաջիևի կերպարը. «Ուխտադրուժ հարձակման ողբերգական գիշերը Ալիֆը քաջաբար կռվել է դաշնակցական ավազակների դեմ, ջանալով պաշտպանել և փրկել խաղաղ, անզեն բնակչությանը, և անհավասար մարտում ընկել է հերոսական մահով»[Ա-16, 62]: Բառերի այս կույտը ցայտուն իմաստային միտվածություն ուներ: «Ուխտադրուժ հարձակում» բառերը, որը սովորաբար նշանակում է նախապես ուխտ կնքած, բայց այն ստորաբար խախտած, հանրային ընկալման համար պիտի նշանակեին հայերի կողմից «անակնկալ», «անսպասելի հարձակում անզեն խաղաղ բնակչության դեմ», ինչը պարզ, բայց ազդեցիկ սուտ էր: «Դաշնակցական ավազակ» բառերը պիտի ազդեր պատմական անցյալի ադրբեջանական սովորական քարոզչությամբ «ցեղասպանություն» բառի հետ կապվող տեղական ընկալումներին: Գրելով, որ Ալիֆ Հաջիևը «քաջաբար կռվել է դաշնակցական ավազակների դեմ՝ ջանալով պաշտպանել և փրկել խաղաղ, անզեն բնակչությունը» և խնամքով շրջանցելով խաղաղ բնակչությանը խաբեությամբ վտանգի տանելու, հայկական խաղաղ գյուղի ինքնապաշտպաններին փոխհրաձգություն հարկադրելու և հենց այդտեղ զոհվելու փաստերը սղալելով՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ «հերոսը» կռվել և զոհվել է հենց Խոջալույում: Մինչդեռ Խոջալու բնակավայրում զոհեր քիչ են եղել:
Ադրբեջանցիներից Չինգիզ Մուսատաֆաևը առաջինն է, որ Խոջալու բնակավայր է մտել փետրվարի 28-ին, և հենց նա էլ Ադրբեջանի արդեն նախկին նախագահ Այազ Մութալիբովին ասել է, որ Խոջալույում դիակներ չի նկարահանել, որովհետև դրանք պարզապես չեն եղել[Ա-24, 253]: Ռուս լրագրող Վիկտորիա Իվլևան քիչ չեզոք լրագրողներից է, ով «մարտի դաշտում»է այսինքն Խոջալու բնակավայրում հայտնվել է հենց մարտի օրը: «Առավոտյան ես հայտնվեցի Խոջալույում: Գյուղն այրվում էր: Փողոցներում դիակներ կային: Ես հաշվեցի յոթ սպանվածների, մեկը՝ միլիցիոների հագուստով: Հետո մենք ինքներս ընկանք ավտոմատի կրակահերթի տակ: Տներից մեկից կրակում էին ադրբեջանական օմօնականները: Այդ տան մոտ կռիվը տևեց մինչև երեկո և հայերի վրա արժեցավ երկու սպանված և մի քանի վիրավոր: Ի՞նչ եղավ օմօնականների հետ՝ զոհվեցին, թե մթան հետ կարողացան գնալ՝ ես չգիտեմ» [Ա-10]: Խոջալուից մեկ կմ հեռավորությամբ գտնվող Նորագյուղցի հայ երիտասարդի օրագրում փետրվարի 25-ի լույս 26-ի՝ Խոջալուի գրոհի գիշերվա զոհերի մասին օրագրի փետրվարի 26-ի գրառման մեջ ասվում է, որ զոհվել են 15-20 մարդ ադրբեջանցիներից, 5 մարդ՝ հայերից: Խոջալուի գրավումը գլխավորած Արկադի Տեր-Թադևոսյանը գրել է, որ Խոջալուի գործողության ժամանակ «մենք կորցրինք 8 մարդ, հակառակորդը՝ 23»:
1997թ. փետրվարի 25-ին՝ Խոջալուի գրավման հինգերորդ տարին առանց որևէ քիչ թե շատ լուրջ հետազոտության, վերլուծության, փաստերի, առանց փաստացի միջուկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Խոջալուն» «փաթեթավորեց» որպես ցեղասպանություն. «Ամեն տարի փետրվարի 26-ին ժամը 17.00-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտարարել լռության րոպե որպես Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշտակի հարգանքի նշան»: Սա, իհարկե, խթան էր, որպեսզ նոր «ականատեսներ» փորձեն լցոնել նախագահի «դատարկ փաթեթը»: Օրիանկ՝ 1998թ. «Խոջալուի ցեղասպանության» նորահայտ «ականատեսներից» մեկը՝ Նիզամի Բախմանովը հայտարարեց, որ իբր Խոջալույում իր աչքով է տեսել «հղի կանանց ճղված փորերը, գանգամաշկված ծերունիներին, աչքերը հանած մանկահասակ երեխաներին» [Բ-54] այն դեպքում, երբ Խոջալուի բնակչության դուրս գալուց պահից իսկ պարոն Բախմանովը, ինչպես առհասարակ ադրբեջանական կողմից որևէ մեկը, բացի Չինգիզ Մուստաֆաևից, ոտք չի դրել Խոջալու:
Խոջալուի ողբերգության հանրայնացումն ընթանում էր և շարունակում է ընթանալ ամենակոպիտ և գռեհիկ շահարկումներով, աշխարհի տարբեր ծայրերի և տարբեր ժամանակների ողբերգություններից լուսանկարներ են հրատարակվում որպես Խոջալուի բարբարոսության զոհերի պատկերներ: Որպես «Խոջալուի ցեղասպանության» զոհերի աշխարհի տարբեր վայրերում ներկայացնում են 1983թ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ քրդերի, 1978թ. թուրքական ահաբեկչությունից զոհված ալևիների, Աֆղանստանի փախստականների, Կոսովոյի և բալկանյան այլ կռիվների զոհերի անարգված պատկերներ[Բ-92]: Հայերի մերկացումներից հետո դրանք սովորաբար անհայտում են կայքերից, բայց փոխարինվում են նորերով, կարճաժամկետ ծառայում հերթական քարոզչությանը, կրկին անհայտանում և այսպես շարունակ: Այսպես արարվում է «Խոջալուի ցեղասպանությունը»՝ հերոսացնելով անարգներին, անարգելով զոհերին և պատմությունը»:

Աղբյուրը`   Հրանուշ Խառատյան