Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ինչո՞ւ ընտրվեց օնլայն դիվանագիտությունը, և ինչո՞ւ է շտապեցնում Արևմուտքը. քաղաքագետ

Ինչո՞ւ ընտրվեց օնլայն դիվանագիտությունը, և ինչո՞ւ է շտապեցնում Արևմուտքը. քաղաքագետ
249
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 23:48

Հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն օնլայն միջավայր տեղափոխելը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, և առցանց ձևաչափում տեխնիկական հարցեր են ճշգրտվում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ՝ փետրվարի 26–ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին ասել էր, որ Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով։ Իսկ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում մանրամասնել է, որ հայկական կողմի հետ ներկայում զբաղվում են առցանց դիվանագիտությամբ՝ տեղի են ունենում խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակումներ։
«Միջազգային պրակտիկայում նման երկրորդ դեպք չի եղել, երբ երկու երկրները միմյանց հետ առնչվեն օնլայն տարբերակով։ Սա որևէ դրական արդյունք չի կարող ապահովել»,– ասելէ Բալասանյանը։
Նա նշել է, որ սովորաբար Ադրբեջանի և Հայաստանի նման հարաբերություններ ունեցող պետություններն իրար հետ առնչվում են միջնորդների միջոցով։ Այս դեպքում դա կարող էր լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Օնլայն դիվանագիտության անցումը միջազգայնագետին առիթ է տալիս ենթադրելու, որ ոչ թե առցանց տարբերակով խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցեր են քննարկվել, այլ տեխնիկական հարցեր են ճշտվել, որի դեպքում ուղիղ բանակցություններն ու հանդիպումներն անհրաժեշտություն չեն։
«Այսինքն, այդ պայմանագիրը պատրաստ է արդեն, բայց զարմանալիորեն այդ մասին տեղյակ չէ հասարակությունը։ Հարց է առաջանում՝ կա՞ նման պայմանագրի վերջնական տարբերակը, թե՞ ոչ, և երկրորդ՝ ո՞ր տարբերակն է ընտրվում որպես հիմնական՝ վաշինգթոնյա՞նը, թե՞ մոսկովյանը։ Հենց սրանից է կախված լինելու ամենակարևորը՝ Արցախի հարցը ինչպես է լինում»,– ասել է նա։
Այս համատեքստում Բալասանյանն ընդգծեց, որ, ընդհանրապես, 2018 թվականից սկսած, իշխանության գործելաոճն է երկիրն օնլայն կառավարելը, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախի հարցը օնլայն տիրույթ տեղափոխելն անլուրջ մոտեցում է լրջագույն խնդիրներին, և դրան նաև միջազգային գործընկերները չեն կարող լուրջ վերաբերվել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրա դիտարկմամբ՝ այդ երկիրն այժմ թելադրողի դերում է, հետևաբար, ցանկացած ֆորմատով իրենք փորձելու են իրենց ասելիքը տեղ հասցնել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: