Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանն ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանն ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում». Տիգրան Աբրահամյան
416
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 20:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի՝ կանխելու ցանկացած տիպի սադրանք»:
Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև՝ մարդկային ուժի՝ ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Սրան զուգահետ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողված է «փորձագետ-քաղաքագետների», դուրսգրված գործիչների հարցազրույցներով, գրառում-հայտարարություններով, ինչպես նաև՝ տեսախցիկի ֆիքսված կադրերով, որտեղ նույնիսկ պարզ չէ, թե ինչ մեքենաներ են և ուր են շարժվում:
Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ:
Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի Արցախ տեղափոխությունների դրվագին, ապա ՀՀ իշխանությունը պատերազմից հետո զորակոչ դեպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինություն նույնիսկ ՀՀ-ի համար բավարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:
Սրա մասին շատ լավ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում»: