«Ադրբեջանի դրոշն այրելուն հաջորդած քննարկումները վեր հանեցին հին հայկական մոլորությունը». Ն. Մկրտչյան
228
Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 22:42
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Մարզահամերգային համալիրում Ադրբեջանի դրոշն այրելուն հաջորդած քննարկումները վեր հանեցին հին հայկական մոլորությունը «ամբողջ աշխարհի առջև ազգովին խայտառակվելու» մասին։ Ազգովին խայտառակվելու մասին անհանգստացողները մոռացել էին, թե ինչպես էր ազգի կեսը ընտրակաշառք վերցնում ու բաժանում։ Ազգովին խայտառակվելու մասին թող մտածեն, երբ թշնամին ամեն օր քայլ առ քայլ, մետր առ մետր մխրճվում է Հայաստանի սահմաններից ներս, իսկ Հայաստանի պետությունը աղաղակում է «էսկալացիայի չգնալու և խաղաղության դարաշրջանի մասին»։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն նրանք, ովքեր իրենց մանկահասակ որդիներին փախցնում էին Գլենդել ու Ռոստով, որ նրանք վաղ-մյուս օրը չծառայեն հայկական բանակում, իսկ հիմա Գլենդելում և Ռոստովում տնային հողաթափերով զբոսնում են և գլուխներն են տմտմբացնում «ազգովին խայտառակվելու» մասին։ Ազգովին խայտառակվելու մասին արժե մտածել, երբ Հայաստանի հանրությունը տարբեր տարիների կոռումպացված, ապօրինի իշխանություններին է հանդուրժել կամ ղարաբաղյան պարտությունից հետո պարտված իշխանությանը նախընտրել։ Ազգովին խայտառակվելու մասին պետք էր մտածել Մյուխենյան համաժողովում կամ Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ գործող վարչապետի քաղաքական ընկալումների պարզունակությանը բախվելիս։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի հետևանքով նախկինները խորհրդարանան ընդդիմություն են դարձել, իսկ մանկապատանեկան խորհրդարանը՝ նրա դակիչը։ Ազգովին խայտառակվելու մասին թող մտածեն, երբ ԱԺ նախագահը փողոցում թքում է իրեն «դավաճան» անվանողի դեմքին։ Ազգովին խայտառակվելու մասին պետք է հիշել ամեն անգամ Հայաստանի ավտոճանապարհներին չդադարող ավտովթարների և զոհերի թվաքանակին բախվելիս։ Ազգովին խայտառակվելու մասին պետք է հիշել, երբ հայկական միջավայրը հայ տաղանդներին դուրս է մղում, և նրանք ծաղկում են, դրսևորում, ճանաչում ձեռք բերում միայն Հայաստանի սահմաններից դուրս։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն, երբ Երևանի կենտրոնում հաստաբուն ծառերն արմատախիլ են անում, և հինգ բնապահպան բողոքի ցույց չի անում։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն, երբ Հայաստանը դարձել է աշխարհից մերժված Ռուսաստանի սատելիտը և անվերջ պտտվում է նրա ուղեծրում, այն դեպքում, երբ ռուսական զենքով Ադրբեջանը կրակում է հայ զինվորների, գյուղերի ու քաղաքների ուղղությամբ։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն, նայելով Հայաստանի՝ վերջին 28 տարիների իշխանություններին։ Ազգովին խայտառակվելու մասին թող հիշեն նաև քաղաքապետի հաջորդ ընտրություններից առաջ և հետո։ Ազգովին չխայտառակվելու համար ամեն անգամ չի կարելի ապավինել հայի վերջին խելքին»։