«Նիկոլ Փաշինյանն առանց Էրդողանի բարձր հովանու տառացիորեն անտեր կմնա». Վահե Սարգսյան
252
Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 03:06
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առկա փաստերի և իրողությունների վրա կատարենք հպանցիկ դիտարկում։ Էրդողանի տեղատվության/պարտության/ չեզոքացման դեպքում կհաղթի նրա հիմնական մրցակից 74֊ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն։ Գաղտնիք չէ՝ Էրդողանը Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ, և, կարելի է ասել, համարվում է ՌԴ֊ի համակրելի թեկնածուն։ Քըլըչդարօղլուն՝ հակառակը, վայելում է Արևմուտքի համակրանքը, ինչը չեն էլ թաքցնում Արևմտյան բևեռում։ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում արմատապես կփոխվի Թուրքիայի՝ ներկայիս քիչ թե շատ չեզոք պահվածքը Ուկրաինայի հարցում, և, ամենևին չի բացառվում, որ թուրքական խոշոր ռազմական պոտենցիալը ևս Արևմուտքի հետ համերաշխորեն ներքաշվի Ուկրաինայի ճակատ՝ ընդդեմ Ռուսաստանի, բացվեն նեղուցները, և ՆԱՏՕ֊ի / թուրքական զորքերն ուղղակի հարձակվեն Ղրիմի վրա։ Ռուսաստանն այս վտանգի դեպքում կա'մ պետք է շտապի և մինչ ճակատագրական ընտրությունների օրը բեկում մտցնի Ուկրաինայի հետ ճակատում, ինչը ռազմական փորձագետները բավականին բարդ խնդիր են համարում, կա'մ պետք է պատրաստվի Թուրքիայի հետ առճակատման։ Պարզորոշ է՝ Թուրքիայի հետ առճակատման հաջորդ իսկ պահին իրար վրա կրակելու են Շուշիի տակ կանգնած թուրքական և ռուսական զորքերը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակի նման դյուրավառ Արցախում որևէ կասկած չկա, որ պակասում է միայն «թագաժառանգի սպանությունը», և առաջին կրակոցից վայրկյան անց պատերազմն ալիքի նման տարածվելու է Արցախի ողջ երկայնքով՝ ՌԴ֊ի համար վերաճելով 2֊րդ ճակատի։ Այն, ինչին չհասավ Արևմուտքը Վրաստանում (Աբխազիա, Հարավային Օսիա) մարտ ամսին, կարող է ստանալ Արցախում՝ մայիսին։ Ստեղծված իրավիճակում ՀՀ֊ում մի քանի ժամում կլինի իշխանափոխություն, քանզի՝ ա. Նիկոլ Փաշինյանն առանց Էրդողանի բարձր հովանու տառացիորեն անտեր կմնա ( Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը, ըստ էության, նաև Էրդողանի՝ ՌԴ֊ի հանդեպ վարած չեզոքության գինն է ), բ. Նիկոլ Փաշինյանի խունտայի քաղաքական գոյությունն, իբրև արևմտաթուրքական նախագծի արգասիք, ՌԴ֊ի համար կդառնա Տրոյական ձի կամ 5֊րդ շարասյուն ռուս֊թուրքական կոնֆիլկտի ժամանակ։ Նման սցենարի պայմաններում, երբ ՀՀ֊Արցախի համար կարող է սկսվել այդքան սպասված պատերազմը (հիշենք՝ Փաշինյանի գծած սահմաններով թե' Արցախը, թե' ՀՀ֊ն մեռնող պետություններ են, և միմիայն պատերազմը կարող է կյանք տալ վերջիններիս), չափազանց կարևոր է ՀՀ֊ում «պատերազմի իշխանության» ձևավորումը, որը հնարավորություն կտա արագորեն ձերբազատվել Փաշինյանական հանցավոր ռեժիմի քայքայիչ բացիլներից, մոբիլիզացնել ռազմական պոտենցիալը, կայսրությունների հետ աշխատել ոչ թե գավառական ժուլիկի վարքագծով, այլ լրջագույնս, ըստ այդմ՝ վերականգնել դաշնակիցների, այդ թվում՝ բարեկամ Իրանի վստահությունն ու օժանդակությունը և ՀՀ֊Արցախի համար ստեղծել զարգացման ու հզորացման լրջագույն հնարավորություններ»։