«Ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի». Սուրեն Սուրենյանց
328
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 09:41
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի... Աշոտ Փաշինյանի հետ կապված պատմությանը միտումնավոր եմ ուշացումով անդրադառնում. սպասում էի, որ կրքերը մի փոքր հանգստանան: Հիմա, թերևս, ժամանակն է, որպեսզի մի քանի ընդհանրացումներ անեմ. ● Սկզբունքորեն այն կարծիքին եմ, որ որդիները պատասխանատու չեն իրենց ծնողների վարքագծի համար ու նաև որդիների անձնազոհությունը չի կարող մեխանիկորեն տարածվել նրանց ծնողների վրա: Որդեկորույս ծնողները, ինչքան էլ արդար լինի նրանց ցասումը, Աշոտից պահանջելու որևէ բան չունեն, նրանք բազմաթիվ հարցեր տալու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանին: Մյուս կողմից, հենց Նիկոլ Փաշինյանն է նպաստել իր ընտանիքի անդամների, այդ թվում՝ Աշոտի «քաղաքականացմանը»՝ նրանց օգտագործելով որպես «մասովկա» իր էժանագին PR-ում: ● Դատապարտելի է ցանկացած բռնություն, այդ թվում՝ հոգեբանական, երբ մարդուն իր կամքին հակառակ, փորձում են որևէ վայր ուղեկցել, այդ թվում՝ Եռաբլուր: Բայց այս դեպքում էլ՝ որդեկորույս ծնողներին «քաջալերել» է հենց Փաշինյանը՝ իր հովանավորությամբ անպատիժ թողնելով այն հաստավիզ ոստիկաններին, ովքեր անցած տարի Եռաբլուրում խոշտանգել են այս նույն ծնողներին: ● Հերոսների ծնող լինելը պարտավորեցնող հանգամանք է, որը պետք է որոշակի վարքագիծ պարտադրի: Ես կասկածի տակ չեմ դնում զոհվածների հարազատների օրակարգի անկեղծությունը, բայց Աշոտի հետ «հարաբերություններ պարզելը» լավագույն ձևը չէ: Մյուս կողմից, տեղի ունեցածը, իրավական, դասական իմաստներով, առևանգում չէ, առավել ևս՝ չի կարելի ծնողների արարքում «ահաբեկչություն» կամ «կազմակերպված հանցագործություն» փնտրել: Իշխանության սազանդարները պետք է վերջ տան քստմնելի այս քարոզչությանը, իսկ զոհվածի մայր տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատության մեջ հայտնվի: ● Եվ վերջապես՝ բավ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը փորձարկումների ենթարկեն այս պետությունը: Ինչպես օրենքն է սահմանում՝ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները պետք է գտնվեն պետական պաշտպանության ներքո, իսկ եթե Աշոտն այդքան երազում է «ազատ կյանքի» մասին, թող հորը հրաժարական տալու հորդոր անի(ինքս դեմ չեն լինի այս ընտանիքի նույնիսկ «արտագաղթին»): Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն այնքան ավեր է բերել այս պետության գլխին, որ հասարակության բազմաթիվ շերտեր չեն կարող բացասական էմոցիաներ չունենալ, երբ հանդիպում են «ժողովրդական» վարչապետին կամ նրա «ժողովրդական» ընտանիքի որևէ անդամի: Ըստ այդմ, թիկնազոր պետք է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին: Բայց դա ժամանակավոր լուծում է, ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի...»: