«Հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ Աշոտին է տեսել». Սուրենյանց
591
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 16:36
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում: Քիչ առաջ հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ այսօր Փաշինյանի որդի Աշոտին է տեսել: Միանգամից մի քանի միտք սկսեցին տանջել ինձ: Աշոտի վնասվածքը փաստորեն լուրջ չէ, ու դա լավ է, բայց էդ դեպքում՝ ո՞րն էր որդեկորույս մորը կալանավորելու, նրան ցուցադրաբար պատժելու ու կրքեր բորբոքելու պատճառը: Հիմա՝ ավելի լուրջ խնդրի մասին: Փաստորեն, հայտնի միջադեպից հետո, Աշոտը դարձյալ շրջում է առանց թիկնապահների՝ հասարակական տրանսպորտով: Դե, իշխանական PR-ը հեքիաթ կպատմի «ժողովրդական» վարչապետի ու նրա նույնքան «ժողովրդական» ընտանիքի մասին: Չէ, սիրելիներս, ձեր վարչապետը վաղուց «ժողովրդական» չէ, ու այդ բառը նրա համար ձև է՝ զուրկ բովանդակային որևէ բաղադրիչից: Նիկոլի չափ Հայաստանում որևէ մեկն իշխանություն չի սիրել, այն պահելու համար նա պատերազմ է սադրել, անհրաժեշտ պահի պատերազմ չի կանգնեցրել, 4000-ը նրա համար ոչ թե ողբերգության խորհրդանիշ է, այլ սոսկական թվաբանություն, ու հենց այդ տրամաբանությամբ՝ նա համարեց, որ արտահերթ ընտրություններից հետո նա «մաքրել» է հաշիվները պատերազմի հետ ու հիմա «կարմիր լաթ» տեսած ցլի պես կատաղում է, երբ կան մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի, պարտության, դրանում իր պատասխանատվության մասին: Ժողովուրդը դեռ կանտեսվի «ժողովրդական» Նիկոլի հետ, երբ իշխանությունը կորցնելու պահին նրան երազներում այցի գա Քոչարյանն՝ իր «արժեքավոր» խորհուրդներով: Այդ օրը սարերի հետևում չէ: Նիկոլն ու նրա ընտանիքը թքած ունեն պետության վրա: Հակառակ պարագայում՝ Աշոտը չէր «հանդգնի» առանց պետական պահպանության շրջել հայտնի միջադեպից հետո: Խնդիրը խորքային է ու վերաբերում է ոչ այնքան Աշոտի, որքան երկրի անվտանգությանը, որովհետև նրա հայրը, դժբախտաբար, դեռ վարչապետ է: Պետք է համապատասխան կառույցները, հատկապես՝ ՊՊԾ-ն, հետևություններ անեն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն, քայլեր իրականացնեն: Այս կառույցների ղեկավարները տիրապետում են օպերատիվ տվյալների ու շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանին կամ այդ ընտանիքի որևէ անդամի տեսնելիս՝ հասարակության յուրաքանչյուր երրորդ անդամը գուցե չկարողանա զսպել էմոցիաները: Ընտանիքապետության, դրա «տաղանդավոր» կառավարման հետևանքով: Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում, եթե անգամ հայտնի մի ընտանիք նման դիվային հաշվարկ ունի»: