Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
287
Շաբաթ, 03 հունիսի, 2023 թ., 21:36

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բացարձակապես անընդունելի է համարում վերջին շրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺԲ խորհուրդը:
«Մասնավորապես դա վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ի ելույթի կապակցությամբ 2023 թվականի մայիսի 30-ի ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «համաներման» ողջունմանը:
Ստիպված ենք ԱՄՆ պետքարտուղար Ա. Բլինքենին հիշեցնել, որ Արցախի մեր 120 000 հայրենակիցները ներկայումս ցեղասպանական էթնիկ զտման վտանգի եւ պատանդառման պայմաններում են գտվում, իսկ համաձայն ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձի, ԱՄՆ վերահաստատել է իր հանձնառությունը կանխարգելելու հայկական ցեղասպանության երբեւէ կրկնելու որեւէ փորձ:
Սա ենթադրում է ոչ թե ռասիստական ելույթներով և սեփական քաղաքացիների մարդկային իրավունքների զանգվածային խախտումներով հայտնի եւ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունեցող բռնապետական ռեժիմի սպառնալիքներով փաթեթավորված «համաներման» ողջունում, այլ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմա-քաղաքական միջամտություն՝ ի դեմս միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման:
Շարունակելով համոզված լինել, որ Արեւմուտքի եւ Հայաստանի ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում համընկնում են եւ ենթադրում Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկա ագրեսիվ ավտորիտար ռեժիմների զսպում՝ մենք գտնում ենք, որ առանց Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի դեպի Արեւմուտք՝ մենք չենք կարող ապահովել ռազմա-քաղաքական խախտված հավասարակշռության կայուն եւ տեւական վերականգնումը:
Մենք նաեւ գիտակցում ենք, որ մարտավարական շահերից ելնելով Արեւմուտքը փորձում է հնարավորինս անցնցում ապահովել տարածաշրջանից ռուսական զինված ուժերի դուրսբերումը, որն հնարավոր է միայն կայունության եւ խաղաղության պայմաններում:
Սակայն պետք է շեշտել, որ վերջինս չի կարող տեղի ունենալ հայկական ռազմավարական շահերի հաշվին:
Դեօկուպացված Հայաստանը չպետք է մոռանա, որ ոչ մի այլ երկիր չի կարող լինել իր շահերի ինքնիշխան արտահայտողն և մարտավարական շահերի չհամընկնման ամեն մի վտանգավոր զարգացման դեպքում պարտավոր է գիտակցել այն եւ համապատասխան կերպով արձագանքել:
Կայուն անվտանգային ճարտարապետության հաստատման անհրաժեշտ պայմանը ռազմա-քաղաքական հավասարակշրության հաստատումն է, որը ցավոք բանակցությունների ներկա ընթացքը ոչ միայն չի ապահովում, այլև պայմաններ է ստեղծում գնալով խորացնող անհավասարակշռության համար, որը իրապես հղի է Արցախի հայ բնակչության էթնիկ զտումով, որն իր հերթին էքզիստենցիալ հետեւանքներ կունենա հայոց պետականության համար:
Շահերի վերոհիշյալ հնարավոր հակասությունը իրական հիմքեր է ստեղծում մեծ տարածաշրջանային պատերազմի բռնկման համար, ուստի միակ երաշխիքը իրատեսական քաղաքականությունն է, որը հաշվի կառներ Բաքվում հաստատված ռեժիմի բռնատիրական բնույթը եւ ավելորդ հույսեր չէր տածի, որ այն ի վիճակի կլինի ապահովել հայերի անվտանգությունը եւ իրավունքները՝ առանց միջազգային խաղաղապահ ուժերի ներկայության»,- ասվում է հաղորդագրության մեջ: