Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Օտարներին կատաղեցնում են մեզ վրա՝ առանց հակառակ կողմից նվազագույն երաշխիքներ ստանալու». Հրանտ Խաչատրյան

«Օտարներին կատաղեցնում են մեզ վրա՝ առանց հակառակ կողմից նվազագույն երաշխիքներ ստանալու». Հրանտ Խաչատրյան
270
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 03:06

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ԱՅՍ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻՆ հաճախ եմ լսում Հաղթական անցյալի թերի գնահատականների հիման վրա կատարվող սխալ եզրակացություններ ու վտանգավոր հայտարարություններ։
Ինքս եմ վկան այն բանի, որ 1988 թվականից սկսած ամբիոններից հնչել են բազմաթիվ արդար կոչեր ու առաջարկություններ՝ բայց նաև մեծաքանակ, առողջ տրամաբանությանն ու միմյանց հակասող կատարյալ ապուշություններ։
Սակայն հաղթանակի բանալին այն էր, որ ՀԱՆՈՒՆԸ զգալիորեն գերազանցում էր ԸՆԴԴԵՄԻՆ։
Հանրագումարում, Հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ պայքարում էր ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ։
Ունեցած դրական փորձից հետո շատ հրապարակային քարոզիչների ինչպես հակաարևմտյան, այնպես էլ հակառուսական ճղճղան լեզվահարձակումները, կիսաճշմարիտ ենթադրություններից բխեցվող հակատրամաբանական հոխորտանքները կատարյալ հիմարություն են երևում։
Երկրի հրատապ խնդիրները թողած՝ մեկը մյուսի վրա գազազած օտարներին կատաղեցնում են մեզ վրա՝ առանց հակառակ կողմից նվազագույն երաշխիքներ ստանալու։
Ամենայն հավանականությամբ այդպիսի գործունեությունը օտարի պատվերով է իրականացվում՝ կամա թե ակամա։ Վճարվում են թե ոչ պատվերների ժրաջան կատարողները երկրորդական, երրորդական, տասերրորդական հարց է։
Նրանք բոլորը միասին ճեղքում ու պառակտում են հայ հասարակությունը՝ ապակողմնորոշում են առանց այդ էլ մեր նկատմամբ անտարբեր ու երկփեղկված միջազգային հանրության կարծիքը։
Տկար «վերնախավի» անհաշտ կեսերից յուրաքանչյուրը իբր աշխատում է «տգետ զանգվածներին իր կողմը քաշելու վրա»։ Բայց արի ու տես, որ այս կամ այն անկատար բևեռին միանալու ցանկություն ունեցող տգետ զանգվածներ չկան.
Կա բազմիցս խաբված ու մոլորեցված, լքված ու վիրավոր, ԱՇԽԱՐՀԻՑ, ԱՍՏԾՈՒՑ ԽՌՈՎԱԾ, ԲԱՅՑ ՀՐԱՇՔԻ ՍՊԱՍՈՂ ՄԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԱՊՇԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ։
ԱՄՈԹ Է …
Հետո կհասկանաք, բայց արդեն ուշ կլինի թե՛ ձեզ ու թե բոլորիս համար։ Երկրային դատարանից չեք վախենում՝ սարսափեք ահեղ դատաստանից, որն իջել է երկնքից երկիր։
Մեզ պետք է հայության բոլոր շերտերի համախմբմանը, երկրի ռեսուրսների արագ ու արդյունավետ մոբիլիզացիային ուղղված խելամիտ քարոզչություն ու գործ։
Ով պիտանի չէ այդպես վարվել, պետք է բարի լինի ինքնակամ թողել ասպարեզը։
Սուրբ տեղը դատարկ չի մնա»։

Աղբյուրը`   Հրանտ Խաչատրյան