Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանի անելիքը չափազանց բարդ է». Հակոբ Բադալյան

«Հայաստանի անելիքը չափազանց բարդ է». Հակոբ Բադալյան
195
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 17:05

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում կա տարածված տեսակետ, որ Արևմուտքն անվտանգության հարցում պատասխանատվություն կստանձնի այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանին անվտանգային դաշնակցային արտաքին պատասխանատու աջակցություն պետք է հենց մինչ այդ, ոչ թե դրանից հետո:
Պետք է մինչ այդ, որովհետև Հայաստանն ինքն իր ներուժով անկարող է ապահովել ուժերի այնպիսի նվազագույն հավասարակշռություն, որը կարող է լինել ցանկացած իրական կարգավորման հիմք: Կարգավորման հիմքերը թղթերը չեն, այլ ուժերի բալանսը: Երբ վերանում է բալանսը, թղթերը արագորեն «ճմրթվում» են:
Ահա, հենց հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերության բալանսավորված կարգավորման իրատեսականության համար է, որ Հայաստանն ունի արտաքին դաշնակցային պատասխանատու աջակցության կարիք, բնականաբար իր ներուժի առավելագույնն անելու աներկբայությամբ:
Արևմուտքը անկասկած գիտե դա, բայց ինքն էլ չունի դրա կարիք, այդ պատասխանատվությունը ստանձնելու կարիքը, քանի որ դա նշանակում է դառնալ կողմ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ:
Արևմուտքի համար գրեթե «իդեալական» է, երբ այդ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, հատկապես այսօր խնդիրների մեջ թաղված Ռուսաստանի, որի համար այդ պատասխանատվությունը դարձել է գրեթե անհաղթահարելի ծանրություն:
Հետևաբար, իրերի այդ դրության պահպանման հարցում թիվ մեկ շահառուն հենց Արևմուտքն է՝ Հայաստանի համար «պատասխանատվությունը» պետք է մնա Ռուսաստանի վրա, Ռուսաստանը չպետք է դուրս գա այդ «փոսից»:
Ռուսները բնականաբար չեն կարող «կտրուկ» հրաժարվել այդ պատասխանատվությունից, բայց մյուս կողմից ընտրել են նաեւ տակտիկական տեղատվության սցենարը, միաժամանակ սուր արձագանքելով արեւմտյան ակտիվության հանդեպ՝ ԵՄ դիտորդներ, վաշինգտոնյան գործընթաց և այլն, ինչը Արևմուտքի վրա «պատասխանատվության» բաժին դնելու իրենց մեթոդն են: Դա իհարկե անհամեմատ թույլ մեթոդ է, բայց ռուսները չունեն այլ տարբերակներ:
Այս պայմաններում, Հայաստանի անելիքն իհարկե չափազանց բարդ է և նվազագույնը պահանջում է խաղալ բոլոր հնարավոր ուղղություններով, և ավելին՝ յուրաքանչյուր ուղղությամբ գուցե նույնիսկ խաղալ մի քանի «գծերով», գտնել դա անելու հնարավորությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան