Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վերջերս նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են սկսել պոպուլիստական թեզեր հնչեցնել». Արա Պողոսյան

«Վերջերս նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են սկսել պոպուլիստական թեզեր հնչեցնել». Արա Պողոսյան
380
Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 01:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք սովոր ենք հաճախ պոպուլիզմի մեջ քննադատել իշխանություններին, և դա ինչ-որ ժամանակ իրական էր, քանի դեռ չէր վերածվել ավտորիտարիզմի։
Բայց ցավալին այն է, որ հատկապես վերջերս նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են սկսել պոպուլիստական թեզեր հնչեցնել։
Օրինակ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը հայտարարում է, որ միայն ինքը կարող է բանակցել Պուտինի հետ, նա առավելագույնը ծաղրի է արժանանում, իսկ պատկերացնո՞ւմ եք, այդպիսի բան ասեր ասենք Հենրի Քիսինջերը, թե՝ տվեք ինձ լիազորություններ, ես այս-այս ձև կբանակցեմ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ։
Ցավոք, Հայաստանի նախկին ԱԳ նախարարը (հարգանքով հանդերձ իր անձի նկատմամբ) հնչեցնում է այդպիսի թեզ, վստահ լինելով, որ անհնար է դրա բավարարումը, և այդ թեզը քննարկման առարկա է դառնում նախկին նախագահի կողմից, ով լրջորեն հայտարարում է, թե «կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, և իրականացնելի է» ու այստեղ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր, որոնցից թերևս ամենալեգիտիմը վերաբերում է այն հանգամանքին, թե այդ իրականացնելի թեզը ինչո՞ւ նախկինում քննարկման առարկա չէր դառնում, կամ՝ ո՞ւմ է ուղղված հայտարարությունը՝ ներքին, թե՞ արտաքին լսարանին և ի՞նչ մեսիջ է սրանով փոխանցվում։
Ու նույն ինքնավստահությամբ նախկին նախագահը շարունակում է. «Բայց եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանա: Թեև չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»:
Դիվանագիտության պատմությունը թեև ունի հրապարակային մաս, բայց մեծամասամբ այն գաղտնի հարաբերությունների և գործողությունների մի ամբողջ ցիկլ է, որտեղ գաղտնիության ռեժիմի պահպանումը պակաս կարևոր չէ, քան ռազմական գաղտնիքի պահպանումը։ Ընդ որում, ճգնաժամային իրավիճակում գտնվող երկիրն անգամ իրավունք չունի ռազմավարության դետալավորված հրապարակման, էլ չեմ ասում մարտավարական քայլերի։ Իսկ այստեղ, ըստ էության մենք տեսնում ենք դետալներ, որոնք անկասկած ուսումնասիրվելու են թշնամական կենտրոններում։
Իսկ դաշնակից-շահակից, առաջարկ-պահանջարկ փոխհարաբերությունների մասին էլ չեմ խոսում։
Ամեն դեպքում ցավում եմ, որ հենց այս վիճակում ենք, ցավում եմ, որ իրավիճակի համար հատկապես նախկին ու ներկա պատասխանատուների կողմից են հնչում ամենադիլետանտ և անհաջող մեկնաբանությունները։
Հ.Գ. Մտքերի համար նեղվողները ստիպված են սրան էլ դիմանալ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան