Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե Օսկանյանը հասկանար բառի արժեքը, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի». Վահագն Ալեքսանյան

«Եթե Օսկանյանը հասկանար բառի արժեքը, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի». Վահագն Ալեքսանյան
367
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 10:30

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝
1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի:
2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս:
4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի:
5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով):
6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով):
7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով):
8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի և այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»: