Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թուրքիան «գցե՞լ» կամ «գցո՞ւմ» է Ռուսաստանին. իհարկե ոչ». Հակոբ Բադալյան

«Թուրքիան «գցե՞լ» կամ «գցո՞ւմ» է Ռուսաստանին. իհարկե ոչ». Հակոբ Բադալյան
500
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 02:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան «գցե՞լ» կամ «գցո՞ւմ» է Ռուսաստանին: Իհարկե ոչ:
Թուրքիան, լինելով արևմտյան քաղաքականության դաշտում, միաժամանակ օգտվելով ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական, Բրիտանիա-Ռուսաստան էքզիստենցիալ դիմակայության հանգամանքից, փորձել և փորձում է դրսևորել առավելագույնս հավակնոտ քաղաքականություն:
Դրանում ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ, բայց այդպես է բոլոր դեպքերում, ոչ մի քաղաքական սուբյեկտի մոտ չկա ամեն բան ստացվելու ռեժիմ:
Ռուս-թուրքական հարաբերությունն իր հետագծով ու ներկայով պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ Թուրքիան երբեք էլ «երես չի թեքել» Արևմուտքից: Նրանք ունեն փոխադարձ անհրաժեշտություն, միաժամանակ՝ Արևմուտքն ուզում է որևէ կերպ թույլ չտալ դուրս գալ կառավարելիությունից, իսկ Թուրքիան՝ չդնելով այդպիսի խնդիր, միաժամանակ ուզում է հասնել «արևմտյան ռազմավարությանը» համահունչ ակոսի մեջ առավելագույն ինքնուրույնության:
Դրա միջոցներից մեկը Անկարան դիտում է Ռուսաստանի հետ հարաբերությունը: Ռուսաստանն իր հերթին զգում է դրա կարիքը, ինչպես վերը նշեցի՝ Արևմուտքի հետ իր ռազմավարական, էքզիստենցիալ ռազմա-քաղաքական դիմակայության բերումով, որքան էլ պատկերացնում է, որ Թուրքիան այդուհանդերձ արևմտյան լայն ազդեցության դաշտում է և հենց դրանում է նաև տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունում իր ուժի կարևոր բաղադրիչներից մեկը:
Արևմուտքը ռուս-թուրքական հարաբերության այդ «մեխանիկան» դիտում է երկուսի հանդեպ էլ ազդեցության լծակ:
Մեծ հաշվով, ըստ իս կա ահա այսպիսի բավականին խրթին «եռանկյունի», որի ներսում է գտնվում Հայաստանը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան