Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա ուղղակի խայտառակություն է». Տաթևիկ Հայրապետյան

«Սա ուղղակի խայտառակություն է». Տաթևիկ Հայրապետյան
473
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 10:48

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ:
Այդտեղ առանձնակի խնդրահարույց է հայտարարության չորրորդ կետը, որտեղ փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր:
Հայտարարության այդ հատվածում մեջ նշված է. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից: Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն:
Ես ընդգծել եմ դեպի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։ Ես երկու տարբերակներն էլ տեսնում եմ որպես կարևոր և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերսկսումը»:
Փաստորեն, մարդու իրավունքների ջատագով համարվող ԵՄ-ի համար խնդիրը բնականոն հուն կարող է վերադառնալ, եթե Աղդամից ուտելիք տան Արցախում ապրող հայերին: Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն: Ոչ մի խոսք Արցախում ստեղծված աղետի, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության ու ագրեսիվ քայլերի մասին: Այսպես վարվում է Ադրբեջանին «հուսալի գործընկեր» համարող ԵՄ-ն: ԵՄ հարթակը ամենաանհաջողն է բոլոր բանակցային հարթակներից: Թե՛ իրենց շահերի առումով և թե՛ բանակցային գործընթացի ու խնդրի էության մասին գիտելիքների բացակայության առումով այս հարթակը խնդրահարույց է: Այս հանդիպումներից հետո մենք, ցավոք, էսկալացիայի մեծ ռիսկ ենք ունենում: Ինչո՞ւ: Որովհետև ագրեսիվ ու ռազմատենչ Ադրբեջանի համար ԵՄ-ի կողմից նման ձևակերպումների օգտագործումը ուղղակի կանաչ լույս է համարվում... Կան խնդրահարույց այլ կետեր ևս, օրինակ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսելիս որևէ բառ չկա միջազգային մեխանիզմների մասին:
Դե Փաշինյանի կողմից վարվող խայտառակ բանակցությունների մասին ասելիք չկա... փաստացի մեր երկրի շահերը ներկայացնող չկա այս բանակցություններում»: