«Դուք չեք քննարկել, բայց ձեր փոխարեն քննարկել են». Դավիթ Գրիգորյան
308
Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 14:30
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է որ Հայաստանն ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում: - Նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ չի քննարկվել։ Պարոն Մարուքյան, իսկ 1. պատերազմից հետո 7 շրջանների մնացուկների վերադարձի հարցը քննարկվե՞լ էր 2. իսկ գերիների վերադարձի հարցը քննարկվե՞լ էր 3. իսկ քննարկվե՞լ էր ասենք՝ Լաչինի միջանցքի փակման հարցը 4. քննարկվե՞լ էր Փառուխի ու Քարագլխի հանձնման հարցը 5. քննարկվե՞լ էր ռուս խաղաղապահության չեզոքացման հարցը 6. քննարկվե՞լ էր Արցախը բլոկադայի ենթարկելու հարցը 7. քննարկվել էր անկլավների վերադարձի ու ահաբեկչական հանրապետության տարածքային ամբողջականության բանավոր ճանաչման հարցը՝ առանց երաշխիքների 8. քննարկվե՞լ էր ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների գրավման հարցը 9. իսկ ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների հանձնման հարցը քննարկվե՞լ էր․․․ ինչպես դասականը կասեր՝ «և այլն, և այսպես շարունակ» 10. վերջում, հիշեցնեմ, չէր քննարկվել նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման հարցը, բայց արի ու տես, որ ձեր վիզավիները Բաքվում արգելում են ՀՀ կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնության մուտքը Արցախ՝ պնդելով, որ բանը քննարկվել է: Ես գրեթե վստահ եմ․․․ որ չի քննարկվել ձեր կողմից նման բան: Բայց փաստն այն է, որ ահաբեկչական հանրապետությանը հիմա, փաստորեն, որևէ քայլի գնալու համար ձեր հետ քննարկումներն արդեն պետք չեն: Նրանք վերցնում ու անում են, ցավոք: Եթե չի քննարկվել, չի նշանակում, որ ադրբեջանը նպատակները չեղարկում է: Նույնն էր Լաչինի միջանցքի փակման դեպքում, նույնը կարող է լինել ադրբեջանցիների վերադարձի դեպքում: Առանց քննարկել: Հետևապես, գուցե չի քննարկվել, բայց արվել է: Թշնամին առանց քննարկել հասել է իր նպատակին: Եվ, եթե հայկական կողմը դաշնակցի կամ միջնորդի հայտարարության որևէ դրույթի հետ համաձայն չէ, ապա պիտի կամ տեղում ծանոթանա հրապարակվելիք հայտարարությանը ու առարկի, կամ արդեն տանը՝ Երևանում, հայտարարություն տարածի, որով կփաստի իր անհամաձայնությունը: Եթե ո՛չ մեկն է տեղի ունեցել, ո՛չ էլ մյուսը, ապա չե՞նք կարող համարել, որ լռությունը համաձայնության նշան է: Չես հակադարձում, ուրեմն չես էլ առարկում: Դուք չեք քննարկել, բայց ձեր փոխարեն քննարկել են: Սա ավելի վատ է, քան եթե դուք քննարկեիք, բայց չհաջողեիք: Ադրբեջանական կողմը և՛ Միշելի հայտարարության մեջ, և՛ Լավրովի հայտարարության մեջ հասել է հստակ հաջողության․ մի դեպքում այսպես կոչված «նոր հումանիտար ճանապարհի» մասով, մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համահավասարության սկզբունք կիրառելու մասով: Սա ձեր բանակցածի կամ բանակցությունների ժամանակ «մանդատից» հրաժարվելու հետևանք չե՞ք համարում»: