Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ի՞նչ սցենարներով կարող են ընթանալ իրադարձություններն «Արցախում և նրա շուրջ»․ «Փաստ»

Ի՞նչ սցենարներով կարող են ընթանալ իրադարձություններն «Արցախում և նրա շուրջ»․ «Փաստ»
559
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 09:36

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է,- օրերս «Ալֆա նյուզի» եթերում նկատեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով:- Ես ցավում եմ սրա համար, որովհետև սկզբից մենք պիտի լինեինք, հետո նոր մեր բարեկամը։ Բայց այսօր ստացվել է այնպես, որ մեր արցախցիների դաշնակիցը ՌԴ-ն է՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հետաքրքրություններով»: Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումը, որքան էլ ցավալի է, բայց և ռեալիստական է, եթե չասվի՝ դառը իրականությունն է:

Դժվար է հակադարձել նրա դիտարկմանը, կամ ավելի շուտ՝ արձանագրմանը. «Ցավոք, այս պահին Հայաստանից ոչ մի սպասում չկա, այստեղ նույնիսկ քննարկելու, մեկնաբանելու, ասելու ոչինչ չկա, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է, ցավոք։ Արցախցիների դաշնակիցը շարունակում է մնալ Մոսկվան»: Թե Արցախում խաղաղապահ ուժերով ներկայացված Ռուսաստանի դաշնակցությունը ինչպես է արտահայտվում այս պաշարումային շրջանում, նույնպես դժվար չէ արձանագրել: Ռուսական խաղաղապահները չունեն բացահայտ առճակատման գնալու և Արցախի «կյանքի ճանապարհը» անօրինաբար շրջափակած ադրբեջանական ելուզակներին հեռացնելու կամ վնասազերծելու հրաման, այլապես դա վաղուց արած կլինեին: Իսկ չունեն նման հրաման, քանի որ Մոսկվան չունի նման քաղաքական որոշում: Հնարավոր է՝ այլ պայմաններում լիներ նման որոշում, սակայն Նիկոլ Փաշինյանի խայտառակ ու պարբերաբար կրկնվող հայտարարություններն առ այն, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, կաշկանդում են Արցախի հայությանը, թեկուզև իրենց ինչ-ինչ շահերից ելնելով աջակցել ցանկացող մեր բոլոր բնական դաշնակիցներին:

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության՝ Արցախն ուրանալու մասին հայտարարությունը կապկպում է սակավաթիվ դաշնակիցների ձեռուոտը, կաշկանդում նրանց հնարավոր գործողությունները և կանգնեցնում փաստի առաջ: Ի դեպ, այն մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններն են էականորեն փոխել իրավիճակը, Ռուսաստանը հայտարարեց բացահայտ, իսկ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ միջնորդավորված ու աղմկահարույց արտահայտություն, որը, հասկանալի է, հետո պաշտոնապես չհաստատվեց, չնայած դա չի նշանակում, որ Մարսելում հայերի հետ փակ հանդիպման ժամանակ նա նման բան չէր ասել, առավել ևս, որ պաշտոնապես դա չհերքվեց էլ: Վիկտոր Սողոմոնյանը միանգամայն իրավացի է այն առումով, որ ՀՀ իշխանությունը ներկայացնող և Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին հայտարարություններից հետո էլ Ստեփանակերտը, Արցախի մեր հայրենակիցները իսկապես էլ չեն կարող որևէ սպասում ունենալ ՀՀ-ից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում