Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բրյուսելյան, վաշինգթոնյան ձևաչափերի բովանդակությունն ի՞նչ է». Բադալյան

«Բրյուսելյան, վաշինգթոնյան ձևաչափերի բովանդակությունն ի՞նչ է». Բադալյան
249
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 17:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ առաջարկում է Լավրովը, և նույնիսկ այն, թե ընդհանրապես ինչ կարող էր առաջարկել Լավրովը, հասկանալի է վաղուց:
Հիմա մեզ հարկավոր է հասկանալ, իսկ՝ օրինակ բրյուսելյան ձևաչափում, վաշինգթոնյան ձևաչափում առաջարկվո՞ւմ է որակապես և բովանդակային առումով այլ բան, ավելի նախընտրելի որևէ բան:
Թե՞ ընդհանրապես որևէ բան չի առաջարկվում, բացի «մանտրայից»՝ ուղիղ խոսեք Բաքվի հետ: Որովհետև այդ «ուղիղ խոսեքը» այլ բան չէ, քան ընդունեք Ադրբեջանի պայմանները, որովհետև ուժերի բալանսը չի ենթադրում որևէ այլ բան:
Եվ ուրեմն, բրյուսելյան, վաշինգթոնյան ձևաչափերի բովանդակությունն ի՞նչ է: Լավրովին գիտենք, շատ վաղուց գիտենք, ու զարմանալին այն չէ, ինչ նա առաջարկում է: Զարմանալի կլիներ, եթե նա առաջարկել այլ բան:
Հիմա առանցքային հարցը այլ է՝ իսկ մյուս ձևաչափերում մեզ առաջարկվո՞ւմ է որակապես այլ բան, ընդհանրապես՝ մեզ ի՞նչ է առաջարկվում: Այլապես, բոլորն ունեն իհարկե Լավրովի հանդեպ իրենց զգացումներն ու «զգացմունքները» բավարարելու լիակատար իրավունք, հատկապես, երբ այդ իրավունքի իրացումը ապահովում է նաև առնվազն ֆեյսբուքյան հերոսի կարգավիճակ, բայց ի վերջո գլխավոր խնդիրը Արցախի ճակատագիրն է, ըստ այդմ այդ ճակատագրի հանդեպ այլ միջնորդների մոտեցումները:
Անվտանգություն և իրավունքներ ընդհանրական ու վերացական ձեւակերպումը ըստ էության ոչինչ է, եթե դրա տակ չկա շատ, թե քիչ որոշակիացված բովանդակային շրջանակ:
Այստեղ է՝ որպես հանրություն մեր անելիքը, հասկանալ, թե ի՞նչ այլ առաջարկներ կան, ո՞րն է ԱՄՆ, Եվրոմիության «անհամաձայնությունը» Լավրովի հետ՝ բովանդակայի՞ն է այն, թե՞ վերաբերում է միայն նրան, թե ո՞վ պետք է լինի այդ գործնականում նույն բովանդակության մոդերատորը:
Որովհետև, կա հետևյալ խնդիրը, ռիսկը, մարտահրավերը՝ Ադրբեջանին արվող «գրավիչ» առաջարկների մրցակցություն, որով էլ սեղմվում է օղակը: Հետևաբար, մեր անելիքը առավել հանգամանալից հասկանալու համար, հարկավոր է առավելլ հանգամանալից տիրապետել բոլորի առաջարկների մանրամասներին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան