«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կես քայլ է մնում մարտի 1-ին Տպավորություն է ձևավորվում, որ սեպտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը նպատակ ուներ Արցախը տանել վերջնական կապիտուլյացիայի։ Տարածաշրջանի թիվ 1 ահաբեկիչ Ալիևն այն որպես առիթ օգտագործեց, իր ձևակերպմամբ, Արցախում «հակաահաբեկչական» օպերացիա իրականացնելու համար, որը հավանություն է ստացել ռուս-թուրքական տանդեմի կողմից, ինչը հաստատեց Մարիա Զախարովան սեպտեմբերի 22-ի իր ճեպազրույցում՝ ասելով․ «․․․ահա, թե ինչ կսպասվի նրանց, որոնք կփորձեն արևմուտք թեքվել»։ Ռուսաստանի խաղաղապահները, որոնք, ըստ 2020թ-ի նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության, արցախահայության անվտանգության երաշխավորն էին, Ադրբեջանի կողմից իրազեկվել են, որ սկսելու են արցախահայության էթնիկ զտում և կոտորած, ինչն ընդունվել է ի գիտություն և ի կատար ածվեց սեպտեմբերի 19-ին։ Սակայն ռուսները միաժամանակ մեկ քայլ առաջ ընկան՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իրենց դրածոներին պարտադրելով կապիտուլյացիա ամենաստորացուցիչ պայմաններով, փաստի առաջ կանգնեցնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ սեպտեմբերի 21-ին սպասվող նիստից առաջ։ Ռուսները, 2018թ-ին իշխանության բերելով Նիկոլին, նրան օգտագործելով 2020թ-ին հայ ժողովրդին տարան երաշխավորված պարտության, իսկ հիմա՝ Արցախի վերջնական հանձնումից հետո, որոշել են այլևս ազատվել նրանից ու իշխանությունը հանձնել իրենց մեկ այլ խամաճիկի՝ ավարտին հասցնելով Հայաստան ինքնիշխան պետության գոյությունը, այն թողնելով որպես տարածք, որն առայժմ հայերով է բնակեցված, ինչը համաձայնեցված է թուրքերի հետ, որոնք լավ են հասկանում այն հանգամանքը, որ ժամանակի հարց է՝ տարածքը թուրքերով վերաբնակեցնելու և իրենցով անելու համար։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի օրվա «իշխանություններն» իրենց առաջնորդի գլխավորությամբ, աղետ են հայ ժողովրդի համար և օր առաջ պետք է ազատվենք նրանցից։ Հիմա դա շատերն են հասկանում, մի մասն այսօր Երևանի փողոցներում է պայքարում, ցավոք շատ մեծ է հավանականությունը, որ փողոցն ուղղորդվում է ռուսների կողմից, և այն օգտագործվում է իշխանությունների կողմից, անհամաչափ ուժ կիրառելու փողոց դուրս եկած ժողովրդի դեմ։ Ստեղծված իրավիճակը կարելի է գնահատել որպես կես քայլ մարտի 1-ից, ինչի մասին բարձրաձայնում են ՔՊ-ականները։ Հ․Գ․ Հանրապետության հրապարակում ժողովրդին առաջնորդողները պետք է հստակ ներկայացնեն, թե այս վիճակի համար բացի գլխավոր պատասխանատու Նիկոլից էլ ովքեր են պատասխանատու և ինչ դեր ունի այստեղ Ռուսաստանը։ Հ․Գ․ Չի բացառվում, որ ռուսները դեռ Նիկոլից սպասելիքներ ունեն և շարունակելու են նրան օգտագործել»։